ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐ. քրիստոնյա աղանդավորներ Հայաստանում և Բյուզանդիայում 9-11-րդ դարերում: Անվանումը ծագել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի Թոնդրակ գյուղի անունից, որտեղ աղանդի հիմնադիր համարվող Սմբատ Զարեհավանցին կազմակերպել է համայնք և դարձրել Թոնդրակեցիների կենտրոն: Ըստ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Սմբատ Զարեհավանցին «ի հիմաց սասանեց առաքյալներին և մարգարեներին», «չար մոլորությունն ուսանելով Մրջուսիկ անունով մի պարսիկ բժշկից և աստղաբաշխ մոգից»: Նրան հաջորդած աղանդապետներից հայտնի են Թոդրոսը, Անանեսը, Արքան, Սարգիսը, Կյուրեղը, Հեսուն և Ղազարը: Թոնդրակեցիների խոշորագույն կենտրոններից էր Մանանաղին, որտեղ ծագել էր պավլիկյան աղանդը: Վերջիններս, ինչպես նաև նախորդ բոլոր աղանդները, մեծ ազդեցություն են ունեցել Թոնդրակեցիների գաղափարախոսության ձևավորման վրա: Ավելին, ժամանակակիցները Թոնդրակեցիներին համարել են վերստին ասպարեզ իջած պավլիկյաններ և նրանց գաղափարների ուղղակի ժառանգորդներ: Թոնդրակեցիների մասին տեղեկություններ է հաղորդում Անանիա Նարեկացին, որը Անանիա Ա Մոկացի Հայոց կաթողիկոսի պատվերով հեղինակել էր մի գործ` բացահայտելու Թոնդրակեցիների սխալներն ու մոլորությունները: Անանիա Նարեկացու հակաճառությունը Սմբատ Զարեհավանցու և Թոնդրակեցիների ուսմունքի դեմ չի պահպանվել: Սակայն Գրիգոր Նարեկացին Կճավա վանքին գրած «Անանիայի գիր խոստովանութեան յաղագս սուտ կարծեացն, որ վասն նորա» թղթում ամփոփ տվել է Անանիա Նարեկացու գրվածքի բովանդակությունը և համառոտ թվել Թոնդրակեցիների ուսմունքի 14 կետեր: Այնուհետև Թոնդրակեցիների մասին տեղեկություններ են տալիս Արիստակես Լաստիվերցին (11-րդ դար), Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, փիլիսոփա, աստվածաբան Պողոս Տարոնեցին (12-րդ դարի սկիզբ), Հայոց կաթողիկոս Ներսես Դ Կլայեցին (Ներսես Շնորհալի): Թոնդրակեցիներ պատմական ասպարեզ են իջել 9-րդ դարի 30-ական թվականներին, իսկ նրանց դեմ հալածանքները սկսվել են նույն դարի կեսին: Ըստ Գրիգոր Նարեկացու, Մանազկերտի արաբ ամիրա Աբդուլ-Բարդը 840–850-ական թվականներին դաժանորեն ճնշել է նրանց ելույթները և սպանել Սմբատ Զարեհավանցուն: 10-րդ դարի 2-րդ կեսից սկսվել է թոնդրակյան աղանդի գործունեության վերելքը` լուրջ վտանգ ներկայացնելով Հայ եկեղեցու համար: Հարք գավառում, Մանանաղի գավառի Կաշե, Աղյուսո, Թուլայլ գյուղերում (Գրիգոր Մագիստրոս Պահլավունին դրանք անվանել է «շնավաններ»), Խնուս, Անի քաղաքներում կազմակերպվել են համայնքներ` ծավալելով աշխույժ գործունեություն: Քարոզիչներ են գործել Շիրակում, Ռշտունիքում, Մոկքում: Ըստ Արիստակես Լաստիվերցու, Հարքում, Հակոբ եպիսկոպոս Հարքացու գլխավորությամբ, Թոնդրակեցիներ կարգալույծ են արել բարձրաստիճան հոգևորականներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները: Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին հալածել է Թոնդրակեցիներին, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբ Հարքացուն բանտարկել է և ճակատին աղվեսադրոշմ խարանել: Արիստակես Լաստիվերցին իր «Պատմութեան» 23-րդ գլխում պատմում է Մանանաղի գավառի Կաշե և Աղյուսո գյուղերի թոնդրակյան համայնքների մասին, որոնք Կունծիկ աբեղայի ղեկավարությամբ, ազնվական կանանց` Հրանույշի, Կամարայի, Ախնիի և Վրվեռ անունով մի իշխանի աջակցությամբ ավերել են եկեղեցիները, սրբատեղիները, կործանել խաչերը: Այնուհետև պատմիչը մանրամասն նկարագրել է Պախր կամ Գայլախազուտ լեռան ստորոտում Բազմաղբյուր ավանի մոտ կանգնած մեծահռչակ խաչը խորտակելու դեպքը: Ի պատասխան դրա` Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը արքունի զորաջոկատով ավերել և հրկիզել է տվել աղանդավորների երկու գյուղերը` Կաշեն և Աղյուսոն, իսկ նրանց 6 առաջնորդների ձերբակալելով` տարել Ջերմ գյուղաքաղաքը, դատել բազմության առջև ու աղվեսադրոշմ խարանել դեմքերին: Չնայած ծանր հալածանքներին` չի հաջողվել վերացնել Թոնդրակեցիների աղանդը, որը գնալով ավելի է տարածվել և ծավալվել Հայաստանում: Բյուզանդական Կոստանդին 9-րդ Մոնոմախ կայսրի (1042–54) հրամանով Հայաստանի հարավային նահանգների և Հյուսիսային Միջագետքի կառավարիչ նշանակված Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1050–54-ին նոր հալածանքներ է