ԹԱԹՈՒԼ ճգնավոր, սուրբ Թաթուլ. ծննդյան ու մահվան թվականներն անհայտ են, տոնելի սուրբ, 5-րդ դարի վերջի հայ ճգնավորության երևելի ներկայացուցիչ, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից: Վարդանանց պատերազմից (451) հետո, շարունակվող պարսկական հալածանքներից խույս տալով, ավագ եղբոր՝ Վարոսի հետ առանձնացել է Գաբեղենից (Գաբեղյանց) գավառի լեռներում, Վիշապաձոր կոչված վայրում (այժմյան Կաղզվան քաղաքի մոտակայքում), որտեղ վարել է «հրեշտակակրոն» կյանք և հռչակվել որպես աստվածառաք տեսիլների տեսանող: Առանձնական ճգնության նվիրվելու համար եղբայրները բաժանվել են. Թաթուլը մնացել է նույն տեղում, իսկ Վարոսը ճգնությունը շարունակել է Դիցամայր (Դիցմայր) կոչվող քարանձավում: Թաթուլի հռչակը լսելով՝ նրա մոտ հավաքվել են ճգնավորական խմբեր և կազմել ուխտավոր ճգնակյացների միաբանություն: Այնտեղ կառուցել են եկեղեցի, որը միաբանության առաջնորդի անունով կոչվել է Թաթուլի վանք (Թաթլա կամ Թաթլո վանք): Իր աշակերտներից Թովմասին առաջնորդ նշանակելով՝ Թաթուլի ճգնակեցությունը շարունակել է Մայրաձոր կոչված մենարանում՝ մինչև իր վախճանը, որից հետո նրա մարմինը փոխադրվել և ամփոփվել է իր անվան վանքում:

Հայ եկեղեցին սուրբ Թաթուլի, սուրբ Վարոսի և սուրբ Թովմասի հիշատակը տոնում է Խաչվերացից հետո՝ 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը՝ սուրբ Անտոն և սուրբ Կրոնիդես ճգնավորների հիշատակի հետ միասին:

 

 

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am