ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ. առաքինազարդ կյանքով ու վարքով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել իբրև հավատի հիմնական սկզբունքների ճշմարիտ և ուղղափառ երաշխավորներ, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ ու ավանդապահներ, եկեղեցու ծառայությանը նվիրված և եկեղեցական նվիրապետության պատասխանատու դեմքեր: Արդի իմաստով «եկեղեցական հայր» հասկացությունն առաջին անգամ օգտագործել է Վիկենտիոս Լիրինացին (5-րդ դար): Նա Եկեղեցական հայրերին տարբերակել է եկեղեցական գրողներից և «եկեղեցական գրող» է կոչել քրիստոնեական այն մատենագիրներին, որոնք չունեն կյանքի սրբություն և ուղղափառ վարդապետություն: Հայրաբանության համար Եկեղեցական հայրերը եկեղեցական գրողներ են, որոնց թողած գրական ժառանգությունը կազմում է հայրաբանության գրականությունը: Կաթողիկե աստվածաբանները եկեղեցական հայրեր են կոչում միայն այն հայրապետներին, որոնք իրենց կյանքի և գործունեության մեջ միացրել են չորս անհրաժեշտ չափանիշներ`

ա) ուղղափառ դավանանք,

բ) կյանքի սրբություն,

գ) ճանաչում եկեղեցու կողմից,

դ) հնություն (վաղեմություն):

Ուղղափառ հայրաբանները, որոշ վերապահումներով ընդունելով առաջին երեք կետերը, մերժում են չորրորդ կետի անհրաժեշտությունը այն հիմական փաստարկով, թե եկեղեցին ապրել և ապրում է հայրերով, և որ եկեղեցական հայրեր գոյություն են ունեցել բոլոր ժամանակներում և պիտի ծնվեն ապագայում էլ այնքան ժամանակ, որքան Սուրբ Հոգին շարունակի հովանավորել Քրիստոսի երկրային եկեղեցուն:

Ժամանակի ընթացքում քրիստոնեական եկեղեցին եկեղեցու նշանավոր հայրերից կազմել է մի փոքր խումբ` Եկեղեցու մեծ հայրեր, Եկեղեցու վարդապետներ անվանումներով: Արևելքի չորս մեծ հայրերն են Աթանաս Ալեքսանդրացին, Բարսեղ Կեսարացին, Հովհան Ոսկեբերանը և Կյուրեղ Ալեքսանդրացին: Արևմտյան եկեղեցին ևս ճանաչում է համաքրիստոնեական Նշանակություն ունեցող Արևելքի այս չորս մեծ հայրապետներին: 800-ական թվականներին Հովհաննես Վանականը Ամբրոսիոսին, Օգոստինոսին, Հերոնիմոսին և Գրիգոր Մեծին համարել է աշխարհի և կրոնական գիտությունների մեծագույն իմաստուններ` իբրև «դրախտի չորս մեծ գետերը»: 11-րդ դարից սկսած Արևմուտքում այս չորսը կոչվում են Եկեղեցու վարդապետներ, իսկ Բոնիփ Ատիոս Ը պապը 1296-ին նրանց դասակարգել է առաքյալներից անմիջապես հետո և կոչել Եկեղեցու նշանավոր վարդապետներ: Հետագայում պապական հատուկ որոշումներով և հռչակումներով Հռոմի եկեղեցու վարդապետների կարգին են դասվել նաև Թովմա Աքվինացին, Բոնավենտուրասը, Փրանցիսկոս Սալեցին և ուրիշներ, իսկ արևելյան հայրերից, բացի Արևելքի չորս մեծ հայրերից, նաև Եփրեմ Ասորին, Կյուրեղ Երուսաղեմացին, Գրիգոր Նազիանզացին և Հովհան Դամասկացին: Հայ եկեղեցին ունի եկեղեցու հայրերի և եկեղեցու վարդապետների մի ցանկ` «երկոտասան վարդապետք» անվամբ, որն արևելքի և արևմուտքի քրիստոնեական մտածողությունների համադրություն է: Նրանում ընդգրկված են Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական աթոռների` Ալեքսանդրիայի, Անտիոքի, Երուսաղեմի, Կոստանդնուպոլսի և Հռոմի, ինչպես նաև Աթենքի, Կեսարիայի, Կիպրոսի մեծահռչակ հայրապետները: Հայ եկեղեցու կողմից ընդունված այդ հայրերն են Ռեթեոս Աթենացին (1-ին դարի Աթենքի հայրապետ), Դիոնիսիոս Արիոպագացին, Սեղբեստրոսը (3-րդ դարի Հռոմի հայրապետ), Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Երուսաղեմացին, Եփրեմ Ասորին, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Նազիանզացին, Եպիփան Կիպրացին, Հովհան Ոսկեբերանը և Կյուրեղ Ալեքսանդրացին (Հայ եկեղեցին նրանց հիշատակը նշում է հոկտեմբերի վերջին շաբաթ օրը):

Հայկական մի շարք ձեռագրերում (Մատենադարան, ձեռագիր դդ 605, 625 ևայլն) Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Երուսաղեմացին, Բարսեղ Կեսարացին և Գրիգոր Նազիանզացին (Աստվածաբան) անվանվում են գլուխ «երկոտասան վարդապետաց» կամ «գերագոյնք» վարդապետներ: Համաքրիստոնեական հայրերի այս ցանկին հայոց Տոնացույցն ավելացրել է նաև զուտ հայ վարդապետների և հայրերի մի ցանկ` «թարգմանիչ վարդապետք» անվան ներքո, որոնք են Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Գ Օձնեցին, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Հայ եկեղեցու Ձեռնադրության Մաշտոցում կա օտար ու հայ` Եկեղեցու վարդապետների մեկ այլ ցանկ, որի մեջ մտել են Տոնացույցի 12 վարդապետները, ինչպես նաև Գրիգոր Սքանչելագործը և Հակոբ Մծբնացին: Մաշտոցի ցանկից դուրս են մնացել Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին: Թարգմանիչ վարդապետներից հիշվում են Սահակ Ա Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը: Ըստ Մաշտոցի, Հայ եկեղեցու վարդապետներն են Գրիգոր Ա Լուսավորիչը, «որդիք և թոռունք Լուսավորչի», Հովհաննես Գ Օձնեցին, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Համադրելով Տոնացույցի և Ձեռնադրության Մաշտոցի տվյալները` կազմվում է Հայ եկեղեցու վարդապետների ու հայրերի մի ցանկ` Գրիգոր Ա Լուսավորիչ, «որդիք և թոռունք Լուսավորչի», Սահակ Ա Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ Անհաղթ, Հովհաննես Գ Օձնեցի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի: Թովմա Մեծոփեցին վարդապետների թվում հիշում է նաև Ստեփանոս Սյունեցուն, որը, սակայն, չի մտել Տոնացույց: Ընդհանրական եկեղեցու «երկոտասան վարդապետներից» և եկեղեցական հայրերից բացի Հայ եկեղեցին սրբերի կարգն է դասել նաև Առաքելական հայրեր ընդհանուր անունով հայտնի, 12-րդ դարերի երեք հայրապետներին` Կղեմես Հռոմայեցուն (հիշատակը նշվում է Հիսնակաց առաջին կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը), Իգնատիոս Անտիոքացուն (հիշատակը` Հիսնակաց չորրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը) և Պողիկարպոս Զմյուռնացուն (հիշատակը` Հիսնակաց երրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը): Մյուս եկեղեցիների համար Առաքելական հայրեն համարվում նաև Բառնաբասը, Հերմասը և Պապիասը (երեքն էլ` 2-րդ դար):

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am