ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ձեռագրատուն, ձեռագիր մատյանների՝ գրչագրերի, գրքերի դարան, պահոց: Միջնադարյան Հայաստանում կոչվել է նաև գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, դիվան, ջամբռ: Հայկական առաջին մատենադարանի մասին տեղեկություններ են հասել V դարից: Ըստ Ղազար Փարպեցու, Էջմիածնի կաթողիկոսությունն ունեցել է մի գրատուն, որտեղ պահվել են հայկական և հունական մատյաններ: Միջնադարում մատենադարաններ են եղել Էջմիածնում, Հաղպատում, Սանահինում, Սաղմոսավանքում, Տաթևում, Գլաձորում, Գեղարդավանքում, Բաղեշում, Ամարասում, Գետիկում, Սսում, Հռոմկլայում, Դրազարկում, Սկևռայում, Բարձրբերդում, Ակներում և այլուր: Հայաստանում բազմիցս ավերվել ու կողոպտվել են վանքերին ու մենաստաններին կից մատենադարանները, ձեռագրատներն ու գրչության կենտրոնները, ոչնչացվել գիտական,  մշակութային և գեղարվեստական՝ համաշխարհային արժեք ներկայացնող գանձեր: Ձեռագրերն իրենց վրա կրում են արյան, ավերածությունների, նվաճումների ու գերության հետքեր: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, 1170-ին Բաղաբերդ ամրոցում սելջուկ թուրքերն ավարի են մատնել շուրջ 10 հզ. հայկական ձեռագրեր: Կիրակոս Գանձակեցին արձանագրել է, որ օտար նվաճողները, 1242-ին գրավելով Կարին քաղաքը, տեղի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ: Ըստ նորահայտ արաբական մի մատյանի, 1298-ին եգիպտ. հրոսակները, Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սսի գանձատունը կողոպտելիս, տարել են նաև բազում գրչագրեր: Առաքել Դավրիժեցին արձանագրել է Էջմիածնի մատենադարանի կողոպուտը XVII դ.: Վերջին անգամ Էջմիածնի մատենադարան ավերվել է 1804-ին, ինչի վկայությունն է Ներսես Աշտարակեցու (Ներսես Ե Աշտարակեցի) կոմս Ն. Պ. Ռումյանցևին ուղղած նամակը. «... ապաբախտ եմք..., զի յաւուրս մեր բազմահարուստ գրատուն Արարատեան Աթոռոյ Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի... կողոպտեալ ի յաւար մատնեցաւ...» (Սեդրակյան Ա., «Յովհաննէս եպս. Շահխաթուն եանցի կենսագրութիւնը»,  1898, էջ 121–123):

Մեծ ու փոքր մատենադարաններ կային Արմ. Հայաստանի շատ վանքերում, որոնք հիմնահատակ կործանվել ու ոչնչացվել են Մեծ եղեռնի ժամանակ: Ներկայումս աշխարհի տարբեր մատենադարաններում, գրադարաններում ու թանգարաններում պահվող հայերեն ձեռագրերի թիվը շուրջ 30 հզ. միավոր է, որոնք հիմնականում ունեն կրոնական, աստվածաբանական, փիլիսոփայական , պատմական, գրական, գեղարվեստական, բնագիտական, տիեզերագիտական, բժշկագիտական, աստղագիտական և այլ բնույթ: Խոշորագույն հավաքածուն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. մատենադարանինն է. ձեռագրերի ընդհանուր թիվը առ 2000-ի հունվարի 1-ը 17014 միավոր է, որից հայերեն ամբողջական  ձեռագրեր՝ 11085, հայերեն պատառիկներ՝ 2105, հայերեն հմայիլներ՝ 462, նորագույն հայերեն ձեռագրեր՝ 327, օտարալեզու ձեռագրեր՝ 2879 և անտիպ ձեռագրացուցակներ՝ 176: Նոր ժամանակներում Երևանի մատենադարանի ձեռագրերը նկարագրել են Օ. Եգանյանը, Փ. Անթաբյանը և Ա. Զեյթունցյանը («Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», հ. 1, 2, 1965, 1970, լույս է տեսնում նաև «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի»-ն, հ.1, 1984): Իսկ առաջին լիակատար ձեռագրացուցակը կազմել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան Դ. Շահնազարյանցը («Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի», 1863):

Ձեռագրերի ընդհանուր քանակով երկրորդը Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի Մ. է, որն ունի ավելի քան 4 հզ. միավոր ձեռագիր (1976): Ձեռագրերը նկարագրել է Ն. արք. Պոարյանը («Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբեանց», հ. 1–11, 1966–91): Ապա հայտնի է Վենետիկի Ս. Ղազար վանքի Մխիթարյան միաբանության մատենադարան, որն ունի շուրջ 3800 գրչագիր. նկարագրել է Բ. Սարգիսյանը [«Մայր ցուցակ ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», հ. 1–3, 1914–66 (3-րդ հ.՝ Գ. Սարգսյանի հեղինակակցությամբ, Ս. Ճեմճեմյան, հ. 4–8, 1993–98)]: Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանն ունի շուրջ 2600 գրչագիր (1984). նկարագրել են Հ. Տաշյանը, Հ. Ոսկյանը, Օ. Սեքուլյանը «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա»,  հ. 1, 1895, հ. 2, 1963, հ. 3, 1983): Մայր աթոռ Ս. Էջմիածնի մատենադարանն ունի 1081 ամբողջականն ձեռագիր (որոնցից 55-ը՝ մագաղաթե) և 88 պատառիկներ (որոնցից 8-ը՝ մագաղաթե): Ձեռագրերի նկարագրությունը տրված է «Էջմիածին» ամսագրի 1950-ի մայիս-հունիս միացյալ համարից սկսած: Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մատենադարանն ունի ավելի քան 600 մատյան. նկարագրել է Ս. Տեր-Ավետիսյանը «Ցուցակ հայերէն ձեռագրաց Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի», 1970): Արժեքավոր ձեռագրեր կան նաև Զմմառի վանքի (Բեյրութ) մատենադարանում. շուրջ 500 գրչագիր. նկարագրել է Մ. վրդ. Քեշիշյանը («Ցուցակ հայերէն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանի», 1964): Տարբեր երկրներում գործում են նվազ հարուստ և փոքր մատենադարաններ:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am