ԵՊԻՓԱՆ ԿԻՊՐԱՑԻ, սուրբ Եպիփան. ծնվել է 315 թվականին, Հրեաստանի Ելևթերուպոլիս քաղաքում, մահացած է 403-ին: Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից, Հայ առաքելական եկեղեցու տոնելի համաքրիստոնեական սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով: Պատանեկան տարիներին ուսանել է հրեական գիտությունն ու ավանդությունները, ձեռք բերել բազմակողմանի գիտելիքներ, տիրապետել եբրայերենին, ասորերենին, հունարենին, լատիներնին: Լեզուների իմացությունը հնարավորություն է ընձեռել օգտվելու բազմաբնույթ աղբյուրներից: Եպիփան Կիպրացի աչքի է ընկել բացառիկ աղքատասիրությամբ, անապատական պարզ, խստաբարո կենցաղավարությամբ, եղել վանական-ճգնավորական շարժման հռչակավոր ներկայացուցիչներից: Ճգնավորական կյանքը, վանական կանոն ադրություններն ուսումնասիրելու և իր վանական միաբանությունն ունենալու նպատակով այցելել է ժամանակի քրիստեական վանքերը, հանգամանորեն ծանոթացել մանավանդ Եգիպտոսի մենաստաններին և ճգնավորների կյանքին: Եգիպտոսում պայքար է մղել գնոստիկյան աղանդավորների դեմ: Փյունիկիայում հիմնել է մենաստան և մինչև 367-ը մնացել այնտեղ իր աշակերտների ու հետևորդների հետ: Նրա համբավը շուտով տարածվել է Եգիպտոսում, Պաղեստինում, Միջագետքում, Եդեսիայում: Բազմաթիվ գիտնականներ, անվանի անապատականներ եկել են նրա մոտ աշակերտելու: Հռոմում ծանոթանալով Արևմուտքի եկեղեցու սուրբ հայրերից Հերոնիմոսի (342–420) հետ՝ միասին հանդես են եկել Որոգինեսի մի շարք դավան. տեսությունների դեմ:

Ձեռնադրվել է սարկավագ, 367-ին ընտրվել Կիպրոսի եպիսկոպոս և կղզու մետրոպոլիտ: Իր եռանդուն գործունեությամբ բարձրացրել է Կիպրոսի աթոռի հեղինակությունը: Եպիփան Կիպրացի թողել է հարուստ մատենագրական ժառանգություն: Նրա հաղորդած տեղեկությունները, սակայն, միշտ չէ, որ հավաստի են, քանզի եղել է չափազանց դյուրահավատ, դավանական նախանձախնդրության մեջ՝ ծայրահեղ հախուռն: Այդ մասին ինքն իսկ վկայել է, թե ականջալուր լինելով է ներկայացրել այս կամ այն տեղեկությունը: Նշանավոր են Եպիփան Կիպրացու «Անկյուրոտոս», «Խարիսխ» (374) և «Պանարիոն», «Դեղատուփ» (375–377) պատմադավանական աշխատությունները: «Անկյուրոտոսը» նպատակաուղղել է հավատացյալներին, որպեսզի նրանք  «չտարուբերվեն հերձվածողական վարդապետության հողմերից»: Իբրև նիկիական դավանության ջերմ պաշտպան (տես՝ Նիկիայի Ա տիեզերական ժողով 325Եպիփան Կիպրացին անդրադարձել է աստվածային դեմքերի համագոյությանը, Բանի մարմնավորմանը, մեռելներից հարություն առնելուն, հավիտենական կյանքին ու դատաստանին, հերքել արիոսական, հոգեմարտների և ապողինարյան հերձվածների վարդապետությունը, հեթանոսությունն ու հրեությունը: «Պանարիոնը» աղկացած է երեք գրքից, յուրաքանչյուր գիրք բաժանված է 7 մասի) պարունակում է նախաքրիստոնեական 20 և քրիստոնեական 80 աղանդների պատմությունն ու հերքումը: Նախաքրիստոնեական աղանդները դասակարգել