ԹԻՖԼԻՍԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ. Բերդի Մեծ եկեղեցի, Կաթողիկե Սուրբ Գևորգ, Նարիկալա ամրոցի ստորոտում, Հայաստանյայց առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդանիստը: Ըստ շինարարական արձանագրության, 1251-ին կառուցել է պարոն Ումեկը (սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին), որը մոնղոլական արշավանքների հետևանքով 1242-ին Կարինից գաղթել էր Տփղիս (Թիֆլիս) և վրաց արքունիքում բարձր դիրքի հասել: Թիֆլիսի Սուրբ Գևորգ աղյուսաշեն եկեղեցին ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք, եռյակ լուսամուտներով խորանի երկու կողքերին ավանդատներով: Ճակատները և 12-նիստանի բարձր գմբեթը զարդարված են աղյուսե ձևավոր շարվածքով: 1284-ին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցիում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) քարոզ է կարդացել «Յաղագս երկնային շարժմանց» թեմայով՝ նվիրված աստղաբաշխությանն ու օդերևութաբանությանը: 14–18-րդ դարիերին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցիում բազմաթիվ ձեռագրեր են գրվել: 1616-ին Պարսից շահ Աբբասի արշավանքից հետո եկեղեցին խլվել է հայերից և չի գործել: 1779-ին ավագերեց Առաքել Սահառունյանը վերաբացել է այն, 1781-ին հարավից և արևմտից շրջապատել պարսպով, բնակելի շենք կառուցել, նորոգել եկեղեցու գմբեթը և ներսը նկարազարդել: 1792-ին մահտեսի Հակոբջան Արղունյանը նորոգել է ծածկի թաղերը և եկեղեցուն նվիրել Սեյիդաբադի այգիները: 1795-ին Պարսից Աղա-Մահմեդ-խան Ղաջարի արշավանքի ժամանակ Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցի կողոպտվել է և հրդեհվել, ոչնչացել են այնտեղ պահվող ձեռագրերը: Հրոսակների ձեռքով զոհվել է նաև Սայաթ-Նովան, որին թաղել են եկեղեցու հյուսիսային պատի տակ (ավանդություն): 1808-ին Եդեգարի որդի Դավիթը նորոգել է արևելյան ճակատը, 1832-ին երեսփոխան Աբրահամ Քեփրինյանցը կառուցել է եկեղեցու վերնատունը, տանիքը ծածկել կղմինդրով, ներսը սալահատակել: 1882-ին Ավթանդիլյանցի պատվերով պատրաստվել է մկրտության մարմարե ավազանը, 1883-ին Անտոն Սողոմոնյանցի շնորհիվ՝ արևմտյան դուռը և նրա առջևի ծածկը: 1922-ին գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցիում նկարել է չորս որմնանկար և Քրիստոսի կյանքը պատկերող մեծադիր կտավներ: 1925-ին նրա աճյունն ամփոփվել է եկեղեցու հյուսիսային պատի տակ:
1930-ական թվականներին Թիֆլիսի հայկական Հարանց վանքը քանդելու և տեղում դպրոց կառուցելու պատճառով վանքի տարածքից Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակ են տեղափոխվել հայ նշանավոր զորավարներ Մ. Լոռիս-Մելիքովի, Ի. Լազարյանի, Ա. Տեր-Ղուկասովի և Բ. Շելկովնիկովի աճյունները: 1977-ին նորոգվել է եկեղեցին, մաքրվել ներսի պատերի յուղաներկի շերտը, բացվել է նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի վրձնին պատկանող տասը որմնանկար (18-րդ դարի վերջ)՝ ի լրացումն մինչ այդ պահպանված 14-ի: Խորանի գմբեթարդին պատկերված է ամպերին բազմած Քրիստոսը, ձեռքին մագաղաթ՝ «Գնացեք, այսուհետև աշակերտեցեք զամենայն հեթանոսն» գրությամբ, երկնքում ՝ աղավնակերպ Սուրբ Հոգին և սերովբեներ: Խորանի կամարի ձախակողմյան մասում սուրբ Աբգարի պատկերն է՝ Քրիստոսի անձեռագործ դաստառակը ձեռքին, «Սուրբ Աբգար նախահաւատ թագաւոր հայոց» մակագրությամբ, աջակողմյան մասում՝ Տրդատը՝ «Սուրբ Տրդատ անդրանիկ թագաւոր հայոց», և Կոստանդիանոս Մեծը՝ «Սուրբ Կոստանդիանոս թագաւոր» գրություններով: Հյուսիսային պատի ձախ մասում՝ «Ավետման», հարավային պատի աջ կողմում՝ «Ծննդյան», ձախ մասում «Մկրտության» տեսարաններն են, հյուսիսային պատի աջ կողմում՝ «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումն» է, հյուսիսային կամարին՝ «Սաղմոսասացն Դավթի հալածումը Սավուղ թագավորից»: Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու որմնանկարները կատարման ոճով ակնհայտ աղերս ունեն իտալական գեղանկարչության հետ: Սրբապատկերային կանոնիկ գունային կառուցվածքի հետ որմնանկարների երփնապնակում առաջնակարգ տեղ են գրավում կարմիրի և կանաչի հետ ոսկեդեղին ու թափանցիկ կապույտ գույները, որոնք եկեղեցու ներսում պայծառ և տոնական հանդիսավորություն են ստեղծում: Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում 1914-ից ամեն տարի մայիսին մեծարվում է Սայաթ-Նովայի հիշատակը՝ ժողովրդի այցելությամբ և Վարդատոնով (նախաձեռնողը եղել է Հովհաննես Թումանյանը): Եկեղեցում հին տոմարով նոյեմբեր 10-ին նշվում է սուրբ Գևորգի տոնը:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am