սկսել Թոնդրակեցիների դեմ` նրանց բնաջնջելու նպատակով. այդ մասին տեղեկություններ կան նրա Թղթերում: Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատներն ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր` Թոնդրակեցիներին արտաքսելով երկրից և Միջագետքի հյուսիսային շրջաններից: 11-րդ դարին 30–50-ական թվականներին. Հայաստանի նկատմամբ Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության հետևանքով աղանդավորներով բնակեցված շատ շրջաններ մտել են Բյուզանդական կայսրության մեջ, որի կառավարությունը նրանց բռնագաղթեցրել է կայսրության տարբեր շրջաններ, գլխավորապես` պավլիկյանների ավանդական աքսորավայր Ֆիլիպոպոլիս: Այստեղ նրանցից կազմավորվել են զորագնդեր, որոնք մեծապես նպաստել են բյուզանդական այդ մասի քաղաքների ու շրջանների պաշտպանությանը ավարառու ցեղերի արշավանքներից: 11-րդ դարի վերջին Թոնդրակեցիների որոշ մնացորդներ ապաստանել են Հյուսուսային Միջագետքում` հիմնելով կազմակերպված համայնքներ: Աղանդի կենտրոններից մեկի` Մանանաղիի Կաշե ավանի անունով նրանք կոչվել են կաշեցիք, նույն գավառի Թուլայլ գյուղի անունով` թուլայլեցիք և այլն: Թոնդրակեցիների համայնքներ են եղել Տարոնում, Հարքում, Մարդաղիում, Վասպուրականում, Շիրակում, հավանաբար` Սյունիքում:
Թոնդրակեցիների ուսմունքի և գաղափարների մասին աղբյուրները շատ ժլատ տեղեկություններ են հաղորդում. հիմնականում նշում են եկեղեցու հեղինակությունն ու կարգերը մերժող հայացքները և ողողված են հայհոյանքներով ու անարգալից խոսքերով: Գրիգոր Մագիստրոսը վկայում է, որ նրանք իրենց համարել են հայ քրիստոնյաներ: Նա Թոնդրակեցիներին բաժանել է երեք խմբի: Ծայրահեղորեն տրամադրված է համարել «յարութիւնն ի մեռելոց» չընդունողներին, նրանց, ովքեր «ի չարն կատարելագոյնք են» և, ինչպես էպիկուրյանները` անաստված: Միջին տեղում գտնվողներին նմանեցրել է մանիքեցիներին, իսկ ինչ-որ չափով խաղաղ տրամադրվածների մասին ասել է, թե նրանք առերես հետևում են քրիստոնեականավանդույթներին: Թոնդրակեցիների ուսմունքն առավել մանրամասն ներկայացրել է Գրիգոր Նարեկացին Կճավա վանքին ուղղած իր գրության 14 կետերի մեջ: Ուսմունքի հետևորդները մերժել են քահանայական կարգը և եկեղեցական նվիրապետությունը, եկեղեցին` առհասարակ, ձեռնադրության, մկրտության, հաղորդության խորհուրդները, Քրիստոսի զոհաբերությունը մարդկանց փրկության համար կամ պատարագը, ինչպես նաև մատաղը, ծնրադրությունը` որպես պաղատանքի արտահայտություն, տերունական տոները և ընդհանրապես արտաքին բոլոր ծիսակատարություններն ու արարողությունները: Թոնդրակեցիների վարդապետությամբ կատարյալ սերն այն է, երբ մարդիկ սիրով են մերձենում միմյանց` համարելով դա Աստծուն հաճելի կենցաղավարություն. այս հարցում էլ Թոնդրակեցիներ բոլորովին չեն ընդունել եկեղեցու հեղինակությունը, մերժելով եկեղեցական ամուսնության ու պսակի խորհուրդը, և մծղնեների նման ազատ սիրո քարոզը դարձրել են իրենց կենցաղավարության բարոյական չափանիշ: Սա հիմք է տվել հակառակորդներին` Թոնդրակեցիներին մեղադրելու անառակ կյանքի և կենցաղի մեջ: Թոնդրակեցիներ կռապաշտություն են համարել խաչի ու սրբապատկերների պաշտամունքը, քարոզել են «մարդապաշտութիւն», մերժել Քրիստոսի աստվածությունը` նրան համարելով սովորական մի մարդ, իրենց աղանդի գլխավորին անվանել են Քրիստոս, փրկիչ, ազատարար, Աստծո ուղարկած մարգարե, որը վերջ էր տալու չար աշխարհի բոլոր անարդարություններին: Ըստ Գրիգոր Մագիստրոսի, Թոնդրակեցիներ գաղտնի են պահել իրենց «չար աղանդը», աղանդի ու նրա կենտրոնի մասին հարցնողներին սխալ ճանապարհ ցույց տվել` իրենց հետքերը թաքցնելու նպատակով: Թոնդրակեցիների աղանդը հայ պատմագիտության մեջ հայտնի է Թոնդրակյան շարժում անունով: Խորհրդահայ պատմաբաններն այն ներկայացրել են ավելի շատ որպես սոցիալական, հակաֆեոդալական շարժում, աշխատավոր գյուղացիության` ֆեոդալիզմի դեմ մղած պայքար, անգամ ազգային ազատագրական շարժում, չափազանց ընդգծելով նրա քաղաքական կողմը` որպես հայրենիքի անկախության համար մղած պայքար արաբների և բյուզանդացիների դեմ (Վ. Համազասպյան, Ա. Մնացականյան, Ա. Հովհաննիսյան, Ս. Պողոսյան և այլն): Թոնդրակեցիների ուսմունքի բուն էությունը, այլ աղանդների հետ նրանց կապերը և նմանատիպ բազմաթիվ հարցեր գրեթե անտեսվել են:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am