ՃԱՌ (հուն.– հոմիլիա), մատենագրական տեսակ: V դ. սրան համարժեք է եղել նաև «թարգմանություն» բառը, որ ունեցել է «զրույց»«քարոզ» (տես Քարոզ), «բեմասացություն» իմաստը: Այս իմաստով է այն կիրառվել Անկյուրիայի Ա և Լավոդիկեի եկեղեցաժողովների ԺԹ հոդվածներում: Ճառն ունի հրեական ծագում: Սինագոգներում սրբազան մատյաններից օրվա խորհրդին պատշաճող հատվածը ընթերցելուց հետո քարոզիչը պարզ բարոյաբանական զրույցով մեկնաբանել է այդ հատվածը: Խոսքի այդ պարզությունը, որ հատուկ էր նաև վաղ շրջանի քրիստոնյա քարոզիչներին, ժամանակի ընթացքում ենթարկվել է զգալի փոփոխությունների: IV–V դդ. Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Հովհան Ոսկեբերանի, Օգոստինոսի, Հիերոնիմոսի, Ամբրոսիոսի գրչի տակ ճառը վերածվել է հռետորական օրենքներով հղկված մատենագրական տեսակի: Քրիստոնեական ճառագրության մեջ, ըստ բովանդակության, ճառը բաժանվում է երկու տեսակի՝ բարոյաբանական և դավանական: Բարոյաբանական ճառի դասական օրինակ է հատկապես Հովհան Ոսկեբերանի՝ Մատթեոսի Ավետարանի մեկնությունը (հրտ. 1826), որտեղ իբրև բնաբան՝ մեկնվող հատված, բերված է ավետարանական մի համար, որի յուրաքանչյուր արտահայտությունը՝ նայած իր խորքի, բացատրվում է, իսկ վերջում զետեղված հորդորակը պարունակում է բացատրության բարոյախոսական եզրակացությունը կամ պատգամը: Դավանական ճառագրության առավել ներկայանալի օրինակներ են Աթանաս Ալեքսանդրացու և Գրիգոր Նազիանզացու ճառերը, որտեղ նախ բերվում է գաղափարական հակառակորդի տեսակետը, և հետո շարադրվում այդ տեսակետի աստվածաբանական ժխտումը: Արդեն IV դարից սովորություն է դարձել կարող քարոզիչներ չունեցող եկեղեցիներում ընթերցել առավել մեծ հեղինակություն վայելող եկեղեցու հայրերի ճառերը: 529-ին տեղի ունեցած նահանգային մի եկեղեցաժողովի կանոնի համաձայն, «եթե երեցը հիվանդության պատճառով անկարող է ինքը քարոզելու, ապա սարկավագը պետք է կարդա սուրբ հայրերի ճառերը»: Հայ իրականությունում տարածված են եղել հատկապես Գրիգոր Ա Լուսավորչի անունով հայտնի «Յաճախապատում ճառքը», ինչպես նաև՝ Հովհաննես Ա Մանդակունու, Եղիշեի, Զաքարիա Ա Ձագեցու և այլոց ճառերը, որոնք շարադրված են քրիստոնեական ճառագրության լավագույն ավանդների հետևողությամբ: VII դարից հետո գրի առնված ճառերը զետեղվել են մասնավոր ժողովածուների մեջ՝ պատշաճեցվելով եկեղեցական տոնի խորհրդին (տես Ճառընտիր):

                                                                          Քյոսեյան Հ.  


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Կանոնագիրք Հայոց, աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1, Ե., 1964, էջ XXII–XXIII: 

Քենդերյան Հ., Հովհան Մայրագոմեցի, Ե., 1973, էջ 98–103:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am