ՄԱՇՏՈՑ, Հայ եկեղեցու ծիսարան-ժողովածու, որը պարունակում է քրիստոնեական ծիսակարգի կանոններ, ինչպես նաև հատուկ աղոթքներ, օրհնություններ: Անվան ծագումը կապվում է, ըստ ավանդության՝ Մեսրոպ Մաշտոցի, ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի անվան հետ: Հայագիտության մեջ ավելի հավանական է համարվում Կիրակոս Գանձակեցու վկայությունը: Ձևավորվել է IV–V դարերից սկսած՝ պահպանելով հեթանոսական Հայաստանում տարածված մի շարք հնագույն ծեսերի հետքերը: Դրանցից են՝ կյանքի հիմնական հանգուցակետերին նվիրված (մկրտություն, պսակ, թաղում), ջրի պաշտամունքի հետ կապված (ջրօրհնեք, խաչալվա, ոտնլվա, ջրհորի օրհնություն ևն), երկրագործության, նաև բուսականության և պտղաբերության պաշտամունքներից բխող (սերմ, շեղջ, կալ, հնձան, անդաստան, խաղողօրհնեք) ծեսերը, ընտանիքի պաշտամունքի (տան, ընտանիքի, սեղանի, աղի ևն) օրհնությունները:

Մաշտոցում տեղ են գտել նաև սկզբնապես հմայական և ոգեկոչման գործողությունների հետ կապված ծեսեր (դիվահարի, լուսնոտի, դժվարածին կնոջ վրա, երաշտի դեմ կարդացվող աղոթքները, մատաղի և հացի օրհնությունները ևն): Մաշտոցի կազմավորմանն ու հարստացմանը մասնակցել են Գրիգոր Ա Լուսավորիչը, Սահակ Ա Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Մաշտոց Ա Եղիվարդեցին, Գրիգոր Բ Վկայասերը, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և ուր.: Ծիսարանի մեջ են մտել Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու ամբողջական կանոնների, առանձին քարոզների և աղոթքների թարգմանությունները, ինչպես նաև հայ հեղինակների ծիսական բովանդակության ինքնուրույն նյութերը: Մաշտոցը սովորաբար բաժանվում է երեք մասի՝ Փոքր կամ Առձեռն Մաշտոց, բովանդակում է քահանայի խորհուրդները և արարողությունները (մկրտություն, դրոշմ, մեռելաթաղ, սովորական օրհնություններ). Մայր Մաշտոց, պարունակում է եպիսկոպոսական արարողություններ (ձեռնադրություն, գավազանի ընծայություն, եկեղեցու օծում, քահանայաթաղ, մեծ օրհնություններ). Հայր Մաշտոց, կաթողիկոսին պատկանող արարողություններ (թագավորի, կաթողիկոսի օծում, եպիսկոպոսի ձեռնադրություն, մյուռոնօրհնեք ևն): Հարուստ և բազմազան է Մաշտոցի երաժշտական բաղադրիչը՝ պայմանավորված երաժշտածիսական գրքերի կենցաղավարման համակարգում Մաշտոցի առանձնահատուկ դերով: Ի տարբերություն մյուս եկեղեցական գրքերի, Մաշտոցն ի սկզբանե նախատեսված էր նաև արտաեկեղեցական  կենցաղավարման համար: Այստեղից էլ նրա մշտական շփումը ժողովրդական ծիսականության և բանահյուսության հետ: Ձեռագիր Մաշտոցներում կանոնների ընթերցվող նյութը ընդմիջարկում են խազագրված սաղմոսներ, շարականներ, գանձեր և տաղեր: Ուշ միջնադարում երևան են եկել խառը տիպի ժողովածուներ՝ Մաշտոց-Գանձարաններ, Մաշտոց-Տաղարաններ, որտեղ աշխարհականացման ոգին դրսևորվում է ոչ միայն երաժշտաբանաստեղծական նյութի առավել շեշտադրումով, այլև աշխարհիկ և ժողովրդական տաղերի և ողբերի երևան գալով: Կանոնագրված և չկանոնագրված երգասացությունների առկայությունը Մաշտոցի երաժշտական շարքերի շրջանակներում, այդ շարքերի, այսպես կոչված՝ «բաց ձևի» միտումը կազմում է Մաշտոցի հիմնական տարբերությունը մյուս երաժշտածիսական  գրքերից: Դարերի ընթացքում հայ գրիչներն ստեղծել են մի շարք ընտիր Մաշտոցներ:

Հիշատակելի են Երևանի Մատենադարանի N 1001, Վենետիկի Ս. Ղազար վանքի մատենադարանի N 457 (երկուսն էլ՝ IX–X դդ.), Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանի N 2027 (1266) ձեռագրերը ևն: Առաջին տպագիր Մաշտոցը լույս է տեսել 1667-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու ջանք երով:

 

                                                                              Արևշատյան Ա.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Պողարյան Ն., Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990: 

Օրմանյան Մ., Ծիսական բառարան,Ե., 1992: 

Արեվշատյան Ա., «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am