Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մլքե թագուհու ավետարան

 «ՄԼՔԵ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ», IX դարի հայկական ձեռագիր մատյան, հայտնի ամենավաղ պատկերազարդ հայերեն Ավետարանը: Պարունակում է 35x29,5 սմ-անոց 464 մագաղաթե թերթ: Գրված է մեսրոպյան ընտիր բոլորանկյուն երկաթագրով: 1832-ից ձեռագիրը պահվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում (N 1144/86): Ընդօրինակվել է 862-ին, Վասպուրականում, Արծրունյաց տոհմի պատվերով (բուն պատվիրատուի անունը ջնջված է): «Մլքե թագուհու  Ավետարան»  է կոչվում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու երկրորդ կնոջ՝ Մլքե թագուհու անունով: 922-ին Մլքե թագուհին այն նվիրաբերել է Վարագավանքի Ս. Աստվածածին եկեղեցուն, որտեղից, սկսած 1208-ից, բազմիցս առևանգվել է, փրկագնվել և կրկին վերադարձվել եկեղեցուն: Ավետարանի գեղարվեստական հարդարանքն ամբողջությամբ չի պահպանվել: Ներկայացված է վեց մանրանկար խորաններով (երեքը՝ Եվսեբիոսի թուղթը Կարպիանոսին, երեքը՝ կանոնների աղյուսակներ), Համբարձման տերունական պատկերով և չորս ավետարանիչների դիմանկարներով: Խորաններն առանձնանում են մոնումենտալ ճարտարապետական կառուցվածքով: Հաստաբուն զանգվածային սյուները, որոնց մշակումը հիշեցնում է մարմարե ճարտարապետական բնօրինակները, իրենց վրա են կրում կամարակապ խորանաճակատները: Վերջիններս պատկերազարդված են «նեղոսյան տեսարաններ» հիշեցնող ժանրային բնանկարներով (ձկներ, հավալուսններ, նավակներ, ձկնորսներ ևն): Անտիկ արվեստին բնորոշ այս ծովային մոտիվների արտացոլումն առկա է հելլենիստական Հայաստանում հայտնի Գառնիի բաղնիքի հատակի խճանկարում: Անտիկ արվեստի ազդեցությունը նկատելի է նաև ավետարանիչների պատկերներում, որոնցից երկուսը՝ Մատթեոսը և Ղուկասը, ներկայացված են կանգնած, իսկ Մարկոս և Հովհաննես ավետարանիչները՝ նստած: Դիմանկարների պատկերագրական և ոճական առանձնահատկությունները բնորոշ են միջնադարյան արվեստի գեղարվեստական սկզբունքների կազմավորման շրջանին՝ ներդաշնակելով անտիկ ավանդույթներն արևելաքրիստոնեական արվեստի սկզբունքներին: Այդ կերպ է բնորոշվում նաև «Համբարձման» պատկերը: Վերջինս ներկայացնում է դեռևս չհաստատված պատկերագրական տիպ, որում տեղ են գտել հորինվածքային մի շարք անսովոր մանրամասներ, ինչպես, օր., Քրիստոսի երկու կողմերում պատկերված նիզակակիր հրեշտակապետները, Պողոսի և Պետրոսի խոնարհված դիրքը կամ հրեշտակների բացակայությունը Տիրամոր շուրջը:

Գեղարվեստական և պատկերագրական առումով «Մլքե թագուհու  Ավետարան»-ը հայկական գրքարվեստի կազմավորման ամենավաղ և կարևորագույն շրջանից հայտնի սակավաթիվ և շքեղ օրինակներից է:

                                                                        Քոթանջյան Ն.  


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ճանաշյան Մ., Հայկական մանրանկարչություն, հ. 1, Վնտ., 1966: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am