ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ. հոգևոր ուսումնական հաստատություն Անդրկովկասում: Ցարական կառավարության՝ 1836-ին հրապարակած «Կանոնադրության» («Պոլոժենիե») հիման վրա ռուսահայ յուրաքանչյուր թեմ պետք է ունենար իր թեմական դպրոցը: Այդպիսի դպրոցներ են բացվել Թիֆլիսում (1837-ին Ներսիսյան դպրոցը ստացել է թեմականի կարգավիճակ), Երևանում (1837), Շուշիում (1838), Աստրախանում (1838), ավելի ուշ՝ Նոր Նախիջևանում (1880), Շամախիում (1884): Թեմական դպրոցների նյութական միջոցները գոյացել են թեմի եկեղեցական կալվածքների եկամուտներից, նվիրատվություններից, ունևոր ծնողների զավակներից գանձվող ուսման վարձից: Սկզբնապես թեմական դպրոց եղել է երեքդասյա, ունեցել գիշերօթիկ բաժիններ, որդեգիրներ: Ուսումնական ծրագրերում ընդգրկվել են կրոնական առարկաներ՝ Հին և Նոր կտակարանների պատմություն, քրիստոնեական վարդապետություն, Հայ եկեղեցու պատմություն, ավանդվել են նաև ընդհանուր, Հայոց և Ռուսաց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, ֆրանսերեն: Մասնագետների և դասագրքերի պակասության պատճառով որոշ առարկաներ դասավանդվել են ռուսերեն: Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցու նախաձեռնությամբ թեմական դպրոցների համար ընդունվել է կանոնադրություն (1859-ին՝ Շուշիում, 1861-ին՝ Ներսիսյան և Երևանի դպրոցներում): Թեմական դպրոց, ունենալով համեմատաբար տևական կյանք, դարձել է ժամանակի (1860–70 թվականներին) լուսավորական շարժմանը ուղղություն տվող կենտրոն, հասարակական տարբեր խմբավորումների ու հոսանքների պայքարի ասպարեզ: Ազգային վերածննդի ընթացքը դպրոցը մոտեցրել է ժողովրդին՝ ընդգծելով նրա ժողովրդական, աշխարհիկ բնույթը: Ընդլայնվել են դպրոցի շրջանակները, մեծացել ուսման ծավալն ու դասարանների թիվը, մուտք են գործել բնական գիտությունները, որոնք էլ պայմանավորել են նրա բազմակողմանի հանրակրթական ուղղությունը: 1869-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ընդունել է ընդհանուր կանոնադրություն, կարևորել ժողովրդի՝ աշխարհականներից ու հոգևորականներից ընտրած հոգաբարձության դերը, որի նախագահը եկեղեցու հսկողությունն ապահովող թեմական առաջնորդն էր: 1884–86-ին թեմական դպրոցների նշանակությունն ավելի է մեծացել, քանի որ դրանք այդ շրջանում, ինչպես և Գևորգյան ճեմարանը, եղել են միակ ուսումնական հաստատությունները, որոնք պատանիներին տարրականից բարձր հայեցի կրթություն տալու հնարավորություն են ունեցել: 1886-ին Մակար Ա Թեղուտցին թեմական դպրոցի մակարդակը բարձրացնելու նպատակով հաստատել է միասնական նոր ծրագիր: Վերացվել են նախապատրաստական դասարանները, ստեղծվել է վեցդասյակազմ (լրիվ միջնակարգ): Կրոնական մի քանի առարկաներից բացի ավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, ֆրանսերեն, ընդհանուր` Հայոց, Ռուսաց պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ձայնագրություն և այլն: Նկատելիորեն ավելացել է աշակերտների թիվը, ուսուցիչների մեծ մասն ունեցել է բարձրագույն կրթություն: Թեմական դպրոցի և արևելահայ կրթական ողջ համակարգում բացառիկ դեր է կատարել Ներսիսյան դպրոցը:

Այստեղ են ծնունդ առել մանկավարժական առաջադեմ մտքերն ու գործերը, այստեղից են հայ պատանիները մեկնել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այս առաջընթացին մեծապես նպաստել է լուսավորիչ, մանկավարժ Ստեփան Նազարյանի տեսչական գործունեությունը (1869–71) Ներսիսյան դպրոցում: 1836-ին բացվել է հինգերորդ դասարան, 1877-ին՝ վեցերորդ, 1878-ին՝ յոթերորդ, որը Ա. Մանդինյանի նախաձեռնությամբ դարձել է մանկավարժական դասարան, իսկ 1881–1885-ին Ա. Բահաթրյանի ղեկավարությամբ ուսուցիչներ է պատրաստել ազգային դպրոցների համար: 1880-ական թվականների կեսին դպրոցն արդեն լրիվ միջնակարգ էր (կոչվել է նաև դպրանոց կամ ճեմարան), որտեղ սովորել է մոտ 500 աշակերտ: Այստեղ հայ ազգային դպրոցի որոշակի համակարգ ձևավորելու գործում անգնահատելի են Պ. Շանշյանի մանկավարժական եռանդուն գործունեությունն ու նորամուծությունները: Նա մտցրել է հայոց լեզվով դասավանդում, արգելել ծեծը, աշխուժացրել ստեղծագործական մթնոլորտը: Պ. Պռոշյանը նրա տեսչական գործունեության շրջանը համարել է ոսկե դար: Երևանի թեմական դպրոց աշխուժություն է ապրել 1872-ից՝ Խորեն Ստեփանեի տեսչության շրջանում: 1876-ին նորընտիր հոգաբարձության կազմում ընտրվել են բանիմաց և գործունյաանձինք, տեսուչ է հրավիրվել Ս. Բեգնազարյանը: Նա բացել է չորրորդ դասարան, մտցրել մի շարք նոր առարկաներ, սահմանել աշակերտական համազգեստ, աշխուժացրել գրադարանի գործունեությունը: Չնայած այս ամենին, դպրոցը մնացել է թերի միջնակարգի մակարդակին. միայն 1877–78 ուսումնական տարում ունեցել է վեցդասյա կազմ՝ լրիվ միջնակարգի կարգավիճակ:

Շուշիի դպրոցի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել Պ. Շանշյանի գործունեությունը (1863–64): Նա կարողացել է եվրոպական լավագույն սկզբունքները ներդնել գավառական Շուշի քաղաքում: Վերելքի տարիներ են եղել նաև Մ. Պլուզյանի տեսչության օրոք (1870–73): Նա հատուկ ուշադրություն է նվիրել հայկաբանությանը, բարելավել հայոց լեզվի ուսուցումը, խրախուսել աշակերտների գրական փորձերը: Մ. Պլուզյանին փոխարինած Խ. Ստեփանեն Շուշի է փոխադրել «Հայկական աշխարհ» պարբերականը: Որոշակի քայլեր են արվել նաև Վ. Պապաջանյանի, ապա և բժիշկ Բ. Աղասարյանի տեսչության շրջանում: Բարելավվել է բնական գիտությունների դասավանդումը, դպրոցը ձեռք է բերել լաբորատոր սարքավորումներ ու գործիքներ, ավելացել է աշակերտների թիվը: 1880-ին Շուշի է հրավիրվել Ա. Մանդինյանը: Նա կազմակերպել է մանկավարժական հինգերորդ դասարան, որը հաջորդ տարում տվել է իր շրջանավարտները: 1878–79 ուսումնական տարում բացվել է վեցերորդ դասարան, և Շուշիի դպրոցը նույնպես դարձել է լրիվ միջնակարգ: Թեմականի անուն է կրել նաև Շամախու դպրոցը, սակայն չի կարողացել բարձրանալ ծխականի մակարդակից, իսկ 1896-ից պաշտոնապես դասվել է ծխական դպրոցների շարքը՝ շարունակելով գոյատևել թեմի աղքատիկ եկամուտներով: 1896-ին Շամախու հայերը 400-ից ավելի ստորագրություններով նամակ են հղել Հայոց կաթողիկոսին՝ խնդրելով վերականգնել իրենց «միակ մխիթար հույս ու ապավեն» թեմական դպրոց: Սակայն Մկրտիչ Ա Վանեցին մտադիր էր իր նշանակությունը կորցրած Շամախուց թեմի կենտրոնը տեղափոխել Բաքու: Ցարական իշխանությունները խափանել են ինչպես կաթողիկոսի մտադրությունը, այնպես էլ թեմական դպրոցներ բացելու հայերի հետագա փորձերը: 1880-ին թեմական դպրոցների շարքը համալրվել է Նոր Նախիջևանի ուսումնական հաստատությամբ: Քաղաքային դուման 1881-ին որոշել է հնդկահայ մեծահարուստ Մ. Բաբաջանյանի կտակած դրամագլխի տոկոսները հատկացնել նորաբաց թեմական դպրոցին: Թեմական դպրոցներում դասավանդել են Գ. Պատկանյանը, Ստեփան Նազարյանը, Ա. Մանդինյանը, Ա. Բահաթրյանը, Պ. Շանշյանը, Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը, Կոմիտասը, Մ. Եկմալյանը, Ե. Շահազիզը, Մ. Աբեղյանը, Ստ. Մալխասյանը, Ստեփան Լիսիցյանը, Ստեփան Բեգնազարյանը և հայ մշակույթի ուրիշ երախտավորներ, որոնք համառ պայքար են մղել հանուն ազգային առանձնահատկությունների, լեզվի ու ոգու պահպանման: Խորհրդական իշխանության հաստատումից հետո թեմական դպրոցներն իրենց տեղը զիջել են միջնակարգ դպրոցներին:

 

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am