ԹՈՒՂԹ. նամակ, ուղերձ, գրական ժանր, հրապարակախոսական-նամակագրական բնույթի երկ` ավանդված դեռևս հունա-հռոմեական բանաստեղծների կողմից (ՔԱ 1-ին դար – ՔԵ 1-ին դար): Արձակ Թուղթի հիմնական նախատիպերը Մերձավոր Արևելքի զանազան երկրների դիվանատներից դուրս եկած նամակներն են և Նոր կտակարանում ամփոփված առաքելական կամ ընդհանրական թուղթերը: Վերջիններս էլ իրենց նախնական-չտարբերակված օրինակներն ունեն Հին կտակարանում. Երկրորդ Օրինաց գրքի շատ հատվածներ, Նեեմիի գիրքը, Բարուքի Թուղթը և այլն: Սակայն ձևավորված և կայուն կառուցվածք ունեն հատկապես Հիսուս Քրիստոսի առաքյալների գրած ընդհանրական թուղթերը: Այս ժանրի երկերը հայ մատենագրության մեջ հայտնի են տոմար, նամակ, թուղթ և այլ անվանումներով: Քանի որ դրանք շատ են ընթերցվել, վաղ միջնադարում և հետագայում գրվել են նաև կեղծ թուղթեր` եկեղեցու և մշակույթի նշանավոր գործիչների անունից (օրինակ, նշանավոր «Դաշանց թուղթը», որը քաղաքական նպատակներ է հետապնդել): Հայ մատենագրության գանձարանում առկա թուղթերը կարելի է տեսակավորել հետևյալ սկզբունքով.

Ա. Հրապարակային ընթերցման թուղթեր, որոնք ունեցել են ոչ այնքան գործնական, որքան գրական ստեղծագործության բնույթ (օրինակ, Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան», Ներսես Լամբրոնացու «Թուղթ առ Լեւոն», Գրիգոր Մագիստրոս Պահլավունու թուղթերը և այլն):

Բ. Վավերագրեր, որոնք պատմական ուսումնասիրությունների առանձին բնագավառ են և կարող են տալ բազում կնճռոտ հարցերի պատասխաններ: Թուղթերի այս տեսակը հիմնականում պատմական. (Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ զետեղված Աբգարի թուղթերը` ուղղված Փրկչին, Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ և Պարսից Արտաշիր թագավորներին ու նրանց պատասխան թուղթերը), միջպետական ու միջեկեղեցական վավերագրեր են (ինչպես կաթողիկոսական և պետական դիվանագետների վավերագրերը, որոնցից ամենահայտնիներն են Ներսես Շնորհալու թուղթերը): Սակայն նման բաժանումը պայմանական է, քանի որ նույն թուղթում հեղինակը կարող է զուգորդել այս երկու հատկանիշներն էլ: Վավերագիր թուղթեր մեզ են հասել նաև մի շարք ժողովածուներով, որոնցից հնագույնը «Գիրք թղթոցն» է: Ներսես Շնորհալու «Պատճառ խնդրոյ միաբանութեան» ժողովածուում, Թովմա Մեծոփեցու կազմած «Թուղթ նամակի վարդապետաց եկեղեցւոյ» հավաքածուում (Սուրբ Ղազար վանքի մատենադարան, ձեռագիր դ 1091) և այլ ժողովածուներում շարադրված է բազմաթիվ ծիսական ու դավանական խնդիրների նկատմամբ Հայ եկեղեցու և նրա առաջնորդների դիրքորոշումը: Յուրաքանչյուր գրչության կենտրոն (նոտարատուն) ստեղծել է թուղթի (ուղերձի) շարադրման իր բանաձևային համակարգը:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am