ԵՂԻՇԵ, ՍՈՒՐԲ ԵՂԻՇԵ. (ծնվել է մոտ 410–415-ի միջև, մահացել է մոտ 470–475-ի միջև), մատենագիր, պատմիչ, իմաստասեր, աստվածաբան, վարդապետ, ազգային ազատագրական պայքարի գաղափարախոս, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ, առաջին թարգմանիչներից: Սահակ Ա Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի կրտսերագույն աշակերտներից: Նրանց հիմնադրած դպրոցներում հայերենի հետ սովորել է հունարեն, ասորերեն և պարսկերեն լեզուները: 434-ին Մովսես Խորենացու և այլոց հետ մեկնել է Ալեքսանդրիա՝ ուսանելու: 441–442-ին վերադարձել է հայրենիք և դարձել Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դպրապետը: 449-ի գարնանը Տիզբոնում ներկա է եղել Հայոց նախարարների առերես հավատուրացությանը, ապա մասնակցել 450–451-ի Վարդանանց պատերազմին: Ավարայրի հերոսամարտից (451-ի մայիսի 26) հետո անցել է ճգնակեցության (այդ ընթացքում գրել է «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկը) նախ Մոկքում, ապա՝ Ռշտունիքում, Վանա լճին մերձակա մի քարանձավում, որը կոչվել է Սուրբ Եղիշեի այր: Այդտեղ էլ վախճանվել է (փետրվար 27) ու ամփոփվել անձավի մոտ: Հետագայում նշխարները վերաթաղվել են լճին առափնյա Չաղար Ս. Աստվածածին վանքում (նրա անունով կոչվել է նաև Սուրբ Եղիշե վանք):

Եղիշե իր «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» մեծարժեք մատյանը երկասիրել է ոմն Մամիկոնյան Դավիթ երեցի պատվերով (458-ից ոչ շուտ, հավանաբար 464-ից հետո): Երկը Հայաստանի ու հարևան երկրների պատմության ուսումնասիրման կարևոր սկզբնաղբյուր է, հայ պատմահայրենասիրական գրականության գլուխգործոց: Այն 5-րդ դարի կեսի հայոց ազատագրական պատերազմի պատմությունն է Պարսից Սասանյանների (Հազկերտ II) զավթողական քաղաքականության դեմ: Բաղկացած է ընծայականից և յոթ գլխից «Յեղանակներ»: Ունի լրացուցիչ գլուխ («Արտաքոյ եաւթն յեղանակին»), որտեղ Եղիշեն նկարագրում է գերեվարված հայ հոգևորականների նահատակությունը, և երկու հավելված «Վասն խոստովանողացն Հայոց...», «Անուանք նախարարացն...»: Մեզ հասած ձեռագրերում եղանակների վերնագրերն ու թիվը տարբեր են, բայց երկի ամբողջականությունը խախտված չէ: Եղիշեն ըստ ամենայնի ուսումնասիրելով հակապարսկական ապստամբությունը՝ պարզաբանել է դրա պատճառները, ընթացքն ու հետևանքները: Այս նպատակով աշխատությունը բաժանել է երեք մասի՝ «սկիզբ» (հանգամանորեն պատմում է Վարդանանց պատերազմի պատճառների մասին), «միջոց» (նկարագրում նրա ընթացքը) և «ավարտ» (խոսում է շարժման հետևանքների մասին): Հեղինակը նախ ներկայացնում է դարաշրջանի ընդհանուր պատկերը, Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը և ապա այդ հենքի վրա շարադրում պատմական իրադարձությունները՝ շեշտելով ոչ միայն կրոնական (հավատքի ճնշումը), այլև հասք աղ. հանգամանքները: Պատմիչը հակապարսկական շարժմանը տալիս է դյուրըմբռնելի բացատրություն՝ պայքար քրիստոնեության ու հայրենիքի պաշտպանության համար: Հանուն այդ նպատակների ինքնազոհողությունը համարում է հոգևորարոյական անմահություն «Մահ ո°չ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»:

