ԵՍԱՅԻ ՆՉԵՑԻ. ծնվել է 1260-ին, Սասունի Նիչ գյուղում, մահացել է մոտ 1338-ին, Գլաձորում: Մատենագիր, մեկնիչ, քերական, րաբունապետ: Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվանքում, ապա` Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում` Ներսես Մշեցու մոտ: Ստացել է ծայրագույն վարդապետական գավազան, իսկ 1284-ից գլխավորել Աղբերց վանքի դպրության աշխատանքները: Եսայի Նչեցին հիմնադրել է Գլաձորի համալսարանը, եղել նրա րաբունապետը: Ժամանակակիցները նրան բնութագրել են որպես «սրբակեաց անձ», «անյաղթ հռետոր», «մեկնիչ դժուարիմաց բոլոր խօսքերի գրքերի»: Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»՝ քերականություն, ճարտասանություն, աստղաբաշխություն, երաժշտություն և այլն: Նրան աշակերտել են Հովհան Արճիշեցին, Մխիթար Երզնկացին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Երզնկացին և ուրիշներ: Եսայի Նչեցին պայքարել է պապական նկրտումների, ինչպես նաև ունիթորական (միարարական) շարժման դեմ` հանուն Հայ եկեղեցու ինքնուրույնության: Նրանից մեզ է հասել հարուստ գրակական ժառանգություն (դավանական թղթեր, մեկնություններ, ճառեր, քարոզներ և  այլն): Լավագույն գործերից են «Մեկնութիւն Եզեկիէլի» (Մատենադարան, ձեռագիր դ 5566, 5717, 5906 և այլն, ավելի քան 30 ձեռագիր) և «Վերլուծութիւն քերականութեան»-ը: Առաջինը գրել է 1303-ին, Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի խնդրանքով: Երկը շարադրելիս հիմնվել է Ընդհանրական և Հայ եկեղեցու սուրբ հայրերի (Որոգինես, Հովհան Ոսկեբերան, Կյուրեղ Ալեքսանդրացի, Եփրեմ Ասորի, Ստեփանոս Սյունեցի և այլն) համապատասխան մեկնությունների վրա: «Վերլուծութիւն քերականութեան» համալսարանական դասագիրքն իր բնույթով բանաքաղական երկ է, ընդգրկում է Դավիթ Քերականի, Համամ Արևելցու, Արիստակես Գրչի, Գևորգ Սկևռացու և այլոց քերականական մեկնությունների հիմնադրույթներն ու հարցադրումները: Եկեղեցու դավանությանը, կարգերին և խորհուրդներին նվիրված գործերից են` «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն» (Մատենադարան, ձեռագիր դ 614, 8389, 7255 և այլն), «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի» (Մատենադարան, ձեռագիր  դ 3937, 3276 և այլն), «Յաղագս կարգաց եկեղեցւոյ» (Մատենադարան, ձեռագիր դ 3276), Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան՚ (Մատենադարան, ձեռագիր  դ 9622, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռագիր դ 69,1279): Եսայի Նչեցու դավանական բովանդակության թղթերից հայտնի են մի քանիսը. «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց» (Մատենադարան, ձեռագիր  դ 1326, 1327, 5154 և այլն): Այս թուղթն արժեքավոր է Հայ եկեղեցու ժամակարգության պատմության, ինչպես նաև եկեղեցական շենքի բաղկացուցիչ մասերի խորհրդապաշտության ուսումնասիրման տեսանկյունից: Գրվել է Սյունյաց վարդապետների և վանահայրերի խնդրանքով, որոնք ցանկացել են հստակ տեղեկություններ ստանալ Հայ եկեղեցու ժամակարգության մասին: «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ» (1321, Մատենադարան, ձեռագիր  դ 573, 9622) գրությունը մի նմուշ է այն թղթակցություններից, որոնք տեղի են ունեցել 13-րդ դարի  վերջին և 14-րդ դարի սկզբին արևելյան վարդապետների և Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսի (1293–1307), Կիլիկիայի լատինամետ հոգևորականների ու իշխանների միջև: Այս թղթով Եսայի Նչեցին պատասխանել է Կիլիկիայի Օշին պայլի և նրա որդի Հեթումի նամակին: Թղթում հեղինակը խոսել է երեք կարևոր հարցերի`

ա. Քրիստոսի   աստվածային և մարդկային բնության,

բ. Հաղորդության բաժակի մեջ ջուր խառնելու սովորության,

գ. Սուրբ  Ծննդյան ու Մկրտության տոների կատարման օրվա մասին և հիմնավորել Հայ եկեղեցու վարդապետական սկզբունքները:

Այնուհետև անդրադարձել է արիոսականության և նեստորականության հարցերին, ներկայացրել դրանց երևան գալու պայմանները, ապա տվել եկեղեցու ուղղափառ վարդապետությունն այդ հարցերում: Եսայի Նչեցու «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն» (Մատենադարան, ձեռագիր դ 2776, 8245, 10008) գրությունն ուղղված է Թավրիզի առաջնորդ տեր Մատթեոսին և Ատրպատականի ողջ հայությանը` նրանց ունիթորական վտանգից պաշտպանելու նպատակով: Ընդ որում հեղինակը ոչ թե ատելություն և անհանդուրժողականություն է սերմանում Կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հանդեպ, այլ կոչ է անում, որ նրանց, ինչպես նաև հույն և ասորի քահանաներին ու աշխարհականներին ընդուեն քրիստոսի սիրով, պատվով` «իբրև զեղբայրս և ծառայակիցս ի Քրիստոս... յաղագս միաբանութեան հաւատոյ», միաժամանակ պահանջում փոխադարձ սեր և հարգանք Հայ եկեղեցու վարդապետության, կարգերի և ավանդության հանդեպ: Այս թղթում հեղինակը խորհուրդներ է տալիս Մկրտության, Պսակի և Հաղորդության մասին, որոնք արժեքավոր են ծեսի պատմության և նրա զարգացման փուլերի ուսումնասիրման համար: «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Սուրբ  Կարապետին Տարօնոյ» (Մատենադարան, ձեռագիր դ 848) թղթում Եսայի  Նչեցի , հյուսելով Հովհաննես Մկրտչի գովքը, հիշեցնում է, որ նրա նշխարները «իբրև զգանձս երկնային և պարգևս անմահութեան» Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը և ամփոփել Տարոնում` «ի սիրտ Հայաստան աշխարհին»: Դրանց պահպանության համար էլ հիմնել է Սուրբ Կարապետ վանքը: Հեղինակը կոչ է անում ժողովրդին նվերներով օգնել և զորավիգ կանգնել հայերի և օտարների մեղքով  տուժած ու նեղության մեջ գտնվող Սուրբ  Կարապետ վանքին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am