Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Եվտիքականություն

ԵՎՏԻՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Եվտիքեսականություն, 5-րդ դարի քրիստոնեական հերձվածողական վարդապետություն: Հայտնի է նաև միաբնակություն (մոնոֆիզիտիզմ) անվամբ: Կոչվել է Կ. Պոլսի վանքերից մեկի վանական Եվտիքեսի անունով: Եփեսոսի Գ տիեզերական ժողովում և նեստորականության դեմ պայքարում Եվտիքեսը բազմիցս հանդես էր եկել Նեստորի վարդապետության դեմ, սակայն, Նեստորին հակառակ ուսուցանելով, ընկել էր մեկ այլ ծայրահեղության մեջ: Եվտիքեսի քարոզածը «Մի բնութիւն Աստծոյ Բանին մարմնացելոյ» ալեքսանդրյան բանաձևի «մի բնութիւն» դրույթի ուղղակի և տառացի ըմբռնումն էր: Ըստ Եվտիքեսի, Քրիստոսը միայն Աստված է՝ օժտված միայն աստվածային բնությամբ: Հիսուսի մարդկային բնությունը միավորությունից հետո խառնվել է աստվածայինի հետ ու ոչնչացել, դարձել մեկ բնություն՝ սոսկ աստվածային: Եվտիքեսն ընդունում էր երկու բնությունների գոյությունը միայն միավորությունից առաջ: Նա Քրիստոսի մեջ մարդկայինը ձուլում էր աստվածության մեջ այնպես, որ մարդեղությունը՝ ճշմարիտ մարդը, դառնում էր երևութական, ու իրական էր մնում լոկ ճշմարիտ Աստվածը: Սուրբ Կույս Մարիամն Աստվածամայր է (հակառակ Նեստորի), բայց եթե Նեստորը քարոզում էր, թե Մարիամը լոկ մարդ ծնեց, ապա Եվտիքեսը պնդում էր, որ Քրիստոսը մարմնով մեզ՝ մահկանացուներիս էակից և համագոյակից չէ, այսինքն ժխտում էր Քրիստոսի մարդեղությունը և մարդկային բնության համագոյությունը: Բանը մարմին չառավ սուրբ Կույսից, այլ նրա մարմինը երկնային է՝ «յերկնից եբեր զմարմինն, և ոչ ի սրբոյ Կուսէն»: Եվտիքեսը տարբերակում էր «մարդու մարմինը»՝ «մարդկային մարմնից»: Ըստ նրա, Քրիստոսի մարմինը «մարդկային» է և մարմնավորվել է սուրբ Կույսից, բայց «մարդու մարմին» չէ: Աստվածածնից Քրիստոսը միայն մարդու նմանություն և կերպարանք առավ, բայց ոչ երբեք՝ մարմին, և չդարձավ մարդացած Աստված: Հայ եկեղեցին (ինչպես և Արևելյան ուղղափառ մյուս եկեղեցիները) երբեք չի հետևել Եվտիքականությանը: Սկսած 5-րդ դարից նա դատապարտել և նզովել է Եվտիքեսին՝ նրա ուսմունքում տեսնելով ալեքսանդրյան աստվածաբանական մտքի ծայրահեղացում և Արևելքի քրիստոնեաբանական ըմբռնումների աղավաղում: Հայ մատենագրության մեջ Եվտիքեսն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնեան» նամակում, որտեղ նզովվում է Արիոսի, Նեստորի, Մանիի և մյուս աղանդավորների հետ միասին: 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Հայ եկեղեցին ընդունել է Զենոն կայսրի «Հենոտիկոնը» (Միության գիր), որտեղ նզովվում է Եվտիքեսը, և հավաստել իր տարբեր ընկալումը եվտիքական միաբնակությունից: Հայ դավանական գրվածքներում առաջին անգամ Եվտիքեսը, ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է 6-րդ դարի սկզբին, Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի «Թուղթ Հայոց ի Պարսս առ ուղղափառս» 2-րդ թղթում: Հայ եկեղեցին ալեքսանդրյան վարդապետությունն ընկալում է կյուրեղյան-եփեսոսյան դավանության դիրքերից: Նա, «մի բնութեան» ուսումը պաշտպանելով, Քրիստոսի մեջ աստվածային կողմն առհասարակ ավելի է շեշտում, սակայն «մի բնութիւն» ասելով՝ միայն աստվածայինը չի հասկանում և մարդկայինը անտեսում: Հայ եկեղեցու քրիստոսաբանական Այս ըմբռնումը լավագույնս ձևակերպել է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսն իր «Ընդդէմ երեւութականաց» ճառում. «Քրիստոս ոչ է սոսկ մարդ, բայց եւ ոչ Աստուած մերկ, այլ՝ մանաւանդ Աստուած եւ մարդ միանգամայն»:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am