Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Զաքարիա Քանաքեռցի

ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑԻ. ծնվել է 1626-ին, Քանաքեռ, մահացել է 1699-ին, Հովհաննավանք: Պատմիչ, մատենագիր: 13 տարեկանում անդամագրվել է Հովհաննավանքի միաբանությանը, որտեղ և անցկացրել է իր ողջ կյանքը: Սովորել է Հովհաննավանքի վանական դպրոցում, աշակերտել առաջնորդներ Զաքարիա վարդապետ Վաղարշապատցուն և Հովհաննես վարդապետ Կարբեցուն: Իր ուսուցիչն է համարել նաև Առաքել Դավրիժեցուն, որին Էջմիածնում օգնել է սրբագրելու «Գիրք պատմութեանց» աշխատությունը: Վանքի բարձրագույն դպրոցում սովորելուն զուգընթաց Զաքարիա Քանաքեռցին ուսուցչություն է արել նրան կից, մանուկների համար բացված դպրատանը: Հովհաննավանքում աշխատել է որպես դպիր, սարկավագ, ապա՝ սարկավագապետ: Եղել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հավատարիմ գործակիցը, ուղեկցել նրան արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, հատուկ հանձնարարականներով այցելել է Ղազվին (1675), Զմյուռնիա (1682), Կ.Պոլիս (1684) և այլն: Հովհաննավանքի առաջնորդ Սարգիս վարդապետ Կարբեցու հանձնարարությամբ 1687-ին գրել է «Կոնդակ սուրբ ուխտին Յովհաննուվանից» աշխատությունը, որտեղ ներկայացրել է վանքի պատմությունը՝ հիմնադրումից մինչև իր օրերը: Հեղինակը ժամանակագրական կարգով ներկայացրել է վանքի առաջնորդների ճշգրտված ցանկը և մանրամասն անդրադարձել իր ժամանակի երեք նշանավոր առաջնորդների՝ Զաքարիա վարդապետ Վաղարշապատցու, Հովհաննես վարդապետ Կարբեցու և Սարգիս վարդապետ Կարբեցու գործունեությանը: Երկում Զաքարիա Քանաքեռցին զետեղել է նաև վանքի վիմական արձանագրությունները, որոնց շնորհիվ ուսումնասիրությունը պատմագիտական և հնագիտական  մեծ արժեք է ձեռք բերել: 1651-ին իր ընդօրինակությամբ կազմել է հայ պատմիչների երկերի ժողովածու, ապա ընդօրինակել Ավետարան, վերակազմել և նորոգել բազմաթիվ ձեռագրեր: Մատենադարանում է պահվում ձեռագրագիտական, հնագիտական արժեքով լայն ճանաչման արժանացած, 1687-ին նորոգված «Մարտիրողոգ Ճառընտիր» կոչվող ձեռագիրը: 1699-ին Զաքարիա Քանաքեռցի ավարտել է իր երկհատորանոց «Պատմագրութիւն» աշխատությունը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը պարթև և հայ Արշակունիների ժամանակներից մինչև 1699-ի դեպքերը: Այն եզակի սկզբնաղբյուր է հատկապես հեղինակի ապրած դարաշրջանի Հայաստանի և հարևան երկրների քաղական ու տնտեսական պատմության ուսումնասիրման համար: Որպես ժամանակակից և ականատես Զաքարիա  Քանաքեռցի գրի է առել պատմական նշանակություն ունեցող իրադարձությունները, նշանավոր դեմքերի հետ կապված անցուդարձերը, ժողվրդական  զրույցներն ու առասպելախառն ավանդությունները: Հայ եկեղեցու պատմության ուսումնասիրման համար կարևոր են Հայոց կաթողիկոսների գործունեության, հոգևորականության, վանքերի ու եկեղեցիների վիճակի մասին Զաքարիա Քանաքեռցու հաղորդած տեղեկություններըաղանդավորական շարժումներին (Մեխլուի և այլոց) վերաբերող դրվագները: Հեղինակն աշխատությանը կցել է «Հովհաննավանքի պատմությունը» (որպես երրորդ հատոր) և գործը ներկայացրել իբրև մեկ ամբողջություն: Գիրքը թարգմանվել է ֆրանսերենի (1876) և ռուսերենի (1969):

 

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am