Բացահայտելով պատերազմի համաժողվրդային բնույթը՝ կերտում է հերոսներ, դրականները՝ Վարդան զորավարի գլխավորությամբ, բացասականները՝ ի դեմս Հազկերտ II-ի, Միհրներսեհի, մանավանդ Վասակ Սյունեցու: Յուրօրինակ պատմելաոճով փաստական-գիտականը զուգակցում է գեղարվեստական հնարների հետ: Երկն ունեցել է 40-ից ավելի հրատարակություններ (հինգ անգամ՝ աշխարհաբար), լույս տեսել բազմաթիվ լեզուներով (անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն ևայլն): Առաջին անգամ հրատարակվել է 1764-ին, Կ. Պոլսում, «Գիրք պատմութեան սրբոց Վարդանանց զորավարացն հայոց» խորագրով: Գիտահամեմատական լավագույն հրատարակությունը լույս է տեսել 1957-ին, Երևանում «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին», կազմեց և ծանոթագրեց՝ Եղիշե Տեր-Մինասյան:

Եղիշեն գրել է նաև Աստվածաշնչի որոշ գրքերի մեկնություններ, որոնցից կարևորագույնը Ծննդոց գրքին նվիրված «Արարածոց մեկնութիւնն» է (ամբողջական բնագիրը մեզ չի հասել): Առկա հատվածները Լևոն Խաչիկյանի աշխատասիրությամբ հրատարակվել են 1992-ին, Երևանում: Նրա բնորոշմամբ Եղիշեի «Արարածոց մեկնութեան» մեջ շոշափվել են տիեզերագիտության, բնագիտության, օդերևութաբանության, կենդանաբանության ու բուսաբանության բնագավառներին վերաբերող բազում խնդիրներ, որոնք լուծվել են ժամանակի գիտական մտքի մակարդակին համապատասխան: Ուշագրավ է «Հայր մեր» աղոթքի մեկնությունը ճառի ձևով ու գեղեցիկ իմաստներով:

445-ին Եղիշե գրել է «Յայլակերպութիւն Քրիստոսի կամ Ի Թաբոր Լերին յայտնութիւն Տեառն...» ճառը, որտեղ խորհրդածություններով բացատրել է Ավետարանը, վերջնամասում ըստ ամենայնի նկարագրել Թաբոր լեռն իր երեք եկեղեցիներով, վանականների վարքով, ժամասացության եղանակով ևն: 455-ին գրական գեղեցիկ ոճով հեղինակել է «Բան խրատու յաղագս միանձանց» համառոտ ճա-ռը: Եղիշեի երկերից են նաև «Վասն Հոգւոց մարդկան...» (460), «Հարցմունք եւ պատասխանիք ի Գիրս Ծննդոց» ևայլն: Նրա գրչին են պատկանում մեկնաբանական ու ճառագրական երկեր, որոնցում հակում է դրսևորվել դեպի այլաբանական բազմաշերտ մտակառուցումներով աչքի ընկնող նորպլատոնական իմաստասիրությունը:

Ստեղծագործություններն ուշագրավ են խորհրդանշանին տրված որակումներով, որոնց ուսումնասիրությունն այսօր հնարավորություն է տալիս վեր հանելու միջնադարյան խորհրդանշանի աստվածաբանության և գեղագիտության մի շարք առանձնահատկություններ: Այդտեղ ներկայացված են թվերի, առարկաների, երևույթների խորհրդաբանական բացատրությունները, որոնք իրենց տեսակի մեջ վաղագույններից են մեզանում: Այդ բնույթի երկերից են «Յերեւումն Տեառն առ Տիբերայ ծովուն», «Յայլակերպութիւն Քրիստոսի», «Ի չարչարանս Քրիստոսի», «Յերեւումն Տեառն աշակերտաց» ճառերը և «Յեսուայ եւ Դատաւորաց» մեկնությունը:

Եղիշեի աստվածաբան. հայացքներում քրիստոսաբանական ուսմունքը հասուն է և ամփոփ, իր կառուցվածքային իմաստով՝ վերջնական: Այդ դիրքերից է Հայ եկեղեցին հետագա դարերում կարողացել հակահարված հասցնել քաղկեդոն ականությանը: Սուրբ Երրորդության վարդապետությունը զարգացած է և ամբողջական, հստակ են ներկայացված երեք Անձերի փոխհարաբերությունն երը: Եղիշե հարազատ է մնացել արևելյան աստվածաբանության ավանդույթներին: Համաշխարհային քրիստոնեական գրականության մեջ Եղիշե առաջիններից էր, որ մշակել է երկնային ու երկրային իշխանության (պետության) մասին ուսմունքը: Երկրայինը կոնվենցիոնալ բնույթ ունի, խարսխված է մարդկայինի վրա, նրա օր ենքները միջնորդավորված են, հարաբերական, փոփոխման ենթակա: Նրա իրավասության տակ են աշխարհիկ, նյութական և տնտեսական երևույթների ղեկավարումը, մարդու մարմինը, բայց ոչ հոգին:

Երկնայինի հիմքերը երկնայինի մեջ են, բացարձակ են, Արարչագործությունից սերած: Նրա օրենքներն անմիջապես բխում են գերագույնից, անփոփոխ են և ղեկավարում են եկեղեցական, հոգևոր-իմացական բնույթի երևույթները: Իշխանության երկատվածությունից բխում է օրենքների երկվությունը՝ հոգու և մարմնի օրենքները: Օրենքների երկվությունը հիմք է դատավարության երկտեսակության (մարդկային, աստվածային) համար: Հետևելով Եզնիկ Կողբացուն՝ Եղիշե քրիստոն եության դիրքերից հերքել է զրադաշտական կրոնը: Ըստ նրա՝ քրիստոնեության և հայրենիքի պաշտպանությունը, հանուն հավատի և ազատության մղվող պայքարը նույնական են: Գոյություն ունեցող նյութական աշխարհն Արարչագործության արդյունք է: Աստված սկզբից ստեղծել է անկերպ նյութ, բաժանել 4 տեսակների՝ օժտելով որակական որոշակիությամբ, որոնց խառնուրդից ստեղծվել է բնության բազմազանությունը: Աշխարհի հիմքում ընկած 4 սկզբնանյութեր-տարրերը (հող, ջուր, օդ և կրակ) հավերժ են և գտնվում են հակադրության ու միասնության վիճակում: Ըստ Եղիշեի՝ գոյություն ունեն 3 աշխարհներ՝ հոգևոր (Աստված), զգայականնություն) և զգայական-հոգևոր (մարդ): Մարդը ոգու և նյութի, աստվածայինի և երկրայինի հակադրության միասնության կրողն է: Մարդու նպատակն է հասնել հոգևոր կատարելության, որն անձի ինքնահաստատման միակ ուղին է և փիլիսոփայության հիմնական խնդիրը: Հոգևոր կատարելագործման առաջին աստիճանն արտաքին աշխարհի իմացությունն է, որն իրագործվում է զգայությունների և բանականության միջոցով:

Քրիստոնեացված պյութագորականության ոգով Եղիշեն հետմաշտոցյան շրջանում առաջին անգամ ստեղծել է տիեզերքի մոդելը թվերի սիմվոլիկայի հիման վրա, առաջ քաշել երկնային մարմինների գնդաձևության, նաև օրվա և տարվա ընթացքում արեգակի բոլորաձև շարժման (պտույտի) գաղափարը ևն: Այս գաղափարները կուռ բնագիտական համակարգի է վերածել Անանիա Շիրակացին: Եղիշեի հայացքները նպաստել են Փիլոն Ալեքսանդրացու, նորպյութագորական, նորպլատոնական գաղափարների տարածմանը, հայ փիլիսոփայության, մասնավորապես, նորպլատոնական ուղղության ձևավորմանը:

Հայ եկեղեցին Սուրբ Եղիշեի հիշատակը նշում է Խաչվերացի հինգերորդ կիրակիին նախորդող Շաբաթ օրը՝ «սրբոց թարգմանչաց վարդապետաց» հետ:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am