Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Երերույքի Սուրբ Կարապետ վկայարան

ԵՐԵՐՈՒՅՔԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԿԱՅԱՐԱՆ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան կողմում: Կառուցվել է 5-րդ դարի վերջին, տեղական նարնջագույն տուֆի սրբատաշ քարով, 3 զույգ խաչաձև մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով, արևելյան և արևմտյան զույգ, երկհարկանի սենյակներով, հյուսիսից, հարավից և արևմուտքից՝ սյունասրահներով (քանդված են ծածկերը և սրահները): Հարավային պատին, արևելյան կողմում հունարեն փորագրված է 92-րդ սաղմոսի 5-րդ երգի 2-րդ մասը՝ «Սրբությունը վայել է քո տանը, Տեր, երկար օրեր» (արձանագրությունը ժամանակակից է վկայարանի կառուցմանը): Երերույքի Սուրբ Կարապետ վկայարանի հարուստ և նրբագեղ հարդարանքը (արևմտյան և հարավային  շքամուտքերը, լուսամուտների երեսակալները, որմնասյուների խոյակները և խարիսխները), հատակագծային ու ծավալատարած. հորինվածքն ընդհանրություններ ունեն վաղ քրիստոնեական ասորական արվեստի հետ: 6-7-րդ դարին  վերակառուցվել է արևմտյան սրահը: 10-րդ դարին, ըստ Ավագ խորանի արձանագրության, Հակոբ քահանան նորոգել է «Սուրբ Կարապետին վկայարանս»: Հարավային ճակատի արևելյան շքամուտքի արձանագրության համաձայն, Հովհաննես Սմբատ Բագրատունի թագավորի կինը 1038-ին Երերույքն ազատել է հարկից: 1045-ին Երերույքն անցել է բյուզանդական տիրապետության տակ, 1064-ին՝ սելջուկների: 1199-ին Երերույքն ազատագրել են Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանները: 1201–12-ին ամիրսպասալար Զաքարեն Երերույքը նվիրել է Անիին: Ուշ միջնադարում Երերույքի Սուրբ Կարապետ վկայարանը դարձել է Սուրբ Երրորդություն վանքի եկեղեցի: 1908-ին Ն. Մառը պեղել է Երերույքի Սուրբ Կարապետ վկայարանի ներսը, 1948-ին ամրացվել են նրա պատերը: Երերույքի Սուրբ Կարապետ վկայարանը զգալի տուժել է 1988-ի ավերիչ երկրաշարժից և վթարային վիճակում է:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am