ԵԳԻՊՏՈՍԻ ԹԵՄ. Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1825-ին: Առաջնորդանիստը` Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ընդգրկում է Եգիպտոսի համայնքը, Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը: Դեռևս 10-րդ դարի հայերը Եգիպտոսում ունեցել են եկեղեցի և ընդգրկված եղել եկեղեցական համայնքի մեջ: Այդ է վկայում Կահիրեի հայկական եկեղեցում պահպանված խաչքարը (981): Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը 1074–75-ին այցելել է Եգիպտոս և եգիպտահայերի առաջնորդ «պատվիրակ» կարգել Գրիգորիս իշխանին: 1085-ին եգիպտահայ գաղութն այնքան է մեծացել, որ բաժանվել է երկու ծխի. ընտրվել է ևս մեկ առաջնորդ: 1112-րդ դարերի Եգիպտոսում եղել են երեսունից ավելի գործող հայկական եկեղեցիներ և մատուռներ: Կահիրեում 11-րդ դարի վերջին կառուցվել է Սուրբ Գևորգ, իսկ 12-րդ դարի կեսին Զուեյլայում` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Սոհակում` իր որմնանկարներով հայտնի Սպիտակ վանքը: Դուրա քաղաքում գործել են Սուրբ Գևորգ, Սուրբ Հովհաննես, Սուրբ Գրիգոր եկեղեցիները, Շինարում` 7 հայկական եկեղեցի, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր եպիսկոպոսը: Եկեղեցիներ են եղել նաև Ալեքսանդրիայում, Իֆտիխում, Գալուսանիայում, Ասյութում: 1311-ից մինչև 1839-ը եգիպտահայ համայնքը գտնվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության ենթակայության ներքո: Ամրապնդվել են կապերը եգիպտահայ համայնքի և Սսի (Կիլիկիայի) հայոց կաթողիկոսության միջև: 14-րդ դարին Կահիրեում կառուցվել են Սուրբ Մինաս, Սուրբ Մարտիրոս եկեղեցիները: Հետագա դարերում եգիպտահայ համայնքը, չնայած քաղաքական իրադրության փոփոխություններին, իշխանությունների կողմից հալածանքների չի ենթարկվել: Պատմիչ Սիմեոն Լեհացու վկայությամբ, 1615-ին Կահիրեում գործել են Սուրբ Սարգիս եկեղեցին և Սուրբ Մինաս մատուռը, եղել են հայ վանականների մի քանի մենաստաններ, որտեղ գրվել և արտագրվել են մի շարք ձեռագրեր: 1825-ին կազմավորված եգիպտահայոց թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Կիրակոս Երուսաղեմցի Մնացականյանը (1825–32): Թեմի առաջնորդն ավագների խորհրդից ընտրված երեք անձանց հետ ներկայացրել է համայնքի գերագույն իշխանությունը: Թեմի առաջնորդին նշանակել է (մինչև 1839-ը) Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, հաստատել` թուրքիայի սուլթանը: 1839-ին Եգիպտոսի թեմի առաջնորդ Գաբրիել եպիսկոպոս Մարաշցին հռչակել է թեմի անկախությունը Երուսաղեմի հայոց պատրիարքությունից և ձեռնամուխ եղել շինարարական աշխատանքների: Նույն թվականին Կահիրեում կառուցվել է Սուրբ Աստվածածին, 1843-ին` Սուրբ Մինաս եկեղեցին և Կույս Մարիամ մատուռը: 1867-ին Եգիպտոսի թեմը անցել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, 19-րդ դարի վերջից` Մայր աթոռ Ս. Էջմիածնի ենթակայությանը: Ըստ հայ համայնքի վավերացված կանոնադրության, եգիպտահայերը ութ տարին մեկ ընտրում են 24 հոգուց բաղկացած թեմական ժողով, որը գաղութի բարձրագույն օրենսդիր մարմինն է: Թեմական ժողովի անդամներից (կոչվում են երեսփոխաններ) ընտրվում է 7 հոգուց կազմված գործադիր մարմին (2 տարով), որն ի կատար է ածում թեմական ժողովի որոշումները և հաշվետու է նրան: Ժողովը նախագահում է թեմի առաջնորդը: Կահիրեում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կառուցվել է 1824–25-ին), Ամենայն Սրբոց (1953) և Սուրբ Մինաս (1843) եկեղեցիները: Մինչև 1960-ական թվականներին Կահիրեում կանգուն էր նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սուրբ Մինաս եկեղեցու գերեզմանատանն են թաղված մեծանուն հայեր Երվանդ Օտյանը, Սիրանույշը, Վահան Թեքեյանը: Ալեքսանդրիայում գործում են Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին (կառուցվել է 1884-ին) և Սուրբ Գևորգ մատուռը (1927): 1828-ին Կահիրեում հիմնադրվել է Եգիպտոսի առաջին հայկական դպրոցը` Եղիազարյան դպրատունը (հիմնադիր բարերարի անունով), որը 1854-ից կոչվել է Խորենյան (Մովսես Խորենացու անունով) ազգային վարժարան, 1897-ից` Գալուստյան ազգային վարժարան: Գոյատևում է բարերար Կարապետ Գալուստի կուտակած միջոցներով, ուսումն անվճար է, ունի մանկապարտեզ, տարրական և բարձրագույն նախակրթարանի բաժիններ: Վարժարանը գտնվում է թեմի առաջնորդի և հոգաբարձուների հսկողության տակ: Թեմի առաջնորդարանը հովանավորում է նաև 1924-ին Կահիրեում բացված Նուբարյան ազգային վարժարանը (կոչվել է ի պատիվ ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի): Վարժարանին կից գործում է գրադարան, մատենադարան, թանգարան: 1840-ին Ալեքսանդրիայում բացվել է Պողոսյան ազգային վարժարանը. սկզբնական շրջանում կոչվել է Արամյան, 1867-ին` Պողոս-Բեյյան (պետական գործիչ Պողոս Յուսուֆյանի անունով), 1899-ին վերանվանվել է Պողոսյան վարժարան: 1888-ից վարժարանը տեղափոխվել է առաջնորդարանի շենքԵգիպտոսի թեմի առաջնորդն է Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանը (1977-ից):

