«ԵՐԵՎԱԿ». կրոնաբանասիրական ուսումնական կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1857–1866-ին, Կ. Պոլսում: Խմբագիր՝ Հ. Չամուռճյան (Տերոյենց): Տպագրել է քրիստnնեական կրոնին, Հայ եկեղեցուն, նրա պատմությանը, ծեսերին ու տոներին, խորհուրդներին նվիրված հոդվածներ, դավանաբանական բնույթի նյութեր, բարոյախրատական զրույցներ, արձակ գործեր և այլն: Կաթողիկեության նկատմամբ համակրանքի պատճառով ենթարկվել է ժամանակի հայ հասարակական մտքի, ինչպես և ազգային եկեղեցու ներկայացուցիչների քննադատությանը: Փաստորեն ընդունել է Հռոմի եկեղեցու գերիշխանությունը Հայաստանյայց եկեղեցու նկատմամբ, ինչը դրսևորվել է մասնավորապես կաթողիկեական կրոնը դրվատող ինքնուրույն և թարգմանական հոդվածների տպագրությամբ, երկու եկեղեցիների սերտ մերձավորության և ավանդույթների, խորհուրդների և այլնի նույնության քարոզներով: Հատկանշական է, որ Չամուռճյանը Երեվակում քննադատության է ենթարկել Կ. վարդապետ Շահնազարյանի՝ «Դաշանց գրի» հերքմանը նվիրված աշխատությունը, պնդելով, որ ԳրիգորԼուսավորիչը Հռոմի հայրապետ Սեղբեստրոսից է ստացել իր կաթողիկոսական կոչումը, ուրեմն և ստույգ է Հայ եկեղեցու հանդեպ Հռոմի գերակայությունը վկայող «Դաշանց գիրը»: Միաժամանակ, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, Երեվակ  հակադրվել է բողոքականությանը և հանձին Չամուռճյանի անվերապահորեն պաշտպանել Գ. Այվազովսկու «Վարդապետարան Հայաստանեայց եկեղեցւոյ» գիրքը բողոքականների քննադատությունից: Երեվակ 18-րդ դարի ֆրանսական լուսավորիչների տեսական ժառանգությունը համարել է կեղծ գիտություն: Հայ հասարակական մտքի ասպարեզում իր հակառակորդներին՝ Մ. Նալբանդյանին, Հ. Սվաճյանին, Ստ. Ոսկանյանին, Գր. Չիլինկիրյանին, հեղինակազրկելու միտումով Չամուռճյանը փորձել է բացահայտել նրանց գաղափարական աղերսները ֆրանսական լուսավորիչների հետ (Չամուռճյանը, ի դեպ, նույնացրել էՖրանսական  լուսավորիչներին ու մասոններին և սրանց քննադատությունը տարածել արևմտահայ ժողվրդական  գործիչների վրա, որոնք, մասնակի բացառությամբ, մասոններ էին՝ միավորված Կ. Պոլսի «Հայկ-Օրիոն» և Զմյուռնիայի «Տիգրան» մասոնական օթյակներում): Ժամանակին Երեվակ ընթերցողին հետաքրքրել է իր խմբագրի հիրավի բազմակողմանի իմացությամբ, ինչպես և Հայ եկեղեցուն, կրոնական գործիչներին, եկեղեցաշինական արվեստին ևն վերաբերող հարուստ լրատվությամբ:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am