Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի

ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ. Քաղաքի կենտրոնի հարավային կողմում, Հրազդան գետի ձախափնյա ձորեզրին, նախկին Ձորագյուղ թաղամասում: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Եղել է Ձորագյուղի անապատի, ապա` Երևանի թեմական առաջնորդարանի եկեղեցի: Ավերվել է 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից և վերաշինվել կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացու գահակալության տարիներին (1691–1705): 19-րդ դարի սկզբին եկեղեցին խարխլվել է, և Արարատյան թեմի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցու հրամանով, լրիվ քանդել է այն և նույն տեղում, 1835–42-ին կառուցել ավելի մեծ չափերի նոր եկեղեցի` քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, ներսից և դրսից սվաղած պատերով: 20-րդ դարի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին դառնալով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ, արտաքին անշուք տեսքով չի համապատասխանել իր նշանակությանը: Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի հրամանով եկեղեցին 1971–76-ին վերակառուցվել է` պահպանելով իր հատակագծային հորինվածքը և կարևոր կոնստրուկցիաները (ճարտարապետ Ռ. Իսրայելյան): Արտաքին ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆի սրբատաշ քարերով, ներսում` արևմտեան կողմում, երգչախմբի համար վերնասրահ է շինվել, ողջ մակերեսով, եկեղեցու տանիքի վրա վերնահարկ է ավելացվել, քանդվել է գմբեթը, և փոխարենը կառուցվել նորը` ավելի բարձր ու գեղեցկատես: Շքեղորեն հարդարվել է գլխավոր` արևմտյան ճակատը, որի շքամուտքի բարավորին` Աստվածածնի, պատին Գաբրիել և Միքայել հրեշտակապետների հարթաքանդակներն են, վերևում` զարդագոտի (քանդակագործ Ա. Հովսեփյան): Ներսում` գմբեթատակ առագաստներին, քանդակվել են չորս ավետարանիչների խորհրդանշանները` կրկնելով Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու` Մոմիկի կերտած բարձրաքանդակները: Եկեղեցին վերակառուցվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի նվիրատվությամբ: Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին հիմնովին վերակառուցվելուց հետո օծվել է 1976-ի նոյեմբերի 3-ին, որի ժամանակ Վազգեն Ա կաթողիկոսը քարոզում նշել է` «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի մի նոր սրբավայրով»: 2000-ի նոյեմբերի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հանդիսապետությամբ օծվել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից նորակառույց զանգակատունը:

 

 

  

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am