Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մոկաց Ս. Գևորգ վանք

 ՄՈԿԱՑ Ս. ԳԵՎՈՐԳ  ՎԱՆՔ, Փութկու վանք, Սարի վանք, Վասպուրական նահանգի Մոկաց գավառում, Արտոս լեռնաշղթայի Եղերով լեռան արևելյան լանջին (ծովի մակերևույթից 2400 մ բարձրության վրա): Հիմնել են Վասպուրականի Արծրունյաց թագավորները՝ X–XI դդ.: XIV–XV դդ. վանքում գործել է դպրոց, որտեղ ուսանել են գրիչներ, ընդօրինակվել ձեռագրեր: XVI դ. սկզբին դպրոցը փակվել է, սակայն գրչատունը գոյատևել է մինչև XVII դ.: Հայտնի են գրիչներ Աստվածատուրը և նրա որդիներ Ստեփանոսն ու Հովհաննեսը: 1601-ին Ստեփանոս եպիսկոպոսի նախաձեռնությամբ վանքը նորոգվել է, թաղածածկ դահլիճի հորինվածքով Ս. Գևորգ եկեղեցուն արմ-ից կցվել է երկմույթ գավիթ:

1839-ին շրջակայքում բնակվող քրդերը ներխուժել են վանք, սպանել վանահորը: 1887-ին Աղթամարի կաթողիկոս Խաչատուր Բ Շիրոյանը նորոգել է վանքը, կառուցել եկեղեցուն հվ-ից կից մատուռ (որտեղ պահվում են ս. Գևորգի մասունքները), հյուրատուն:

XIX դ. վերջին Մոկաց Ս.Գևորգ վանքի ձեռագրերը տեղափոխվել են Աղթամարի վանք:


                                                                         Հասրաթյան Մ.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902:

 Լալայան Ե., Վասպուրական. նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 22, Թ., 1912: 

Ոսկյան Հ., Վասպուրական  Վանի վանքերը, հ. 3, Վնն., 1947: 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am