ՄԵԾՈՓԱՎԱՆՔ, Ս. Աստվածածնի վանք, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Ականց (Արճեշ) գյուղաքաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք: Անվանումն ստացել է վանքից վերև գտնվող Մեծոփ (մեծ փոս) լճակի անունից: Ըստ արձանագրությունների՝ Մեծոփավանքը կառուցվել է 1120-ին: 1201-ին Աստվածատուր Արճիշեցին կառուցել է վանքի Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցուց արլ. գտնված երկու մատուռներից մեկը կոչվել է Ս. Հակոբ: Մեծոփավանքը եղել է գավառի առաջնորդանիստ: XII դ. վերջից վանքում գործել է դպրոց: XIII դ. սկզբին այն ղեկավարել է «յոյժ իմաստուն և գիտնական» Թովման, իսկ դարավերջին (մինչև 1337-ը)՝ Գլաձորի համալսարանի սան Մխիթար Սասնեցին: Նրան գործակցել է դասակից Հովհաննես Ոսպնակեր Արճիշեցին: Մեծոփավանքն  իր ծաղկմանն է հասել XIV դ.: Այստեղ ապրել և գործել են բարձրակիրթ կրոնավորների մի քանի սերունդներ: Մխիթար Սասնեցու օրոք Մեծոփավանքի դպրոցը, Գլաձորի համալսարանի ղեկավարությամբ, պայքարել է միարարների (տես Ունիթորությունդեմ: XIV դ. վերջին դպրոցի վարդապետը եղել է Տաթևի համալսարանի սան, Հովհան Որոտնեցու աշակերտ Հովհաննես Մեծոփեցին, որը վերակառուցել է Մեծոփավանքը և օժանդակ շինություններ կառուցել: 1408-ին Գրիգոր Տաթևացին Մեծոփավանքում հիմնադրել է բարձր տիպի դպրոց (160 աշակերտով և 8 վարդապետով), որտեղ ավելի ուշ րաբունապետ են եղել Գրիգոր Խլաթեցին ու Թովմա Մեծոփեցին: Մեծոփավանքի դպրոցը փաստորեն Խառաբաստավանքի և Տաթևի վանքի բարձր տիպի դպրոցների շարունակությունն էր: Մեծոփավանքում գրվել ու ընդօրինակվել են մի շարք մատյաններ (Քարոզգիրք, Ճաշոց, Ավետարան, Հայսմավուրք, Շարակնոց, Ժամագիրք, «Գիրք հարցմանց»«Դավթի լուծմունք ճառից Աստուածաբանի»«Կարմիր Ավետարան» ևն): Մեծոփավանքը ունեցել է հարուստ մատենադարան. դպրոցում ծաղկել է հատկապես գրչության և մանրանկարչության արվեստը: Սաներից հայտնի են 22 գրիչներ՝ Հովհաննես Մանկասարենցը, Հունանը, Հակոբը, Հովհաննես Բաղիշեցին, Պետրոսը, Թովման, Ղազարը, Մկրտիչը, Զաքարիան, Հակոբ Բերկրեցին, Կարապետ Վանեցին, Ստեփանոսը, Հայրապետը, Ներսեսը, Հովհաննես Արծկեցին, Կիրակոս Բանասերը և ուր., որոնցից մեզ է հասել շուրջ 200 ձեռագիր: Մանրանկարիչներից հայտնի է Մեծոփավանքի դպրոցի սան Մինաս ծաղկողը, որին աշակերտել են նշանավոր ծաղկողներ Կարապետ Բերկրեցին, Կարապետ Աղթամարցին: Հայտնի է նաև Հայրապետ կազմողը: Մեծոփավանքում խմբագրվել, սրբագրվել, մեկնվել են բազում երկեր, շարադրվել պատմություններ, տոմարագիտության, գրչության արվեստի, երաժշտության վերաբերյալ երկեր, նկարազարդվել, կազմվել, նորոգվել են բազմաթիվ գրքեր: Անապահով է եղել Մեծոփավանքի դպրոցը. մի քանի անգամ տեղափոխվել է մե'րթ Բաղեշ, մե'րթ Մշո Ս. Առաքելոց վանք: XVI դ. Մեծոփավանքն այրվել է: XVII դ. հիշվում է միայն Մեծոփավանքի մատենադարանը, որը կողոպտվել է 1895-ին: Պահպանված 100 ձեռագրերը 1915-ին անցել են քրդերի ձեռքը:

                                                                           Մաթևոսյան Ա.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am