ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Պատմահայր, Քերթո ղահայր [մոտ 410, գ. Խորոնք (Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառ) – մոտ 490], պատմիչ, քերական, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան: Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Ա Պարթևին, ուսումնառությունը շարունակել Ալեքսանդրիայի դպրոցում (մոտ 430–440), հմտացել պատմագիտության, քերականագիտության, ճարտասանության, քերթողական արվեստի բնագավառներում: Մոտ 440-ին (իր ուսուցիչների մահից հետո) վերադարձել է հայրենիք, որտեղ ստիպված թաքնվել է տգետ եկեղեցականներից հտապնդվելու և հալածվելու պատճառով: Նորընտիր կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացու կողմից Մովսես  Խորենացին նշանակվել է Բագրեվանդի թեմակալ առաջնորդ, զբաղվել մանկավարժությամբ, թարգմանչությամբ և մատենագրությամբ: Երկասիրությունների գլուխգործոցը «Պատմութիւն Հայոց»-ն է՝ գրված իշխան Սահակ Բագրատունու պատվերով (մոտ 480-ին): Այն Հայոց պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է. բաղկացած է երեք գրքից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է պատմական մի որոշակի ժամանակաշրջանի:

Առաջին գրքում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն կանգ առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի և նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և այլք) գործունեության վրա: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդը վերարտադրում է IV դ. 2-րդ կեսի և V դ. սկզբի պատմ. դեպքերը, Հայաստանի առաջին բաժանումը (387), հայկական  պետականության կործանումը ևն: Երկը հին Հայաստանի պատմության եզակի և ստուգապատում սկզբնաղբյուր է, մանրամասն տեղեկություններ է հաղորդում Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի վերաբերյալ:

«Պատմութիւն Հայոց»-ի կուռ կառուցվածքը, հստակ ու ճշգրիտ ժամանակագրությունը («Առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ»), պատմության պարբերացման սկզբունքը, շեշտված հայրենասիրական ուղղվածությունը երկը դարձրել են անփոխարինելի ազգային արժեք, որը շուրջ 1400 տարի (մինչև XIX դ. կեսը) հայկ. դպրոցներում ծառայել է իբրև պատմության դասագիրք, իսկ հետագա բոլոր հայ պատմիչների համար եղել պատմությունը շարադրելու չափանիշ: Աշխատությունը հավաստի և արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի մերձավոր ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ: Այն դուրս է եկել ազգ. պատմության շրջանակներից և դարձել համաշխարհային պատմագիտական  մտքի նշանավոր կոթողներից, մարդկային քաղաքակրթության ակնառու ձեռքբերումներից: «Պատմութիւն Հայոց»-ի բնագիրը լույս է տեսել 19, աշխարհաբարի վերածված՝ 10 անգամ. թարգմանվել է ռուսերեն (4 անգամ), ֆրանսերեն (4), լատիներեն (2), իտալերեն (2), գերմաներեն, հունգարերեն, անգլերեն, վրացերեն, պարսկերեն, արաբերեն, հատվածաբար՝ 20 այլ լեզուներով: Մովսես Խորենացու անձի ու գործի վերաբերյալ ստեղծվել է բազմաբնույթ ու բազմալեզու վիթխարի գրականություն (ամենաշատը հայ մատենագիրներից), լույս տեսել շուրջ 3 հզ. ուսումնասիրություն:

Պատմությունում, ի շարս բազում հարցերի, Մովսես Խորենացին արժեքավոր հաղորդումներ է տվել (առանց արհամարհանքի ու հեգնանքի արտահայտության) հին հայկական հեթանոսական կրոնի, մշակույթի ու դիցարանի վերաբերյալ: Նրա երկի առաջին գիրքն ու երկրորդի մի մասը հիմնված են վիպական ավանդույթների վրա, որոնք բարեխղճորեն մշակելով՝ հեղինակը ցույց է տվել դրանց պատմական արժեքն ու հավաստիությունը:

Քննական մոտեցումով օգտագործել է բազմաթիվ և բազմաբնույթԱրշակ Ֆեթվաճյան - Մովսես Խորենացի: Հայաստանի ազգային պատկերասրահ: աղբյուրներ: Ժողովրդական բանավոր ավանդույթներից և այլալեզու գրավոր աղբյուրներից քաղելով՝ Մովսես Խորենացին ներկայացրել է Հայկի, Արամի, Արա Գեղեցիկի վիպաառասպելական զրույցները, Վահագնի, Տորքի, Արտավազդի առասպելները, Վիպասանք վիպաշարը ևն: Եզակի են տեղեկությունները հայկական հեթանոսական դիցարանի երեք տարբեր շերտերի՝ Հայկ, Արա, Տորք Անգեղ, Աստղիկ (առաջին), Արամազդ, Վահագն, Անահիտ, Տիր, Միհր (երկրորդ), հելլենականացված պանթեոն (երրորդ), հեթանոսական դիցարանների, բագինների, քրմերի, պաշտամունքային առանձնահատկությունների, մեհենական մշակույթի և հատկապես՝ գրականության վերաբերյալ: Առաջնային արժեք ու նշանակություն ունեն Հայաստանում քրիստոնեության տարածման և պետական կրոն հռչակվելու մասին Մովսես Խորենացու տեղեկությունները, որոնց հավաստիությունը հաստատվում է այլ աղբյուրների միջոցով: Նա լայնորեն անդրադարձել է Աբգարի և Հիսուս Քրիստոսի թղթակցությանը, առաքյալների հայաստանյան գործունեությանը, հայկական առաջին քրիստոնեական համայնքների իրողությանը և հարակից այլ հարցերի, ավելի մանրամասն նկարագրել հատկապես Գրիգոր Ա Լուսավորչի, Ներսես Ա Մեծի, Սահակ Ա Պարթևի գործունեությունը: Մովսես Խորենացին բարձր է գնահատել Տրդատ Գ Մեծին և նրան համարել քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու գլխավոր դերակատարը:

Եկեղեցի-պետություն հակամարտության և փոխհարաբերությունների մասին խոսելիս՝ նրա համակրանքը եկեղեցու ու հովվապետների կողմն է:

Մովսես Խորենացու դավանական աշխատությունները զգալիորեն նպաստել են հայ աստվածաբանական մտքի զարգացմանը: Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը Մովսես Խորենացուն հղված Վասպուր ականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխանն է՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ: Այստեղ հեղինակը մանրամասն անդրադարձել է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանել նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրել նրա պատկերի պատմությունը, ներբողել Աստվածամորը, որը «արդարության արեգակի պես ծագեց երկրում և նրանից մարմնով ծնվեց Հիսուս Քրիստոսը»: Աշխատությունը նպատակաուղղվել է նաև զորեղացնելու Հայ եկեղեցու գաղափարական դիրքը և ազգային  ոգին՝ ընդդեմ օտար ոտնձգությունների: Արժեքավոր է նաև Մովսես Խորենացու «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական կարճառոտ Մովսես Խորենացու արձանը Մատենադարանի առջև (քանդակագործ՝ Ե. Վարդանյան)երկասիրությունը (գրված է «Պատմութիւն Հայոց» -ի բնագրային հիմքի վրա), որտեղ վեր է հանվել Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ: Այս աշխատությունը սերտորեն աղերսվում է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարական ստեղծագործությանը, որը V դ. հայ եկեղեց. գրականության ամենանշանակալի երկերից է: Մովսես Խորենացու աստվածաբանական  ժառանգության մեջ ճանաչողական  մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը, որը բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»: Այստեղ հեղինակը քնարական մեծ վարպետությամբ փառաբանել է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները:

Պատմագրի անունով մեզ են հասել փիլիսոփայական-դավանական մի քանի երկասիրություններ՝«Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի»«Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ»«Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա»«Թուղթք» ևն, որոնց հեղինակային պատկանելությունը տակավին պարզված չէ: Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը: Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից մեկի՝ կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումը: Մովսես Խորենացին է թարգմանել նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը, որոնք քրիստոնեական աշխարհում ճանաչվել են որպես «ուղղափառությունն ուղենշող» երկեր: Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից է համարվում «Գիրք պիտոյից»-ը (1796, 1993, ռուսերեն թրգմ. 2000), որը ճարտասանական վարժությունների («նախակրթութիւնների») ժողովածու է: Ըստ ընդգրկված վարժությունների տեսակների՝ բաղկացած է 10 գլխից: Գրքի ողջ բնագիրը հագեցած է աստվածաշնչային վկայությունների մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով: Ս. Գրքի թեմաներով գրված նախակրթությունները պահանջել են աղբյուրի առավել խոր իմացություն, ստեղծագործական  մոտեցում, վարպետություն, երևակայություն: Մովսես Խորենացուն են վերագրվում նաև Դիոնիսիոս Թրակացու քերականության մեկնությունը՝ «Մովսիսի Քերթողահօր մեկնութիւն քերականի» խորագրով, քերականական բովանդակություն ունեցող մի քանի փոքր գրվածքներ, «Աշխարհացոյց»-ի (1881) բնագիրը ևն:

Մովսես Խորենացին նաև նշանավոր երաժիշտ-բանաստեղծ է և շարականագիր (վկայում են Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Տաթևացին և այլք): Նրա «Պատմութիւն Հայոց»-ում տրված են վիպասանների, գուսանների, նրանց գործածած նվագարանների և առհասարակ հին Հայաստանում կենցաղավարող երաժշտական սինկրետիկ տեսակների արժեքավոր նկարագրություններ և բնորոշումներ: Հեղինակը ներկայացրել է հեթանոս վիպերգերի կատարման կերպը «ի նուագս փանդռան և յերգս ցցոց և պարուց»:

Ըստ միջնադարյան ցուցակների՝ նրան են վերագրվում շուրջ 100 հոգևոր երգեր: Զգալի է Մովսես Խորենացու ավանդը հատկապես հիմներգության (շարականագրության) ասպարեզում: Նրա գրչին են պատկանում Ծննդյան, Աստվածահայտնության, Տյառնընդառաջի, Հարության և մյուս տոներին նվիրված բազում շարականներ, Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակին, Գրիգոր Լուսավորչին ձոնված մի շարք երգեր ևն: Առավելապես հայտնի են «Խորհուրդ մեծ և սքանչելի»«Ծագումն հրաշալի»«Ուրախացիր, սրբուհի» երգերը, որոնց բնորոշ են հանդիսավոր տոնական քնարական ջերմ զգացմունքների արտահայտությունը և վիպերգական շունչը:

Այստեղ շարականների երաժշտաոճական քննությունը ցույց է տալիս թե՛ իրենց նախնական նկարագիրը պահպանած ստեղծագործությունների և թե՛ ավելի ուշ ժամանակներում վերաեղանակավորված երգերի առկայությունը:

Մովսես Խորենացու անունով մեզ հասած երգասացություններում կան կցուրդներ, ավետիսներ. մեծարժեք են Աստվածամորն ուղղված «Մեծացուսցէ» կոչված ձոներգերը (թվով 57), որոնք իրենց գեղարվեստական արժանիքներով և մեղեդիական ինքնատիպությամբ հող են նախապատրաստել հետագա հայ եկեղեցական երաժշտության զարգացմ ան համար: Գանձարաններում Մովսես Խորենացու անունով վավերացվել են Գրիգոր Լուսավորչին և Տրդատ Գ Մեծին նվիրված մեկական խազագրված մեղեդիներ:

                                                                             Հովհաննիսյան Պ.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Մատենագրութիւնք, 2-րդ հրտ., Վնտ., 1865:

Պատմութիւն Հայոց (աշխատասիր. Մ. Աբեղյանի և Ս. Հարությունյանի, լրացումները Ա. Բ. Սարգսյանի), Ե., 1991: 

Նույնը (աշխարհաբար թրգմ., ներածութ. և ծնթգր. Ստ. Մալխասյանցի), Ե., 1997: 

Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա, Անթիլիաս, 1994: 

Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ և Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց, Անթիլիաս, 1995 (քննական բնագրերը Թ. Տասնապետյանի): Աստվածաբանական երկեր, Ե., 2001:

Հրանտ Արմեն, Պատմություն Խորենացիի քննադատության, Երուսաղեմ, 1954: 

Աբրահամյան Ա., Մովսես Խորենացի, Ե., 1959: 

Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1968:

Սարգսյան Գ., Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Ե., 1991:

Թահմիզյան Ն., Մովսես Խորենացին և հայ հին ու վաղ միջնադարյան երգարվեստը, «Էջմիածին», 1979, դ 5–6: 

Արեվշատյան Ա., Մովսես Խորենացու հիմներգական ժառանգությունը, «Բազմավեպ», 1992, դ 1–4: 

Հովհաննիսյան Պ., Մովսես Խորենացու մատենագիտությունը, Ե., 1991: 

Թոփչյան Ա., Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը, Ե., 2001:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am