ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ. պատարագ, ընծա, ողջակեզ, առ Աստված նվիրումի, խոստման, ուխտի, ակնկալիքի, տուրքի կամ սրբագործման արտահայտություն: Ծննդոց գրքում հիշատակվում են Աբելի (4.3–4), Նոյի (8.20–21), Աբրահամի (22.1–13) կատարած զոհաբերություները: Հին կտակարանն առանձնացրել է Զոհաբիրության կամ ողջակեզի տեսակներ՝ տարբեր նպատակների համար. զոհաբերություն՝ մեղքի թողության համար (մեղքի ողջակեզ), զոհաբերություն՝ խաղաղության համար (խաղաղության զոհաբիրության կամ ընծա), զոհաբերություն՝ գոհության համար (գոհության զոհաբերության կամ պատարագ), զոհաբերություն՝ ողորմության համար, զոհաբերություն՝ զատկական, զոհաբերություն՝ մաքրագործության համար և այլն: Ընդ որում զոհաբերվել կամ ընծայվել են ոչ միայն անարատ կենդանիներ (այծ, գառ, արջառ, թռչուն և այլն), այլ և հաց (հացի ընծա), ալյուր (ալյուրի ընծա), պտուղներ և այլն: (Տես՝ Ելք 12.27, Ղևտ. 1.3, 2.4, 3.3, 5.15, 7.37, Սաղմոս 39.7 և այլն): Հիշյալ ընծայումները կամ զոհաբերությունները խորհրդանշել են գալիք Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի պատարագվելը և հակադրված էին կուռքերին կամ դևերին նվիրված զոհաբերություններին և մարդազոհությանը: Հիսուս Քրիստոսի՝ Գողգոթայի խաչի վրա պատարագումով նոր՝ քրիստոնյա մարդու համար ավարտվեց զոհաբերությունն ու զոհի մատուցումը: Հին զոհաբերությանը ինչ-որ ձևով փոխարինել է մատաղը, որը Հայ եկեղեցին ընդունում է ոչ իբրև զոհաբերություն, այլ ողորմություն աղքատներին կամ հոգու հաց, որը հնում կոչվել է նաև ագապե (սիրո ճաշ):

 

 

 

 

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am