ՋՐՎՇՏԻԿ ՎԱՆՔ, Ս. Եղիշե առաքյալ վանք, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից հյուսիս-արևմուտք, Մռավի անտառածածկ լեռնաբազուկներից մեկի հարավային լանջին: Հիմնվել է ս. Եղիշե վկայի գերեզմանի վրա: Եղել է Հայոց Արևելից Կողմանց հնագույն սրբավայր: Նախապես հայտնի է եղել Ներսմիհրի ուխտ անունով, քրիստոնեության ընդունումից հետո կոչվել է Ջրվշտիկ՝ վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով, ապա՝ Ս. Եղիշե առաքյալ վանք: Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, V դ. Արցախի Վաչագան Բարեպաշտ թագավորը ս. Եղիշեի նահատակության տեղում հուշասյուն է կանգնեցրել, գերեզմանի վրա մատուռ-դամբարան կառուցել և ինքն էլ վախճանվելուց հետո թաղվել դրա մոտ: Վաղ միջնադարում Ջրվշտիկ վանքը սերտորեն կապված է եղել Արցախի կրոնական և քաղաքական կենտրոնների մոտակայքում գտնվող Գլխո վանքի, արքայանիստ Գյուտականի, Կաղանկատույքի, Բերդակուրի հետ՝ լինելով պատմական Արցախի նվիրական սրբավայր-ուխտատեղին:

1244-ին Սերոբ սարկավագը հնագույն եկեղեցու հիմքերի վրա կառուցել է վանքի Ս. Եղիշե առաքյալ եկեղեցին: XII–XIII դդ. կառուցվել է Ջրվշտիկ վանքի գլավոր միանավ թաղածածկ եկեղեցին, 1264-ին՝ նրան արմ-ից կից երկսյուն գավիթը, որի երկլանջ տանիքին 1323-ին կանգնեցվել է քառասյուն զանգաշտարակը: 1286-ին վանահայր Սիմեոնը Վաչագան Բարեպաշտ թագավորի գերեզմանի վրա եկեղեցի է կառուցել: Հս-ից հվ. շարքով կանգուն յոթ եկեղեցիներն ու մատուռները (XIII–XVII դդ.) թաղածածկ, երկթեք տանիքով շենքեր են, որոնք ունեն տարբեր եզրաձևով (կիսաշրջանաձև, ուղղանկյուն, զույգ կիսաշրջանաձև) և տարբեր քանակի խորաններ: Խորանների այսպիսի բազմազանությունը մեկ մենաստանում բացառիկ է հայկական վանքերում:

Ջրվշտիկ վանքի համալիրի հվ. կողմում են խցերն ու սեղանատունը, որոնց շարքում իր ճարտարապետությամբ առանձնանում է վանահոր երկհարկ շենքը (1552): XVI դ. կառուցված վանքի պարիսպը նորոգվել և ամրացվել է 1716-ին, միաժամանակ կառուցվել են երկու կամարակապ դարպասները: Միջնադարում Ջրվշտիկ վանքում պահվել են աշխարհիկ ու կրոնական կարևոր վավերագրեր, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասք: Վանքը եղել է դպրության և գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել և նվիրատվությամբ ստացվել են տարաբնույթ արժեքավոր ձեռագրեր: 1899-ին գտնվել են Ջրվշտիկ վանքի VII–VIII դդ. բրոնզե բուրվառները, որոնցից մեկը զարդարված է Տերունական սրբապատկերով (Գարեգին վրդ. Հովսեփյանը բուրվառները նվիրել է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանին):

Ժողովրդական ավանդազրույցը Վաչագան Բարեպաշտ թագավորի և Անահիտ թագուհու անունների հետ է կապում Ջրվշտիկ վանքի արմ. կողմում գտնվող աղբյուրը, իսկ վանքի բակի խաչաքանդակ տապանաքարը համարում է Անահիտի գերեզմանը:

XVIII դ. Ջրվշտիկ վանքը եղել է հայ ազգ-ազատագրական պայքարի կենտրոններից: Այդ ժամանակաշրջանում մեծ հռչակ է ունեցել վանքի միաբան, քաջակորով Ավագ վարդապետը, իսկ մենաստանը վայելել է Արցախի մելիքների հոգածությունը, որոնցից գահերեցը՝ Ջրաբերդի նշանավոր Մելիք-Ադամը, թաղվել է Ջրվշտիկ վանքի բակում, Ս. Եղիշե առաքյալ եկեղեցու մոտ:

                                                                                                 Ղուլյան  Ա.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 872-873:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am