ՋՐՕՐՀՆԵՔ, արարողություն, որը կատարվում է Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո: Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Նախապես եղել է միայն Երուսաղեմի եկեղեցուն հատուկ արարողություն, որը տեղի է ունեցել Հորդանան գետի ափին: Հետագայում քրիստոնյա մյուս եկեղեցիները ևս հաստատել են Ջրօրհնեքի արարողությունը:

Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիներում սովորություն է այն կատարել գետի, լճի կամ ծովի ափին: Հայ եկեղեցին ջրի օրհնությունը կատարում է եկեղեցում:

Հայոց պատմության մեջ հիշատակված են պատմական երկու Ջրօրհնեքներ: Առաջինը՝ 1022-ին, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի օրոք, Տրապիզոնի մոտ: Երկրորդ Ջրօրհնեք տեղի է ունեցել 1211-ին, Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: Լևոն Բ Մեծագործ թագավորը և բարձրաստիճան հայ ու օտար հյուրեր ներկա են եղել գետեզերքին  Ջրօրհնեքի արարողությանը, որից հետո կայացել են ժողովրդական խրախճանքներ:

Ջրօրհնեքի արարողության ընթացքում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է նաև ս. Մյուռոնի աղավնին: Պատարագիչ եկեղեցականը «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցությամբ Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահապանի»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը: Արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրը տանում են տուն:

Ջրօրհնեքի ծեսը, ըստ Մաշտոց ծիսարանի «Օրհնությունաբեր ցուցակի» տվյալների, հաստատել է Բարսեղ Կեսարացին, իսկ Սահակ Ա Պարթևի հրամանով թարգմանել և Հայաստան է բերել Խոսրով թարգմանիչը: Ջրօրհնեքի կանոնի սկզբնական երաժշտական ձևավորումը սահմանափակվել է հիմնականում 28-րդ սաղմոսի «Ձայն Տեառնի վերայ ջուրց» (28.3) կցուրդով և «Տէր թագաւորեաց» սաղմոսով (92.1): Հետագայում սաղմոսներին ավելացել են XII-XIII դդ. հեղինակների գործերը՝ Հովհաննես Երզնկացու «Յամենայն ժամ օրհնեմք օրհնեալդ փրկիչ Էմմանուէլ» քարոզ-գանձը, «Այսօր ձայնն հայրական» տաղը, Կոստանդին Սրիկի (XIII դ.) «Քրիստոս, բանդ Հօր» մեղեդին և Գրիգոր Գ Պահլավունու «Ո՜վ զարմանալի» հորդորակը, որով ավարտվում է Ջրօրհնեքի ծիսակատարությունը:

Իր կանոնականությամբ հանդերձ Ջրօրհնեքի երաժշտական շարքը հաճախ կազմվել է բավական ազատ: Այսպես, Ջրօրհնեքի կանոնում, բացի սաղմոսներից և նշված գործերից, ըստ XIV-XVII դդ. առձեռն Մաշտոցների, առկա են նաև հետևյալ ստեղծագործությունները. Մխիթար Այրիվանեցու Ջրօրհնեքի Ճրագալույցին նվիրված «Տարփումն ըղձական, տոչոր անձկական» գանձը, Կոստանդին Սրիկի «Հրճուիմք այսօր մեք հոգեպէս» տաղը, ինչպես նաև՝ «Խորհուրդ մեծ և սքանչելի»«Լոյս ի լուսոյ»«Ուրախ լիցին այսօր երկինք»«Առաքելոյ աղաւնոյ» շարականները: Գանձ-շարքերի նման տարբերությունները և մեղեդիների տարբեր հաջորդականությունը, հավանաբար, արտացոլում են որոշակի շրջանների կամ վանքերի տեղային ավանդույթները:

                                           Ղազարյան Ա.,   Արևշատյան Ա.


Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 873:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am