 

 

Եթովպիայի հոգեվոր հովվություն. կենտրոնը` Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ եկեղեցիՆերկայիս Դեսիե քաղաքի մերձակայքում հայերը դեռևս 7-րդ դարի կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին (կանգուն էր մինչև 1527-ը): 16-րդ դարի հայ հոգևորականները հիմնել են վանքեր (Դեբրա Մարիամ ևայլն), կատարել թարգմանություններ (հայերենից եթովպերեն են թարգմանվել սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքը, նրան վերագրվող մի շարք ճառեր): Հայերն իրենց գործունեությամբ կարևոր դեր են խաղացել երկրի հաս-քաղ. կյանքում: Հայտնի է Մատթեոս անունով հոգևորական դիվանագետը, որը 1513-ին հատուկ առաքելությամբ ուղարկվել է Պորտուգալիա: 1923-ին Ադիս Աբեբայում կառուցվել է մատուռ-աղոթատեղի, 1934-ից գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին: 1927-ին Դիրեդավ քաղաքում կառուցվել է Սուրբ Մինաս մատուռըԵթովպիայի հոգևոր հովիվն է Վարդգես ավագ սարկավագ Նալբանդյանը (1980-ից):

 

 

Սուդանի հոգեվոր հովվություն. կենտրոնը` Խարտումի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (կառուցվել է 1957-ին): Հոգևոր հովիվն էր Սարգիս քահանա Թաշճյանը: Ներկայումս Սուդանում հայեր գրեթե չեն բնակվում, ուստի հովվությունը փաստորեն դադարել է գործել:

 

 

Հարավային Աֆրիկայի ծուխ. կենտրոնը` Յոհաննեսբուրգ: Հայեր բնակվում են Յոհաննեսբուրգում, Պրետորիայում, Քեյփթաունում: Մշտապես գործող հայկական եկեղեցի չունենալու պատճառով փոքրաթիվ համայնքը հովվում է այցելու հովիվը:

 

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am