ՄՈՎՍԵՍ ՔԵՐԹՈՂ, Սյունեցի (ծ. և մ. թթ. անհտ), VII դարի 2-րդ կեսի քերական, մեկնիչ, աստվածաբան, թարգմանիչ, ծիսագետ և երաժիշտ-տեսաբան: Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Հայ հին մատենագրության մեջ նույնացվել է Մովսես Խորենացու հետ:

Մովսես Քերթողին աշակերտել է Ստեփանոս Սյունեցին, որը և հաջորդել է նրան Սյունյաց եպիսկոպոսական աթոռին: Մովսես Քերթողին են վերագրվում մի շարք թարգմանություններ, մեկնություններ և այլ գործեր: Պահպանվել է Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստի» նրա մեկնությունը, որն աչքի է ընկնում առհասարակ արվեստի և մասնավորապես` քերական. արվեստի ռացիոնալիստ. ըմբռնումներով: Արժեքավոր է Մովսես Քերթողի «Յաղագս կարգաց եկեղեցւոյ» գրվածքը (հրտ. «Անահիտ», 1930, դ 3, սեպտեմբեր, հոկտեմբեր), որտեղ հայ միջնադարյան երաժշտատեսական մտքի պատմության մեջ առաջին անգամ տրված է հայկական ութձայն համակարգի զուտ եկեղեցական շրջանակներում ձևավորված նորովի գեղագիտական մեկնությունը: Վերջինս, ի տարբերություն հեթանոսական աշխարհիկ երաժշտական մշակույթի վերապրուկներն արտացոլող այլ «ձայնից մեկնությունների», հատկանշվում է իր ժամանակի աստվածաբանական պատկերացումներով, որտեղ նկատելի է հայրախոսական, մասնավորաբար` արիոպագիտյան (Դիոնիսիոս Արիոպագացու և նրան վերագրված գործերի) գրականության ազդեցությունը: Հստակորեն զատորոշված 4 բուն, 4 կողմ և 2 ստեղի ձայնեղանակներն այստեղ բնորոշվում են նաև ըստ իրենց զգայական-բարոյաբանական բնույթի, նշված է ժամերգության մեջ կատարվող ընդհանրացած երգասացությունների պատկանելությունը այս կամ այն ձայնեղանակին: «Յաղագս կարգաց եկեղեցւոյ» գրվածքը, ըստ երևույթին, պաշտոներգության տարբեր (ծիսական, գեղագիտական, երաժշտատեսական և գործնական) հարցեր շոշափող մեկնողական բնույթի մեծածավալ երկասիրության պահպանված մի հատվածն է, որը մեծ ազդեցություն է թողել հայ գեղագիտ. մտքի հետագա զարգացման վրա:

Հայ եկեղեցին ս. Մովսես Քերթողի հիշատակը նշում է Խաչվերացի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` «սրբոց թարգմանչաց վարդապետաց» տոնի հետ, հոկտեմբեր ամսին:

                                                                        Արևշատյան Ա.


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե., 1954: 

Թահմիզյան Ն., Մովսես Սյունեցին և նրա «Յաղագս կարգաց» գրվածքը, ԼՀԳ, 1972, դ 11: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am