Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Կիլիկիայի մանրանկարչության դպրոց

 ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ: XII դ. հայոց քաղաքական, ինչպես նաև հոգևոր, մշակութային  և գեղարվեստական կյանքի կենտրոնը տեղափոխվել է Կիլիկիա, որտեղ կազմավորվել է Կիլիկիայի հայկական իշխանապետությունը, այնուհետև՝ թագավորությունը (1080–1375):

Մատթեոսի ավետարանի անվանաթերթը (Ութ մանրանկարիչների ավետարան)Կիլիկյան Հայաստանի Հռոմկլա բերդաքաղաքը, որը 1149–1292-ին եղել է Հայոց կաթողիկոսության նստավայրը, դարձել է համահայկական հոգևոր-մշակութային  կենտրոն, հռչակվել նաև իր ուրույն և բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով: Սակայն մեզ չեն հասել Հռոմկլայի գրչատան վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը: XII դ. սկզբից հայտնի կիլիկյան հատուկենտ ձեռագրերը դեռևս կրում են Մեծ Հայքի մանրանկարչության ավանդների զգալի ազդեցությունը: 1113-ին Դրազարկի վանքում պատկերազարդված Ավետարանում (պատվիրատու՝ վանահայր Կիրակոս վարդապետ, Մատենադարան, ձեռ. N 6763) այդ ազդեցությունն արտահայտված է ներգծված կամարներով ուղղանկյուն գլխազարդերում: 1113-ի ձեռագրում կիլիկյան գրքարվեստին հատուկ միակ գլխավոր հատկանիշը լուսանցքում սրտաձև կազմված արմավազարդն է՝ վրան հառնող հավասարաթև խաչով, ինչպես նաև՝ կարմիրը, կապույտը և կանաչը՝ իբրև հիմնական գույներ: 1166-ի Հռոմկլայի Ավետարանը (Մատենադարան, ձեռ. N 7347) կազմված է Եվսեբիոս Կեսարացու թղթի 2 էջից, 8 խորանից. յուրաքանչյուր Ավետարան սկսվում է համապատասխան ավետարանիչի նկարով (ձախ կողմում) և զարդարուն անվանաթերթով (աջ թերթի վրա), որ հատուկ է դառնում կիլիկյան գրքարվեստին: Այդ ձեռագրում, խորաններից անմիջապես հետո, գիրքը գահին նստած Մոգերը Հերովդեսի մոտ և Հովսեփի կասկածանքը (Ութ մանրանկարիչների ավետարան) Քրիստոսին մեկնող պատվիրատու (ստացող) Առաքել եպիսկոպոսի պատկերն է: Հետագայում կիլիկյան Ավետարաններում խորաններին հաջորդող մեկ կամ երկու էջը հատկացվում է ստացողի նկարին կամ ընծայագրին (հաճախ՝ խորանաձև): XII դ. վերջի կիլիկյան մի քանի ընտիր ձեռագրեր (թե՛ մագաղաթի, թե՛ գրչության և թե՛ մանրանկարչության առումով) կապված են Ներսես Լամբրոնացու անվան և նրա հովանավորած Սկեվռայի վանքի հետ: XII դ. Կիլիկյան Հայաստանում պատկերազարդված ձեռագրերից աչքի է ընկնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», որի գրիչն է Գրիգոր Մլիճեցին, ստացողը՝ Ներսես Լամբրոնացին (1173, Մատենադարան, ձեռ. դ 1568): Մանրանկարիչը նկարել է Գրիգոր Նարեկացու չորս դիմանկար, որոնցից երեքն ունեն մակագրություններ՝ «Գրիգոր Փիլիսոփայ»«Գրիգոր Հսկող»«Գրիգոր Ճգնաւոր»: Գրչության նրբագեղությունը, հղկվածությունը, գրերի հիմնական և երկրորդ. մասնիկների անկաշկանդ անցումները, լուսանցազարդի, սկզբնատառի հատվածավորման (ռուբրիկացիայի) սերտ կապը, մեծ և մանր գրերի, ոսկու և հիմնական մաքուր գույների ճարտար զուգակցումը ցույց են տալիս, որ գիրքը ձևավորվել է որպես առանձին մշակութային  երևույթ, ինչպես XI դ. Կ. Պոլսի և շատ ավելի ուշ՝ գրքարվեստի պարսկական դպրոցներում: Ներսես Լամբրոնացու պատվերով մեզ հասած մյուս գլուխգործոցը 1197-ի «Սկևռայի Ավետարանն» է, որտեղ լուսանցանկարները՝ տերունական թեմաների համառոտումով, արդեն զուտ կիլիկյան երևույթ են:

XIII դ. 2-րդ կեսին Հռոմկլայի գրքարվեստի մեծ վերելքը, ինչպես Թորոս Ռոսլինի արվեստի ծաղկումը, կապված է Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու գործունեության հետ: XIII դ. Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններ են (1249, գրիչ՝ Կիրակոս, Մատենադարան, ձեռ. N 7690, 1251, գրիչ՝ Սարգիս, Մատենադարան, ձեռ. դ 3033, գրիչ՝ Հովհաննես, Չեստեր Բիտտ, Դուբլին, ձեռ. դ 558), որոնք շարունակել են XII դ. ավանդները՝ 2 էջ Եվսեբիոս Կեսարացու թուղթը, 8 խորան, 2 էջ խորանաձև ընծայագիր, իրենց Ավետարանների տիտղոսաթերթերի դիմաց պատկերված ավետարանիչները, սինագոգի և եկեղեցու պատկերներ (Մատենադարան, ձեռ. N N 7690, 3033), Աստծո գառը (Ֆրիր պատկերասրահ, ձեռ. N 44. 17) ևն: Նորությունը զարդամոտիվների և դրանց նրբագույն պատկերման հարստությունն է: Խորանները զրկվել են ճարտարապետական  տեսքից, դրանց վերևում և կողմնային լուսանցքներում երևում են աքաղաղներ, մոմակալ աշտանակներ, սիրամարգեր, նռան և արմավի ծառեր, տաճարներ, սափորներից ելնող բուսազարդեր, սյուների խոյակները և խարիսխները վերածվում են կենդ. դիմակների: Եվսեբիոս Կեսարացու թղթի խորաններում Եվսեբիոս Կեսարացու և Կարպիանոսի կիսանդրի դիմանկարները դառնում են կանոն, վերջնական տեսք են ստանում տիտղոսաթերթերը: Հռոմկլայի դպրոցի խոշորագույն մանրանկարիչը Մատթեոս Ավետարանիչ (Ութ մանրանկարիչների ավետարան)Թորոս Ռոսլինն է: Հատկապես էջով մեկ արված նրա տերունական նկարները հայ մանրանկարչության գրեթե ամենադասական էջերն են հորինվածքի հավասարակշռությամբ, գունատոնային հարաբերություններով, նրբագույն գունաթափանցումներով, շարժումների վայելչությամբ և բնականությամբ: Խորաններում Եվսեբիոս Կեսարացու թղթի նմանողությամբ ծաղկողը կիսաշրջանների մեջ նկարում է մարգարեների կիսանդրիները, ինչը նորություն էր (հետագայում ստացել է այլ փոխակերպություն), իսկ խորանաձև ընծայագրերում նույնպիսի կամարների մեջ պատկերված են Քրիստոսի և Մարիամի կիսանդրիները: Թորոս Ռոսլինից հետո, սկսած 1270-ական թթ-ից, արքայական ընտանիքների անդամների համար ստեղծվել են մի շարք աննախադեպ ճոխ ձեռագրեր: Արքունական այս դպրոցի վարպետների մոտ Թորոս Ռոսլինի հավասարակշռված դասական ոճը վերաճել է դրամատիկ մանիերիստական ոճի. կերպարները դարձել են ավելի եռանդուն, հուզական, ձգված, հարստացել են դեկորատիվ տարրերը, լարված են դարձել ու շեշտվել գունահարաբերությունները, գոգավոր, հոսուն կամ սուր անկյունագծային կառուցվածքներ են ստացել սյուժետային նկարների հորինվածքները: «Վասակ իշխանի Ավետարան»-ում և «Կեռան թագուհու Ավետարան»-ում ընծայագրերի փոխարեն հայտնվում են պատվիրատուների ընտանիքների պատկերները «Դեիսուսի» («Բարեխոսություն») և Բարեգութ Աստվածամոր ու Քրիստոսի կերպարների հետ: 1280-ական թթ. ավարտին է հասել արքունական դպրոցի «նրբագեղ» ոճը, որ հետազոտողները մերթ համարում են կիլիկյան «բարոկկո»,  մերթ «մանիերիզմ»«Հեթում Բ թագավորի Ճաշոցը»,  Մատենադարանի ձեռ. դդ 9422, 2629 Ավետարանները, «Ութ մանրանկարիչների Ավետարանը» ապշեցնում են զարդային և սյուժետային ու ֆիգուրատիվ նկարների հարստությամբ և գեղարվեստական միջոցների բազմազանությամբ, լուսագունային երանգավորմամբ: Մատենադարանի N 9422 Ավետարանում 10 խորաններ են, որոնց հաջորդում են էջով մեկ արված տերունական մանրանկարներ, այնուհետև՝ Եվսեբիոս Կեսարացու թուղթը 2 էջում և ավետարանիչների նկարները՝ համապատասխան Ավետարանների անվանաթերթերից առաջ: Անվանաթերթերն աչքի են ընկնում զարդանախշերի բարդագույն կառուցվածքով: Խորանների սյուների խարիսխները և խոյակները փոխարինված են ոսկե ֆոնի վրա գազանների ու թռչունների, սերովբեների, ավետարանիչների, առաքյալների, մարգարեների մանրանկար ֆիգուրներով: Հարուստ են խորանների լուսանցքներն ու քիվերը. սավառնող, ճախրող, զանազան կեցվածքներով ու շարժումներով պատկերված թռչուններն ու կենդանիները ենթադրել են տալիս, որ կիլիկյան վարպետները քաջածանոթ են եղել չինական արվեստին: «Հեթում Բ թագավորի Ճաշոց»-ում և «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ում պատկերազարդ էջերի թիվը հասնում է մի քանի հարյուրի: Դա աննախադեպ և եզակի է հայ մանրանկարչության պատմության մեջ: Գռների ու Ակների վանքերում գործող Հովհաննես Արքաեղբոր դպրոցում նույնպես ստեղծվել են ձեռագրեր՝ մեզ հասած առաջին Աստվածաշունչ գրքերից մեկը (1270, Մատենադարան, ձեռ. N 345), Աստվածաշնչային ժողովածուն (1263–66, Մատենադարան, ձեռ. N 4243), Մատենադարանի ձեռ. N 197 Ավետարանը (1287, գրիչ՝ Հովհաննես Արքաեղբայր) ևն: Հովհաննես Արքաեղբոր ձեռագր. դպրոցի և գրչության վայրն անհայտ ու նախնական հիշատակարանները կորցրած մի քանի ձեռագրեր (օր.՝ «Սմբատ Սպարապետի Ավետարանը», Մատենդարանի ձեռ. N 7648 Ավետարանը ևն) միավորվում են որոշակի հատկանիշներով՝ ուլունքաշար գրաֆիկական արտակարգ կանոնավոր գրչություն, պատկերների ոսկե կամ սև ուրվագծեր, որոշ ակադեմիական ոճ, մի քանի բնորոշ զարդաձևեր ևն: ԲայցԴիվահարների և հարյուրապետի ծառայի բուժումը (Ութ մանրանկարիչների ավետարան) ոճական առումով, ճոխությամբ, տերունական պատկերների հորինվածքային բարդությամբ հատկապես «Հովհաննես Արքաեղբոր Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 197) ավելի մոտ է արքունական դպրոցի մանրանկարչական արվեստին:

XIII դ. վերջին տասնամյակին գրչության արվեստը Կիլիկյան Հայաստանում դեռևս մնում էր իր բարձրության վրա, բայց մանրանկարչությունը կրում է որոշակի փոփոխություններ: 1292 ի «Հեթում Բ թագավորի Աստվածաշունչ»-ի գրիչ (հավանաբար և ծաղկող) Ստեփանոսը թեև դեռևս հետևում է Հովհաննես Արքաեղբոր ձեռագրական դպրոցի գրչարվեստի ավանդներին, ձեռագրի պատկերազարդումը հիշեցնում է արքունական դպրոցի շքեղ, հարուստ ոճը, բայց նվազում է երևակայության ազատությունը, ստեղծագործ. թռիչքը: Ստեղծվել է մի նոր սխեմատիկ ոճ, որի ցայտուն արտահայտիչը Սարգիս Պիծակի հայր Գրիգոր Պիծակն է: 1307-ի Ավետարանը (Մատենադարան, ձեռ. N 7691) և 1317–18-ի Նոր կտակարանը (Մատենադարան, ձեռ. N 242) լուսանցանկարների պատկերագրությամբ, գունային գամմայով ընդհուպ մոտեցել են Սարգիս Պիծակի ոճին: 1307-ի Ավետարանն արված է զուտ գրաֆիկական գծանկարով և սյուժեների համառոտումով, որոնք գրեթե նույնությամբ անցել են Սարգիս Պիծակի պատկերացանկի մեջ, իսկ 1317–18-ի Նոր կտակարանի մանրանկարները գրեթե չեն տարբերվում Սարգիս Պիծակի մանրանկարներից: Սարգիս Պիծակի պատկերազարդած Ավետարանները, պահպանելով հանդերձ XIII դ. կիլիկյան Ավետարանների պատկերազարդման համակարգը, ունեն նաև իրենց առանձնահատկությունները: Սարգիս Պիծակի արվեստը հակված է դեպի հնամենի ձևերը (մեկ ընդհանուր շրջանակի մեջ երկու տեսարան՝ նկարված մեկը մյուսի վրա, որ կիրառելի չէր Կիլիկյան Հայաստանում, ևն), նրա համաչափ հարթապատկերային ոճը մոտ է Մեծ Հայքի և Կապադովկիայի արվեստին: Նրա վերջին՝ 1353-ի «Բժշկության Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6795) նորություն էր ոչ միայն Սարգիս Պիծակի, այլև առհասարակ հայ մանրանկարչության  համար: Սարգիս Պիծակի արվեստը կիլիկյան մանրանկարչության վերջնակետն է:


                                                                                 Ղազարյան Վ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am