Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Եկեղեցական իրավունք

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ. կանոնական իրավունք, եկեղեցական օրենգիտություն, եկեղեցու անդամների՝ միմյանց և եկեղեցու հանդեպ ունեցած կանոնական հարաբերությունների և նորմերի, իրավունքների և պարտավորությունների համակցություն, եկեղեցու կարգ ու կանոնի, վարչական, կազմակերպչական, բարոյակրթական և ուղղիչ միջոցների ամբողջություն: Արտաեկեղեցական իմաստով եկեղեցական իրավունքն այն օրենքների և սահմանումների ամբողջությունն է, որով որոշվում է եկեղեցու հարաբերությունն այլ մարմինների հետ (պետություն, այլ եկեղեցիներ, կազմակերպություններ ևայլն): Եկեղեցական իրավունքով են կարգավորվել նաև քաղաքացիական իրավական, մասնավորապես՝ ամուսնաընտանեկան հարաբերությունները:

Եեղեցական իրավունքը չի վերաբերում եկեղեցու ներքին էությանը, հավատին և բարոյական օրենքներին, այլ առնչվում է արտաքին կազմակերպությանը, երևույթներին, տեսանելի կողմին: Եկեղեցու սահմանած ոչ բոլոր պարտականություններն են իրավական բնույթի: Աղոթելու, ապաշխարելու, մարդու վրա խորհուրդների ներգործությունը և ներանձնական այլ պարտավորություններ կրոնաբարոյական են և իրավաբանական սահմանումներով չեն որոշվում: Սակայն խորհուրդների գործադրությունը կատարվում է արտաքին երևույթներով և ծիսակատարությամբ, որոնք ենթակա են կանոնակարգման: Եկեղեցու բարոյական օրենքներն իրենց մեջ ամփոփում են քրիստոնեության ընդհանուր և մնայուն գաղափարներ, իսկ եկեղեցական իրավունքն և եկեղեցական կանոնները շոշափելիորեն արտահայտում են այդ գաղափարները որոշակի արտաքին ձևերով, դրանք հարմարեցնելով կյանքի և ժամանակի պայմաններին: Քրիստոնեական բարոյականության նորմերը միշտ և բոլորի համար նույնն են, իսկ եկեղեցական իրավունքը տարբեր ժամանակներում և երկրներում՝ տարբեր է:

Բյուզանդիայում եկեղեցական իրավունքը համակարգվել է 6-րդ դարի՝ Հուստինիանոս I-ի (527–565) օրոք: Արևմտյան Եվրոպայում կանոնական իրավունքի առաջին համակարգումը ձեռնարկվել է 12-րդ դարում, Բոլոնիայում, հետագայում, դրա հիման վրա, լրացված և մշակված հրատարակվել է 1582-ին, Հռոմում (Corpus juris canonici): Արևմուտքում կանոնական իրավունք հասկացությունը չի համապատասխանել հույների ընկալումներին: «Corpus juris canonici»-ն բովանդակել է հոգևոր իշխանության բոլոր իրավական որոշումները՝ թե՛ եկեղեցական, թե՛ քաղաքացիական: Իսկ հույների մոտ կանոնական իրավունքն ընկալվել է որպես միայն եկեղեցավարչական կարգադրությունների, հրահանգների ամբողջություն, որը չի ներառում եկեղեցու աշխարհական անդամների քաղաքացիական հարաբերությունները:

Հայաստանում եկեղեցական իդավունքի առաջին անգամ համակարգել է Հովհաննես Գ Օձնեցին՝ կազմելով առաջին կանոնագիրքը, տես՝ «Կանոնագիրք Հայոց»: Հայոց մեջ կանոն բառը վերաբերում է եկեղեցական հրահանգներին և օրենքներին, նաև կաթողիկոսական այն կոնդակներին, որոնք զուտ եկեղեցական հրահանգներ են ամփոփում և պարտադիր նշանակություն ունեն, ինչպես օրինակ, Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու 1868-ի «Կանոնական կոնդակը»: Հայ եկեղեցական իրավունքի աղբյուրները բաժանվում են 2 մեծ խմբի՝ ընդհանուր և մասնավոր կամ ազգային: Ընդհանուր են այն աղբյուրները, որոնք ընդունում են բոլոր եկեղեցիները՝ Սուրբ Գիրք, ավանդություն, առաքելական կանոններ, երեք տիեզերական ժողովների, վեց տեղական ժողովների, եկեղեցու հայրերի կանոններ: Մասնավոր աղբյուրները ազգային-եկեղեցական ժողովների և Հայ եկեղեցու սուրբ հայրերի կանոններն են, կաթողիկոսական կարգադրությունները, կանոնագրքերը: Որոշակի ժամանակաշրջանի համար եկեղեցական իրավունքի աղբյուր կարող են դիտվել նաև պետական օրենքներն ու կանոնադրությունները, որոնք սահմանվել են գերիշխան պետության միջամտությամբ: Հայոց համար այդպիսիք են «Պոլոժենիե»-ն և Ազգային սահմանադրությունը:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am