Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մխիթարյան միաբանություն

 ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Մխիթարյաններ, հայ կաթոլիկական վանական և մշակութային հաստատություն: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701-ի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն ծավալելու նպատակով: Միաբանությունը դրվել է Տիրամոր մասնավոր պաշտպանության ներքո՝ «Որդեգիր Կուսին, Վարդապետ Ապաշխարության» նշանաբանով, որի սկզբնատառերն այսօր էլ  գրված են Մխիթարյան միաբանության զինանշանի վրա: 1706-ին միաբանությունը տեղափոխվել է վենետիկապատկան Մորեա թերակղզու (Հունաստան) հվ- արմ-ում Մխիթար Սեբաստացիգտնվող Մեթոն բերդավան, 1717-ից հաստատվել Վենետիկի մոտ գտնվող Ս. Ղազար կղզում: 1712-ին Վատիկանը Մխիթար Սեբաստացուն ճանաչել է միաբանության առաջնորդ, նրան շնորհել աբբահոր կոչում: XIX դ. սկզբին, երբ Ֆրանսիան վերացրել էր իր տիրապետության ներքո գտնվող բոլոր կրոնական միաբանությունները, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտը 1810-ի օգոստոսի 17-ի հրովարտակով Ս. Ղազարի հայկական միաբանությունը ճանաչել է գիտական  հաստատություն՝ «Հայկական ակադեմիա» պատվավոր տիտղոսով, և պահպանել այն:

Իր ստեղծման օրվանից Մխիթարյան միաբանությունը ծավալել է հայագիտական-բանասիրական և մշակութային բուռն գործունեություն: XVIII դ. 1-ին կեսին Մխիթարյան միաբանության հայագիտական գործունեության նշանակալից երևույթը Մխիթար Սեբաստացու  «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1, 2, 1749, 1769) բացատրական բառարանի հրատարակումն էր: Վենետիկի Մխիթարյանների տպարանը հիմնվել է 1789-ին: Առաջին տպարանապետն է եղել Հովհ. Զոհրապը: Մխիթարյանների հրատարակչական գործունեությունը սերտորեն առնչվել է իրենց տպարանի աշխատանքի հետ: Առաջին տարում տպարանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու երկերը՝ «Գիրք աղօթից» («Մատեան ողբերգութեան») և «Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնի», ապա՝ Մխիթար Գոշի առակները («Առակք և ոտանաւորք խրատականք», 1790), Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ը (1793), Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյից»-ը (1796) ևն: Տպագրվել են նաև միաբանների գործերից: 1800-ին այդտեղ տպագրվել է Մխիթարյանների առաջին (հայոց երկրորդ) պարբերականը՝ «Տարեգրութիւն»-ը: Վենետիկի Մխիթարյանների կարևորագույն հրատարակություններից է Աստվածաշնչի երկրորդ (1805, առաջինը՝ 1733) հրատարակությունը՝ Հովհ. Զոհրապի աշխատասիրությամբ: XVIII դ. 2-րդ կեսից Մխիթարյան միաբանությունը վերելք է ապրել հայ մշակութային և գիտական առաջնակարգ գործիչներ Ս. Ագոնցի (1740–1824), Մ. Չամչյանի, Գ. Ավետիքյանի, Մ. Ավգերյանի, Հ. Ավգերյանի (1774–1854), Ղ. Ինճիճյանի (1758–1833), Մ. Ջախջախյանի (1770–1835), Ե. Թովմաճանի (1777–1848), Ա. Բագրատունու (1790–1866), Է. Հյուրմյուզյանի (1799–1876), Ղ. Ալիշանի, Գ. Զարբհանալյանի (1827–1901) և այլոց գործունեության շնորհիվ: Սկսվել է «Մատենագիրք նախնեաց» և նույնի համառոտ հանրամատչելի բնույթ կրող «Ընտիր մատենագիրք», ինչպես նաև «Սոփերք հայկականք» շարքերի հրատարակությունը: Բնագրագիտական ճշգրտումներով, առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակվել են Գրիգոր Նարեկացու  «Մատենագրութիւնք» (1827), Բարսեղ Կեսարացու «Ճառք...» (1830), Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» (1832), Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն»  (1832), Դավիթ Անհաղթի «Մատենագրութիւնք» (1833), Եղիշեի «Մատենագրութիւնք»  (1838), Մովսես Խորենացու «Մատենագրութիւնք» (1843, 2-րդ հրտ. 1865) և համաշխարհային ու հայ դասականների այլ գործեր: Մխիթարյանները հանդես են եկել նաև ինքնուրույն հայագիտական, պատմաբանասիրական, աշխարհագրական, բառարանագիտական, աստվածաբանական և այլ բնույթի աշխատություններով:

XIX դ. բեղմնավոր էր նաև Մխիթարյան միաբանության գրական-գեղարվեստականՄխիթարյան միաբանություն գործունեությունը, որի հիմքը դրել էր Մխիթար Սեբաստացին իր «Տաղարան» (1727) բանաստեղծությունների ժողովածուով, որը կլասիցիզմի առաջին ամբողջական դրսեվորումն է հայ գեղարվեստական գրականության մեջ: Հայ կլասիցիզմը հետագա զարգացում է ստացել Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի, Է. Հյուրմյուզյանի, Գ. Ավետիքյանի ստեղծագործությունն երում և թարգմանություններում («Տաղք մխիթարեան վարդապետաց», հ. 1–3, 1852–54), իսկ Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ով (1858) հասել է իր գագաթնակետին:

XIX դ. 2-րդ կեսից կլասիցիզմին փոխարինել է ռոմանտիզմը, որի հիմնադիրը Ղ. Ալիշանն է: Մխիթար Սեբաստացու ջանքերով, նրա անձնական գրադարանի հիմքի վրա Ս. Ղազար կղզում հիմնադրվել է Վենետիկի մատենադարանը, որը սկզբ. շրջանում համալրվել է նվիրատվություններով, հետագայում՝ նաև գնումներով: XIX դ. կեսին կառուցվել է գրադարանի նոր շենք՝ երկու մասնագիտացված գրապահոցով, որտեղ հավաքվել են ձեռագիր մատյաններ, պարբերականներ ու տպագիր հրատարակություններ՝ հայերեն և այլ լեզուներով: Ներկայիս տպագիր ֆոնդը շուրջ 100 հզ. միավոր է (հազվագյուտ հրատարակություններ հայերեն և այլ լեզուներով), ձեռագիր ֆոնդը՝ 4 հզ.: 1772-ին, Ս. Մելգոնյանի (1717–99) աբբահայրության ժամանակ, երբ Մխիթարյան միաբանությունյան անդամների միջև անհամաձայնություն և վեճ է ծագել կանոնադրության փոփոխության կապակցությամբ, միաբանների մի խումբ՝ Ա. Բաբիկյանի (1738–1825) գլխավորությամբ, թողնելով Վենետիկը, 1773-ին հաստատվել է Տրիեստում (Ավստրիա), 1810-ից՝ Վիեննայում: 1811-ի հունիսի 8-ին ավստրիական կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց գոյությունը:

Մխիթարյան միաբանությունյան Վիեննայի ճյուղավորումը կարճ ժամանակում կրկնապատկել է իր անդամների թիվը: 1874-ին միաբանության տարածքում կառուցվել է եկեղեցի: Ժամանակի ընթացքում միաբանությունում ստեղծվել է մատենադարան, որտեղ պահվում են շուրջ 2600 հայերեն ձեռագրեր, ավելի քան 120 հզ. գիրք՝ հայերեն և օտար լեզուներով, հայ պարբական մամուլի հարուստ հավաքածու: Միաբանությունն ունի նաև թանգարան, որի բազմաթիվ ցուցանմուշներից հատկապես հայտնի են հայկական դրամների, եկեղեցական զգեստների և սպասքի հավաքածուները: 1811–12-ին Վիեննայի Մխիթարյան միաբանությունը հիմնել է տպարան (գրքեր է տպագրել 50 լեզուներով) և ծավալել գրահրատարակչական լայն գործունեություն: Վիեննայի Մխիթարյան միաբանությունն իր ծաղկուն շրջանն է ապրել XIX դ. 2-րդ կեսից՝ նշանավոր գիտնական հայագետներ Վ. Չալըխյանի (1803–34), Մ. Գարագաշյանի (1818–1908), Հ. Գաթըրճյանի, Ղ. Հովնանյանի (1817–97), Կ. Սիպիլյանի (1824–78), Ա. Այտընյանի (1825–1902) և այլոց գործունեության շնորհիվ, որոնք զարգացրել են հայ քննական լեզվաբանությունը, պատմագրությունը, դրամագիտությունը, ձեռագրագիտությունը ևն: Հիմնադրման սկզբից Վիեննայի Մխիթարյանների գործունեության մեջ գերակշռել են հայագիտ-բանասիրական, լեզվաբանական-թարգմանական աշխատությունները, հրատարակվել են կրոնաաստվածաբանական բնույթի գործեր՝ «Խորհրդատետր սրբոյ պատարագին...» («Պատարագամատույց», 1803 ևն): Հիշատակության արժանի են Պ. Հովնանյանի «Մարդկային լեզուին սկզբան» (1857), Հ. Գաթըրճյանի «Տիեզերական պատմութիւն ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցմեր ժամանակս» (հ. 1, 2, 1849, 1852), Ա. Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1866), Ս. Տերվիշյանի «Հնդեւրոպական նախալեզու» (1885) և այլ աշխատությունները: Ստեղծվել են գեղարվեստական երկեր, կատարվել թարգմանություններ: XIX դ. վերջից – XX դ. սկզբից Մխիթարյան միաբանության երկու ճյուղավորումները սերտորեն համագործակցում են միմյանց հետ և իրենց կարևոր նպաստը բերում հայ գիտությանն ու մշակույթին:

XIX դ. վերջից իրենց գիտական, գրական, մշակութային  գործունեությամբ հայտնի են Գ. Գալեմքյարյանը (1862–1917), Բ. Սարգիսյանը (1852–1921), Հ. Տաշյանը, Ա. Ղազիկյանը (1870–1932), Ս. Էփրիկյանը (1873–1952), Վ. Հացունին (1870–1944), Սբ. Ղազար կղզիԲ. Չրաքյանը (1877– 1970), Հ. Աստուրյանը (1880–1950), Մ. Պոտուրյանը (1881–1959), Ն. Ակինյանը, Վ. Հովհաննիսյանը (1894–1977), Հ. Ոսկյանը (1895–1968), Վ. Ինգլիզյանը (1897–1968), Մ. Ճանաշյանը (1908–74), Պ. Անանյանը (1920–98), Ս. Ճեմճեմյանը (1939–96), Օ. Սեքուլյանը (ծ.1921), Լ. Զեքիյանը (ծ. 1943) և ուրիշներ:

Մխիթարյանները գործուն մասնակցություն են ունենում հայագիտական միջազգային  գիտաժողովներին, սերտորեն համագործակցում Հայաստանի գիտնականների հետ: 1993-ից ՀՀ-ում գործում է «Հայաստանի Մխիթարյան կենտրոնը», որի նպատակն է օժանդակել Հայաստանի և սփյուռքի ազգային –մշակութային  և կրթական կյանքին, ավելի սերտացնել հայրենիքի և սփյուռքի գիտնականների համագործակցությունը Ս. Ղազարի ակադեմիայի հետ: Կենտրոնը (2000-ից ղեկավարն է Սերոբ վրդ. Չամուրլյանը) կազմակերպում է դասախոսու թյուններ, հրատարակում գրքեր: Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդն է Մխիթարյան հայր Ներսես արք. Տեր-Ներսիսյանը (նստավայրը՝ Գյումրիում):

Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի և Վիեննայի պատմական զույգ ճյուղավորումներով, երկարատև բանակցություններից և քննարկումներից հետո Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքում 2000-ի հուլիսի 10–21-ը կազմակերպել է միացյալ ընդհանուր արտակարգ ժողով, որին մասնակից երկու հաստատությունների բոլոր միաբանները որոշել են միավորվել՝ ստեղծելով Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտր. վարչությունով: Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքը Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին է, Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը, որը պետք է ունենա տեղական աբբահայր տիտղոսը կրող մի վանահայր: Զույգ միաբանությունների բոլոր առաքելավայրերն ու կենտրոնները կառավարվելու են նորընտիր ընդհանրական աբբահոր և իր Միացյալ վարչական խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հուլիսի 9-ի նիստում Եղիա ծ. վրդ. Քիլաղպյանն ընտրվել է Մխիթարյան միացյալ միաբանության 15-րդ Ընդհանուր աբբահայր:

Մխիթարյան միաբանության գործունեության կարևոր ասպարեզներից է ուսումնակրթական առաքելությունը:

1732-ին Ս. Ղազարի վանքին կից հիմնվել է ճեմարան (ակադեմիա), որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտական կենտրոն: Այստեղ հայոց լեզվին ու մշակույթին են ծանոթացել Եվրոպայի բազմաթիվ անվանի մտավորականներ՝ Բայրոնը, Բրեյնդը, Ստենդալը, Պետերմանը, Վ. Սկոտը և ուր.: Միաբանությունը 1834-ին վարժարան է հիմնել Պադուայում (Մուրատյան), 1836-ին՝ Վենետիկում (Ռափայելյան), որոնք 1870-ին միավորվել են և կոչվել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարան: Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ գործել է նաև Փարիզի Սամուել Մուրատ վարժարանը (1846–1988): Վիեննայի Մխիթարյանների դպրոցներից հնագույնը հիմնվել է 1774-ին, Տրիեստում: Վիեննայում գործում է Աստվածաբանական կղերանոց (ուսումնարան), որտեղ տարբեր երկրներից եկած ապագա Մխիթարյան վարդապետներ ուսումնասիրում են աստվածաբանություն, հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն, փիլիսոփայություն, հայ բանասիրություն և այլ առարկաներ:

XIX դ. Մխիթարյան միաբանությունը Կ. Պոլսում ունեցել է 6 նախակրթարան: Կ. Պոլսի ֆրանցիսկյան վանքին կից Վիեննայի Մխիթարյանները 1830-ին հիմնել են դպրոց, որը 1857-ից տեղափոխվել է Բանկալթիի թաղամասը (հայտնի է Մխիթարյան լիցեյ անունով): Դպրոցներ են հիմնվել Հունգարիայի հայ գաղթավայրերում՝ Եղիսաբեթուպոլսում (1746, ծրագիրն ու կանոնադրությունը 1790-ին կազմել է Մ. Չամչյանը), Վարատինում (1749), Սիբվիզում (1797), ինչպես նաև՝ Տրապիզոնում (1817), Ղարասուբազարում (1821), Ախալցխայում (1831), Սիմֆերոպոլում (1850), Քավթառլու գյուղում (1880, այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Փանիկ գ.), Պարտիզակում (1883), Սավորայում (1885), Նիկոմեդիայում (1887), Մուշում (1892), Մերդինում (1911), Խարբերդում (1912) և հայաբնակ այլ վայրերում: Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Վիեննայի Մխիթարյաններն ունեցել են 26 դպրոց: 1918-ին Կ. Պոլսի Շիշլի թաղամասում հիմնվել է որբանոց-դպրոց, որը 1921-ին տեղափոխվել է Գատը գյուղ, 1922-ին՝ Իտալիայի Ֆիեսո գյուղ, ապա՝ Միլան: 1936-ին նոր դպրոցներ են հիմնվել Ալեքսանդրիայում, Հալեպում (վերջինս՝ լիցեյի ծրագրով): Բեյրութի Հազմիե արվարձանում Մխիթարյաններն ունեն երկրորդական մի վարժարան, 1972-ին բացվել է միաբանության Ռաուդայի (Լիբանանում) դպրեվանքը, 1956-ին՝ Բուենոս Այրեսի (վենետիկյան), 1979-ին՝ Լոս Անջելեսի (վիեննական) Մխիթարյան դպրոցները:

Մխիթարյան միաբանությունը հայ գիտամշակութային  կյանքում կարևոր ներդրումն է ունեցել իր պարբերական մամուլով: 1843-ից անընդմեջ Վենետիկի Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը ներկայումս հրատարակվող հայ ամենահին պարբերականն է: Վիեննայի Մխիթարյանները 1847–63-ին հրատարակել են «Եվրոպա» շաբաթաթերթը, 1887-ից՝ «Հանդես ամսօրյա»  ամսագիրը: Մխիթարյանների հրատարակած պարբերականներից առավել հայտնի են նաև՝ «Եղանակ բյուզանդյան»  (1803–20), «Դիտակ բյուզանդյան» (1812–16), «Հայ ընտանիք» (1969-ից, դպրոցական պատկերազարդ ամսագիր, 1947–60-ին՝ «Մխիթարյան ընտանիք», 1960–62-ին՝ «Ընտանիք», 1963-ից՝ կրկին «Մխիթարյան ընտանիք») հանդեսները ևն:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am