Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Հայերեն Հնագույն Թղթյա Ձեռագիր

ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԹՂԹՅԱ ՁԵՌԱԳԻՐ. մեզ հասած հայերեն ամենահին թղթյա  ձեռագիրը՝ գրված 981-ին: Հայ ձեռագրական արվեստի բարձրարժեք նմուշներից է (Մատենադարան, ձեռ. 2679): Բաղկացած է 360 թերթից, ունի (28,5x15,5 սմ) մակերես «Մատեանգիտութեան եւ հաւատոյ Դաւթի քահանայի», նմանատպություն: Ուսումնասիրություն, վերծանություն, ծանոթագրության ցանկեր (Ա. Մաթևոսյանի, Ե., 1997): Հնությամբ աշխարհում չորրորդն է, բովանդակության կարևորությամբ՝ առաջիններից (որպես գիտական նյութերի ժողովածու): Հ. հ. թ. ձ. ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է և բոլորգրով գրված առաջին ամբողջական մատյանը: Կազմել է Դավիթ քահանա մատենագիրը, գրել որդին՝ Ղուկասը (հավանաբար՝ Արգինայում): Բովանդակում է աստվածաբանական, պատմագրական, տիեզերագիտական, տոմարային, չափագրական, աշխարհագրական, փիլիսոփայական նյութեր, ժամանակագրական, գեղարվեստական առանձին երկեր, հանելուկներ ևայլն: Ընդգրկում է հայ հեղինակների մեծ ցանկ. Գրիգոր Ա Լուսավորիչ, Եղիշե, Մովսես Խորենացի, Հովհաննես Ա Մանդակունի, Աթանաս Տարոնացի (որպես ժամանակագիր առաջին անգամ ենք հանդիպում), Դավիթ Հարքացի, Պետրոս Սյունեցի, Վրթանես Քերթող, Անանիա Շիրակացի, Հովհաննես Գ Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ: Այստեղ ընդգրկված են նաև Փիլոն Ալեքսանդրացու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Ապողինար Լաոդիկեցու, Գրիգոր Նյուսացու, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց երկերից հատվածներ:

 

 

Տես նաև՝ Ձեռագիր Մատյան:

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am