ՄԻԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ, VII դարում Բյուզանդիայում ձևավորված քրիստոնեական դավանաբանական ուսմունք՝ Քրիստոսի երկու բնության առկայության հետ մեկ կամք և մեկ ներգործություն ունենալու մասին: Քաղկեդոնի ժողովից (451) հետո, երբ Ընդհանրական եկեղեցին պառակտվել է, և Արևելքի պատրիարքություններից երեքը (Ալեքսանդրիայի, Անտիոքի և Երուսաղեմի), ինչպես նաև Հայ եկեղեցին չեն ընդունել ժողովի դավանական որոշումները, քրիստոնյա Արևելքում Կ. Պոլսի աթոռը մնացել է առանձնացած: Դա դժվարություններ է հարուցել նաև Բյուզ. կայսրությանը՝ Արևելքի ուղղափառ քրիստոնյաների վրա իր ազդեցությունն ուժեղացնելու համար: VII դ. սկզբին պատերազմում հաղթելով Պարսկաստանին՝ բյուզանդացի  Հերակլ կայսրը (610–641) վերըստին կայսրությանն է միացրել իր նախկին արլ. նահանգները՝ Սիրիան, Պաղեստինը ևն, որտեղ մեծ տարածում ուներ արևելյան (ոչ քաղկեդոնիկ) ուղղափառությունը: Քաղաքական նկատառումներով կայսրը սիրաշահել է հակաքաղկեդոնականներին, որպեսզի Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, Հայաստանը ավելի սերտորեն կապվեն Բյուզանդիայի հետ: Այսպես, Կ. Պոլսի պատրիարք է ընտրվել ծագումով ասորի հակաքաղկեդոնական Սերգիոսը (610–638): 629-ին Հերակլ կայսրը ասորի հակաքաղկեդոնական պատրիարք Աթանասին նշանակել է Անտիոքի պատրիարք, իսկ 630-ին Ալեքսանդրիայի պատրիարք է նշանակվել մոլեռանդ հակաքաղկեդոնական Կյուրոսը: Դավանական պառակտումը վերացնելու համար Կ. Պոլսի քաղաքական և կրոնական իշխանությունները մտահղացել են միակամության ուսմունքը, որն իրենց կարծիքով ընդունելի կլիներ թե՛ քաղկեդոնականների, թե՛ հակաքաղկեդոնականների համար: Նախապես կյանքի է կոչվել Քրիստոսի մեկ ներգործություն ունենալու մասին դավանանքը, ըստ որի՝ Քրիստոսն ունի երկու բնություն՝ աստվածային և մարդկային (զիջում քաղկեդոնականներին), բայց քանի որ երկու բնությունները միացած են մեկ անձի մեջ, ապա Քրիստոսն ունի մեկ ներգործություն (զիջում հակաքաղկեդոնականներին): Սկզբում դավանական այդ նոր բանաձևին համաձայնել է նաև Հռոմի Հոնորիոս I պապը (625–638): Սակայն քաղկեդոնականների (աստվածաբան Մաքսիմոս Խոստովանողի, Երուսաղեմի Սոփրանոս պատրիարքի և այլոց) անզիջում դիրքը և Հռոմի պապի այդ մտքից հրաժարվելը ստիպել են Սերգիոս պատրիարքին ձևափոխել հավատո նոր խոստովանությունը: Առաջ է քաշվել մեկ ներգործություն և մեկ կամք բանաձևը, համաձայն որի՝ Քրիստոսն ունի երկու բնություն, բայց քանի որ այդ երկուսը միացած են մեկ անձի մեջ, նա ունի միայն մեկ ներգործություն և մեկ կամք՝ աստվածայինը: Հերակլ կայսրը ստորագրել է նոր օրենքը, որը Միակամության էության բացատրականով փակցվել է (638) Ս. Սոֆիայի մուտքի պատին: Սերգիոսի հաջորդ Պյուռոս պատրիարքը (638– 641, 654) նույնպես պաշտպանել է նոր դավանանքը:

Սակայն Հերակլ կայսրի մահից հետո միակամությունը պաշտպանություն չի գտել ո՛չ Բյուզանդիայում, ո՛չ Հռոմում, և միակամականները չեզոքացվել են: Քաղկեդոնականները միակամությունը դիտել են որպես միաբնակության մի նոր արտահայտություն, բացի այդ, նոր դավանանքը չի կատարել պառակտված եկեղեցին միավորողի իր դերը: 680-ի Կ. Պոլսի ժողովը (անվանված Զ տիեզերական ժողով) դատապարտել է միակամություն, նզովել այն կյանքի կոչողներին կամ պաշտպանողներին: Ընդունվել է Քրիստոսի երկու բնություն, երկու ներգործություն և երկու կամք (աստվածային և մարդկային) ունենալու բանաձևը: Երկու կամքերը չեն մաքառում իրար դեմ, մարդկային ներգործություն-կամքը ստորադաս է աստվածային ներգործությունկ ամքին: Բյուզնադական Կոստանդին IV կայսրը (668–685), որը պայքարել է միակամականների դեմ, փառաբանվել է որպես հերձվածողներին պատուհասող և «ուղղափառության փարոս»: 680-ի Կ. Պոլսի ժողովի որոշումները միակամության վերաբերյալ լրացվել են Տրուլոսի ժողովի (691/692) սահմանումներով: Բյուզանդական հայազգի կայսր Փիլիպիկոս-Վարդանը (711–713) փորձել է վերակենդանացնել միակամություն, բայց Անաստաս II կայսրը (713–715) վերջ է տվել միակամական վեճերին և հաստատել 680-ի Կ. Պոլսի ժողովի որոշումները:

Սասանյանների դեմ Հերակլի հաղթանակները և Հայաստանի մի շարք նահանգների ընդգրկումը կայսրության կազմում ստիպել են կայսրին ձեռնարկել նաև Հայ եկեղեցու հետ միության գործը՝ Հայաստանն ավելի սերտորեն Բյուզանդիային կապելու և Պարսկաստանից կտրելու համար: Քաղկեդոնի ժողովի հետևանքով Հայ և բյուզանդական եկեղեցիների միջև առաջացած վիհը կամրջելու և հայերին սիրաշահելու նպատակով Հերակլ կայսրը ձեռնարկել է միակամությունը Հայաստանում ևս տարածելու քաղաքականությունը: Այդ նպատակով 633-ին նա Եզր Ա Փառաժնակերտցուն և բազում եպիսկոպոսների ու վարդապետների հրավիրել է Կարին (տես Կարինի ժողով 633): Չներկայանալու դեպքում՝ Հերակլը սպառնացել է Մորիկ կայսրի օրինակով մի հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել (տես Ավանի կաթողիկոսություն) և վերացնել Հայոց կաթողիկոսի առանց այն էլ սահմանափակ իրավասությունները Հայաստանի բյուզանդական մասում: Հայ պատվիրակները Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսի գլխավորությամբ, ժամանակի քաղաքական իրադրությունից և հանգամանքներից պարտադրված, ստորագրել են Հերակլի և Սերգիոս պատրիարքի ներկայացրած դավան. թղթերը: Բայց միակամությունը Հայաստանում չի արմատավորվել և համարվել է քաղկեդոնականություն: Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսի դեմ ժամանակի հայ աստվածաբաններից միայն Հովհան Մայրավանեցին է բացահայտ հանդես եկել, իսկ կաթողիկոսն ավելի ուշ համարվել է քաղկեդոնիկ:

Իրականում Եզր Ա Փառաժնակերտցին բյուզանդացիների հետ համաձայնության է եկել ոչ թե քաղկեդոնականության, այլ միակամության հարցի շուրջ, ինչը լուրջ հետևանքներ չի ունեցել Հայ եկեղեցու համար:

                                                                           Բարթիկյան Հ.  


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: 

Սեբեոս, Պատմութիւն, աշխատասիր. Գ. Աբգարյանի, Ե., 1979:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am