ՄՈՎՍԵՍ Գ ՏԱԹԵՎԱՑԻ, Մովսես Գ Սյունեցի, Աճանանցի, Խոտանանցի [1578, գ. Խոտանան (Սյունիք) – 1632, Երևան, ամփոփվել է Կոզեռնի գերեզմանոցում], Ամենայն հայոց կաթողիկոս 1629-ից: Հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցուն: Կրթությունը ստացել է Տաթևի վանքում, 1592-ին ձեռնադրվել կուսակրոն աբեղա, մեկնել Ամիդ և մինչև 1606-ը աշակերտել Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի): 1610-ին մեկնել է Երուսաղեմ, դարձել Ս. Հարություն տաճարի լուսարար: 1613-ին վերադարձել է Տաթև, մտել Սյունյաց Մեծ անապատ, որն իր հորդորով 1611-ին հիմնել էին Սաղմոսավանքի Սարգիս վարդապետը և Կիրակոս Տրապիզոնցի քահանան: Նախքան կաթողիկոս դառնալը` հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը:

Մոտ 1620-ին եղել է Երևանում, քարոզել Ս. Կաթողիկե եկեղեցում, վերաշինել Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը, որը վերածվել էր ավերակի, կարգավորել է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացել Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները: 1623-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1626-ին եղել Սպահանում, որտեղ Պարսից շահ Աբբաս I-ը, 1627-ի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Ս. Ծննդյան տոնի` նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը` Ս. Էջմիածնի վանքի լուսարարի պաշտոն և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ: 1627-ի հունիսին վերանորոգել է վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները: 1628-ի սկզբից հիշատակվել է որպես «ընտրեալ կաթողիկոս», բայց պաշտոնապես օծվել է 1629-ի հունվարի 13-ին: Մովսես  Գ  Տաթևացին  նոր շահից ստացել է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակներ: Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուր.) հետ վերակենդանացրել է ավերված Արլ. Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնել ու բարվոքել եկեղեցիներն ու վանքերը:

Կաթողիկոսական գահին Մովսես  Գ  Տաթևացուն հաջորդել է Փիլիպոս Ա Աղբակեցին:

                                                              Տեր-Վարդանյան Գ.


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914: 

Ակինյան Ն., Մովսես Գ կաթողիկոս Տաթևացի..., Վնն., 1936: 

Ամատունի Կ., Մովսես Գ Տաթևացի կաթողիկոս Էջմիածնի, Վնտ., 1992:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am