ԵՊԻՍԿՈՊՈՍ. եպիսկոպոսություն (հունարեն επvισκοπος – տեսուչ, վերակացու), քրիստոնեական եկեղեցու նվիրապետական կարգի հիմնական աստիճաններից բարձրագույնը: Հայ առաքելական եկեղեցում եպիսկոպոսությունը մի կարգ ցածր է կաթողիկոսությունից: Եպիսկոպոսը թեմի (վիճակի) կամ համայնքի հոգևոր պետն է: Ըստ Պողոս առաքյալի՝ «պետք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպես Աստծու տնտեսական ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռվարար, ոչ շահասեր, այլ՝ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապված վարդապետության հավատի խոսքին, որպեսզի կարողանա հորդորել ողջամիտ վարդապետությամբ և կշտամբել հակառակորդներին»:
Եպիսկոպոսն իր առաքինությամբ, հեզությամբ, սիրով, ողջախոհությամբ, սրբությամբ պետք է նմանվի Հիսուս Քրիստոսին, քանզի նա է բոլոր «Հոգիների հովիվը և տեսուչը»: Եպիսկոպոսներն առաքյալներից տարբերվում են նրանով, որ եթե առաքյալները կոչված էին իրականացնելու Քրիստոսի Ընդհանրական եկեղեցու հիմնադրումը, որի համար ավելի մեծ շնորհներով էին օժտված, ապա Եպիսկոպոսները, առաքյալներից փոխանցված սուրբ շնորհներով, կառավարում են ստեղծված տեղային եկեղեցիները: Առաքյալներն ընտրվել և իրենց շնորհներն ու իշխանությունը ստացել են Հիսուս Քրիստոսից, իսկ Եպիսկոպոսները՝ առաքյալներից: Եպիսկոպոսական իշխանությունը տրվում է ձեռնադրությամբ և օծումով՝ կանոնական քննությունից հետո և ժողովրդի ներկայացուցիչների ու հոգևոր դասի վկայությամբ: Հայ եկեղեցում Եպիսկոպոս ձեռնադրելու և օծելու իրավունքը վերապահված է կաթողիկոսին: Օծելուց հետո նվիրյալի գլխին դրվում է խույրը, և կաթողիկոսը նրան տալիս է գավազան, մատանի և Ավետարան՝ իբրև կանոնական իրավասություն: Ձեռնադրության և օծման արարողությունից հետո տրվում է եպիսկոպոսական պանակե՝ հայրապետական օրհնությամբ և մաղթանքով: Կաթողիկոսը նորընծա եպիսկոպոսին հրահանգում է խղճմտորեն ծառայել՝ պահելով եկեղեցու ուղղափառ դավանությունը, խոհեմությամբ վարել եպիսկոպոսական իշխանությունը և եպիսկոպոսական աստիճանի տված իրավասություններով զեղումներ չգործել:
Ըստ եկեղեցական կանոնի, Եպիսկոպոս ձեռնադրվում է թեմի վրա, որի տեսուչն է և թեմի հավատացյալ ժողովրդի հոգևոր-բարոյական կարիքների մատակարարը: Նա նաև եկեղեցական ունեցվածքի և տնտեսության տնօրինողն է, հնում ունեցել է դատական գործառույթներ: Թեմակալ առաջնորդ Եպիսկոպոս իր թեմի սահմաններում կրում է եպիսկոպոսական ասա (գավազան), կատարում ձեռնադրություններ, ղեկավարում իր իշխանության ներքո գտնվող եկեղեցու պաշտոնեությունը, օծում եկեղեցի, տերունական և սրբերի պատկերներ, եկեղեցու սպասք: 
(Տես Պատվո աստիճաններ և պարգևատրումներ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոդվածում):

 

 

 

Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am