է հետևյալ կերպ. բարբարոսություն (Ադամից մինչև Ջրհեղեղ), սկյութականություն (մինչև աշտարակաշինություն), հեթանոսություն, սամարյանականություն և հրեություն: Քրիստոնեական աղանդների քննությունն ավարտել է մեսալյան աղանդի հերքումով: Երրորդ գրքի վերջին մասում թվարկել է հունական և արևլյան փիլիսոփայական հոսանքները, այնուհետև շարադրել է քրիստոնեական հավատի առաքելական գլխավոր սկզբունքները: Բազմահարուստ տեղեկություններ ամփոփած այս երկը կարևոր սկզբնաղբյուր է աղանդների պատմության հետազոտման համար:

Եպիփան Կիպրացու գրչին են պատկանում կամ վերագրվում Աստվածաշնչի մեկնություններ. Աստվածաշնչում եղած չափերի և կշիռների (թվարկվում են նաև Հին կտակարանի կանոնական գրքերը) բացատրությունը, հրեաների քահանայապետի ծիսական հանդերձի վրայի 12 քարերի խորհրդանշական հատկությունների մեկնաբանությունը, Բարոյախոսը (սա Աստվածաշնչում հանդիպող կենդանիների հատկությունների խորհրդանշական և բարոյաբանական բացատրությունն է) ևայլն: Եպիփան Կիպրացին չի ընդունել Սուրբ Գրքի բացատրության և մեկնության Ալեքսանդրյան դպրոցի այլաբանական մեթոդը: Եպիփան Կիպրացու անունով մեզ հասած մի շարք ճառերի հեղինակային պատկանելությունը տակավին ճշտված չէ: Նրա ճառերը պահպանվել են հայերեն և ասորերեն ձեռագրերում (հունարեն բնագրերը կորած են): Եպիփան Կիպրացու անունով հայերեն թարգմանությամբ հայտնի են «Մեկնութիւն սաղմոսացը», որը սակայն, պատկանում է Թեոդորետոս Կյուրացու (393–457) գրչին, լույս է տեսել Կոստանդնուպոլսում, 1801-ին՝ Աթանաս Ալեքսանդրացու և Դավիթ Անհաղթի մեկնությունների հետ, «Առաջաբան Թագաւորութեանց», «Յաճախապատում ԻԲ արարչագործութեանց եւ ԻԲ Նահապետաց...», «Վասն նախապատիւ եկեղեցեաց», «Անուանք Մարգարէից», «Յաղագս ականց», «Բարոյախաւս» աշխատությունները, բազմաթիվ ճառեր ու ներբողներ: Հիշատակելի է հատկապես Քրիստոսի անձեռագործ պատկերին նվիրված նշանավոր ճառը «Յաղագս սուրբ և նկարագրեալ Տէրունական պատկերին ի դաստառակի սրբոյ», «Արարատ», 1869, դ 8, 1870, դ 9, 10), որն իր բովանդակությամբ կապված է հայ իրականության հետ: Հիշյալ երկերի մեծ մասը հայերեն է թարգմանվել 5-րդ դարին: Եպիփան Կիպրացու Ավետարանների մեկնության հայերեն թարգմանությունն «Ի սկզբնագիր Արարածոց եւ աւետարանական քարոզութեանց...» ունի սկզբնաղբյուրի արժեք (հունարեն բնագիրը կորած է): Երկի հայերեն թարգմանությունը վերագրվում է Մովսես Խորենացուն: Նրա աշխատություններն արդեն 5-րդ դարում օգտագործել են հայ մատենագիրները (Եզնիկ Կողբացի, Մովսես Խորենացի), աշխատություններից հատվածներ են վկայաբերվել հայ դավանական և մեկնաբանական գրականության մեջ: Հայ եկեղեցին Եպիփան Կիպրացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ Հոգեգալստյան տոնի 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը և հոկտեմբերի վերջի շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am