ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու. կազմավորվել է 1944-ին: Առաջնորդանիստը՝ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի (1973-ից): Ընդգրկում է Իրանի մայրաքաղաք Թեհրանն իր շրջակայքով, Արաքը, Համադանը, Մեշհեդը, Գորգանը, Ռեշտը, Սարին, Էնզելին, Ղազվինը: Մինչև 1958-ը Թեհրանի թեմ իրանահայ մյուս թեմերի նման ենթարկվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, այնուհետև անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ: Թեհրանում հայերը բնակություն են հաստատել18-րդ  դարի 2-րդ կեսից, 1795-ին հիմնել են Սուրբ Գևորգ մատուռը (1882-ից՝ Սուրբ Գևորգ եկեղեցի): 1798-ին, երբ Իրանի տարբեր շրջաններից տասնյակ հայ ընտանիքներ բնակեցվել են Թեհրանում, անհրաժեշտություն է դարձել նոր եկեղեցու կառուցումը: 1808-ին կառուցվել է Սուրբ Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցին: 1870-ին Թեհրանում հիմնվել է «Ուսումնասիրաց» միությունը, որը հաջորդ տարի Սուրբ Գևորգ եկեղեցուն կից բացել է դպրոց: 1938–1945-ին Թեհրանում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1944–73-ին՝ առաջնորդանիստ): 1944-ին Թեհրանի համայնքն առանձնացել է Իրանա-Հնդկաստանի թեմից և կազմել առանձին թեմ: Թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Վահան ծայրագույն վարդապետ Կոստանյանը (1944–45), որին հաջորդել է Ռուբեն եպիսկոպոս Դրամբյանը (1945–49): Թեմի կազմավորումից երեք տարի հետո ստեղծվել է թեմական խորհուրդ: Վերջինիս և Հայ կանանց եկեղեցասեր միության միջոցներով կառուցվել է առաջնորդարանի շենքը: 1949-ին Թեմական խորհրդի և Թեմական պատգամավորական ժողովի կողմից ընտրված հանձնախումբը մշակել է թեմի կանոնադրությունը, որը վավերացվել է 1951-ին: 1960-99-ին Թեհրանի թեմ (արդեն որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմ) գլխավորել է Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը, որը միաժամանակ եղել է Իրանի միջեկեղեցական խորհրդի նախագահ: Թեմն ունի իր կանոնադրությունը, որը վավերացվել է պետության կողմից: Թեմի բարձրագույն օրենսդիր մարմինը Թեմական պատգամավորական ժողովն է (ընտրվում է 4 տարով): Պատգամավորական ժողովն իր կազմից երկու տարով ընտրում է Թեմական խորհուրդ (9–13 անդամից բաղկացած), որը թեմի բարձրագույն գործադիր մարմինն է: Ըստ թեմի կանոնադրության, թեմի առաջնորդին ընտրում է պատգամավորական ժողովը՝ առանց պաշտոնավարության ժամկետ սահմանելու: Թեհրանի թեմի տարածքում կառուցված բազմաթիվ եկեղեցիներից այսօր կանգուն են 20-ը, որոնցից 8-ը՝ Թեհրանում: Հնագույնները Սուրբ Գևորգ, Սուրբ Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցիներն են: Վերջին 35 տարիների ընթացքում կառուցվել են Սուրբ Թարգմանչաց, Սուրբ Սարգիս, Սրբոց Վարդանանց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մինաս, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Նոր Բուրաստան գերեզմանատան և «Արարատ» մարզավանի Սուրբ Խաչ մատուռները, Գորգանի շրջանում՝ Սուրբ Աստվածածին մատուռը, Ռեշտ քաղաքում՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցին: Եկեղեցիներ կան նաև թեմի մյուս քաղաքներում՝ Արաքում, Քալավայում, Ղարաղանում, Մեշհեդում, Քերմանշահում, Համադանում, Էնզելիում, Ղազվինում: Թեհրանի թեմի առաջնորդն է Սեպուհ եպիսկոպոս Սարգսյանը (2000-ից):

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am