Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Եվսեբիոս Կեսարացի

ԵՎՍԵԲԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ, Եվսեբիոս Պամփիլեա. ծնվել է մոտ 260-ին, Պաղեստինում, մահացել է մոտ 340-ին: Քրիստոնյա պատմագիր, աստվածաբան, Պաղեստինյան Կեսարիայի եպիսկոպոս (313/314-ից): 309-ին, քրիստոնյաների դեմ հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվել է: Բանտից ազատվելուց հետո գլխավորել է Պաղեստինյան Կեսարիայի քրիստոնեական վարժարանը: Մասնակցել է 325-ի Նիկիայի Ա տիեզերական ժողովին, իր ստորագրությունը դրել նիկիական Հավատո հանգանակի տակ, սակայն հետագայում հանդես է եկել որպես Արիոսի ուսմունքի չափավոր հետևորդ և հականիկիական ընդդիմության երևելի ներկայացուցիչ: Եվսեբիոս Կեսարացի եղել է իր ժամանակի ամենակրթված և ամենահեղինակավոր աստվածաμաններից, բեղմնավոր հեղինակ, որը թողել է հարուստ գրական ժառանգություն: Աստվածաբան. երկերում («Ավետարանական նախապատրաստություն», «Ավետարանական ապացուցում», «Աստծո երևման մասին», «Եկեղեցական աստվածաբանության մասին» և այլն):

Եվսեբիոս Կեսարացի  առաջ է քաշել ելակետային այն դրույթը, ըստ որի՝ քրիստոնեական ուսմունքը նորություն չէ մարդկության համար: Այն քողարկված ձևով արդեն իսկ առկա է Հին կտակարանում և փիլիսոփաների ուսմունքներում: Եվսեբիոս Կեսարացի, հետևելով Փիլոն Ալեքսանդրացուն, Սուրբ Գրոց ուսմունքի և փիլիսոփայության միջև բովանդակային զուգադիպություները բացատրել է կա՛մ հույների՝ եբրայեցիներից կատարած ուղղակի փոխառություններով, կա՛մ էլ նրանով, որ և՛ հույները, և՛ հրեաները հետևություններ են արել բնածին հասկացություններից, որոնց «հեղինակը» նույն Աստվածն է, որն աշխարհն ու մարդուն արարել է իր միածին Որդու՝ Բանի միջոցով: Բանը մասնակից է մարդու արարմանը և հենց ինքն է, որ նախաքրիստոնեական  ժամանակներում ներկայացել է արդարներին՝ Աբրահամին, Հակոբին, Մովսեսին, Հոսիային: Սակայն այդ շրջանում մարդկությունն ի վիճակի չէր ըմբռնել Որդու Բանի ուսմունքը: Միայն մարմնացած և մարդացած Հիսուս Քրիստոսն է՝  Բան Աստվածը, որ ցույց է տվել մարդկանց իր էությունը՝ երկըրպագելու և աղոթելու ճշմարիտ ուղին: Եվ եթե քրիստոնեական  ուսմունքը նորություն չէ, ապա նորություն է քրիստոնյաների հավաքը՝  եկեղեցին, որն Աստծո օգնությամբ պայքար է մղում բոլոր աղանդավորների և հալածիչների դեմ: Վարքագրական  բնույթի երկերից են «Պաղեստինյան վկայաբանությունները», «Կոստանդին կայսրի վարքը» և «Սրբերի հանրահավաքին ուղղված ճառը» (վերջին երկի պատկանելությունը Եվսեբիոս Կեսարացու գրչին՝ վիճելի է): Եվսեբիոս Կեսարացու պատմագրական երկերից են «Քրոնիկոնը», նշանավոր «Եկեղեցական պատմությունը» Հիերոնիմոսի լատիներեն թարգմանությամբ մեզ հասած քառամաս «Աստվածաշնչային հնություններ» երկի երկու մասերը՝ «Տոպիկա» և «Օնոմաստիկոն»:  «Քրոնիկոնը», որն ընդգրկում է աշխարհի ժամանակագրությունը մինչև 325-ը, ամբողջությամբ պահպանվել է միայն հայերեն թարգմանությամբ (թարգմանության ժամանակի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ): «Եկեղեցական պատմությունը» հիմնաղբյուր է քրիստոնեության առաջին երեք դարերի (դեպքերի շարադրանքը հասնում է մինչև 324-ը) պատմության ուսումնասիրության համար: Ըստ Մովսես Խորենացու՝ «Եկեղեցական պատմությունը» 5-րդ դարի հավանաμար (416–420-ին) Մեսրոպ Մաշտոցի կարգադրությամբ թարգմանել են նրա աշակերտները: Աշխատությունը թարգմանվել է ասորերենից՝ թերևս միտումնավոր, քանի որ ասորորերեն թարգմանության մեջ բաց են թողնվել կամ մեղմացվել արիոսական ուսմունքին հարազատ արտահայտությունները: Հայ քրիստոնյաների և հոգևորականների մասին ամենահին տեղեկությունը պահպանվել է Եվսեբիոս Կեսարացու այս երկում: Հեղինակը վկայում է, որ հայազգի Մեհրուժան եպիսկոպոսին 3-րդ դարի կեսին (248–265) նամակ է գրել Ալեքսանդրիայի Դիոնիսիոս եպիսկոպոսը: Հայ քրիստոնյա համայնքների մասին Եվսեբիոս Կեսարացու մյուս վկայությունը վերաբերում է հռոմեական կայսր Մաքսիմինոս Դայայի (305–313)՝ քրիստոնյաների դեմ հալածանքների շրջանին, երբ 298-ի Մծբինի պայմանագրով Հռոմեական կայսրությանը միացված Անդրտիգրիսյան երկրամասերի (Ծոփք, Անգեղտուն, Աղձնիք, Կորդուք, Միջագետքի մի շարք գավառներ, Մոկք) քրիստոնյահայ բնակիչներն իրենց իշխանների հետ դիմագրավել են հեթանոս կայսրի հալածանքներին: Եվսեբիոս  Կեսարացու պատմագրական երկերից և հատկապես «Քրոնիկոնից» օգտվել են հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Թովմա Արծրունին, Ասողիկը և շատ ուրիշներ:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am