ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ. ծնվել է մոտ 346-347-ին, ավան Իբերիս (Հելլեսպոնտոսի մոտ), մահացել է մոտ 400–401-ին: Եկեղեցական մատենագիր: Ուսանել է Կեսարիայում, աշակերտել Բարսեղ Կեսարացուն, ապա՝ Գրիգոր Նազիանզացուն, բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև Գրիգոր Նյուսացու հետ: Նրանցից սովորել է բնականգիտություններ, իմաստասիրություն, աստվածաբանություն, Սուրբ Գրոց գիտություն և հռետորություն: 379–380-ին Գրիգոր Նազիանզացին նրան ձեռնադրել է գլխավոր սարկավագ, միասին մասնակցել են Կոստանդնուպոլսի Բտիեզերական ժողովին: 381–385-ին եռանդուն գործունեություն է ծավալել Բյուզանդիայում: Իբրև ուղղափառության ջատագով պայքարել է ժամանակի տարածված աղանդների՝ արիոսականների, ապողինարիանների, եվնոմիանների դեմ: Կապադովկյան հայրերի պես հրապուրվել է Որոգինեսի ժառանգությամբ, կատարել թարգմանություններ նրա երկերից: 385-ին գնացել է Երուսաղեմ, ապա առանձնացել Եգիպտոսի Սկիտանապատում, աչքի ընկել իր խստակեցությամբ: Եվագր Պոնտացին գրել է ճգնակեց. բնույթի բազում գործեր: Նրա գրչին են պատկանում հարատև պայքարը զանազան կրքերի դեմ պատկերող գործնական ճգնակեցական հրահանգները: Սրա շարունակությունն է «Գնոստիկը». այստեղ նկարագրել է վանականգնոստիկի բարձրագույն ճանապարհը, որը տանում է դեպի Աստծո ճանաչողություն: Աղոթքի և հայեցողության հարաբերակցությանն է նվիրված «Աղօթքի մասին» երկը: «Հարիւրաւորքն վեցերորդք» 600 կարճառոտ խորհրդածություններից բաղկացած ժողովածուում քննարկել է դավանական և ճգնակեցական խնդիրներ: Եվագր Պոնտացու քրիստոսաբանությունը ներկայացնող այս երկը մեզ է հասել հայկական և ասորական թարգմանություններով: Եվագր Պոնտացու վարդապետության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում աղոթքի տեսությունը: Ճգնակյաց վանականի գլխավոր զբաղմունքը աղոթքն է: Քրիստոսին հետևել նշանակում է անդադար աղոթել՝ ինչպես ավանդել է Պողոս առաքյալը (Ա Թեսաղոնիկի 5.17): Եվագր Պոնտացուն էպատկանում «մտային աղօթք» հասկացությունը որ «բանականության հարատև հաղորդակցումն է Աստծուն» («Աղօթքի մասին»): Եվագր Պոնտացու հոգևոր ժառանգությունը հայերեն է թարգմանվել 5-րդ դարում, հունարենից: Նրա հոգեղեն խրատներն ու հրահանգներն իրենց որոշակի ազդեցությունն են թողել հայ միջնադարյան մտքի վրա: Նրանից մեծապես օգտվել են Սահակ Ա Պարթևը, Եզնիկ Կողբացին, Հովհաննես Ա Մանդակունին, Վարդան Արևելցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Նրա երկերի հետևողությամբ հայ հեղինակներ Գրիգոր Բ Վկայասերը, Մատթեոս Ջուղայեցին, Կիրակոս Երզնկացին գրել են աշխատություններ, հորինել լուծմունքներ: Եվագր Պոնտացու երկերից իմաստախոսական բնույթի քաղվածքներ են բերված Աղեքսանդր Ա Ջուղայեցու կազմած «Վկայութիւնք պիտանիք եւ հարկաւորք...» աշխատության մեջ:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am