Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Թալինի Կաթողիկե եկեղեցի

ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսում: 7–րդ դարին կառուցել են Կամսարական իշխանները: Քառամույթ բազիլիկի հայկական ճարտարապետության մշակած խաչաձև, եռախորան տարբերակն է, որի նախատիպն է 7-րդ դարի սկզբին վերակառուցված Դվինի Կաթողիկե եկեղեցին (Դվինի Սուրբ Գրիգոր եկեղեցի): Թալինի Կաթողիկե եկեղեցին ունի Զվարթնոցի տաճարի ազդեցությունը կրող հարուստ արտաքին հարդարանք, խորանների և գմբեթի թմբուկի դեկորատիվ կամարաշարեր, լուսամուտների քանդակազարդ պսակներ, ցցուն բեկվածքներով քիվեր և այլն: Ինքնատիպ է արևմտյան ճակատը, որի զույգ խորշերի միջի սյուների խոյակներին, հավանաբար, արձաններ կամ թևավոր խաչեր են կանգնեցվել: Թալինի Կաթողիկե եկեղիուց արևմուտքում և հյուսիսում վաղմիջնադարյան գերեզմանոցն է, որտեղ կան 5-6-րդ դարերի քառանիստ կոթողներ՝ թեմատիկ հարթաքանդակներով, 4-րդ դարի խաչքարեր: 774-ին արաբները կողոպտել են Թալինը, սպանել և գերի տարել բնակչության մեծ մասին. այս աղետը հայոց պատմագրության մեջ հայտնի է «Թալնո կոտորած» անունով: 783-ին Թալինի Կաթողիկե եկեղեցու պատին արձանագրություն է փորագրվել՝ Թալին ջուր անցկացնելու մասին: Բագրատունիների օրոք Թալինը բարգավաճել է: 1040-ին Հովհաննես Սմբատ թագավորը Թալինի Կաթողիկե եկեղեցուն այգի է նվիրել: 1162-ին Ելտկուզ ամիրան հանկարծակի հարձակվել է Թալինի և Աշնակի վրա, այրել ավանները և գերեվարել բնակիչներին: Թալինի Կաթողիկե եկեղեցի ավերվել է 1840-ի հուլիսի 4-ի երկրաշարժից. Քանդվել են գմբեթը և շենքի հարավ-արևմտյան մասը: 1866-ին Թալինում Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցելիս օգտագործել են Թալինի Կաթողիկե եկեղեցու քանդակազարդ և այլ քարեր: 1947-ին Թալինի Կաթողիկե եկեղեցու մասնակի վերանորոգվել է: 1970–74-ին վերակառուցվել է գմբեթի թմբուկը, նորոգվել են տանիքները, պեղումներով բացվել Թալինի Կաթողիկեի հյուսիսային խորանից մոտ (5 մեթր) հեռու գտնվող 5-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցու հիմքերը: Թալինի Կաթողիկե եկեղեցու ներքին պատերն ամբողջությամբ նկարազարդ են եղել: Պահպանվել են բազմաթիվ մեծ ու փոքր հատվածներ Ավագ խորանում և շրջակա պատերին: Ավագ խորանի գմբեթարդում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքի ինքնատիպ տարբերակ, որտեղ Քրիստոսի փոխարեն ներկայացվել է միայն նրա գահը: Պահպանվել է Տիրոջ գահի պատկերի աջ եզրը՝ բարձիկով և վրան դրված գրքով: Կենտրոնական պատերի երկու կողմերում նկարված են եղել քառակերպեր (տետրամորֆ): Հատվածաբար պահպանվել են վերջիններիս հսկայական ճերմակ թևերը: Ներքևում եղել են հասակով մեկ կանգնած առաքյալների պատկերները: Դեպի Ավագ խորան տանող կամարին տասը մեդալիոններում սրբերի դիմապատկերներ են, իսկ կենտրոնական մեդալիոնում՝ հավասարաթև խաչի պատկեր: Խորանի հարավային պատին դեռևս ուրվագծվում է «Մուտք Երուսաղեմ» հորինվածքը: Պահպանվել են նաև երկու հեծյալների, ինչպես նաև մարդկային պատկերների, ճարտարապետական շինությունների և այլ հատվածային պատկերներ: Ուշագրավ է, որ Թալինի Կաթողիկե եկեղեցու արտաքին հարդարանքի որոշ մասեր, ինչպես, օրինակ, քիվերը և լուսամուտների պսակները, նույնպես եղել են գունազարդված: Եկեղեցու որմնազարդման պատվիրատուն է Մովսես Եկեղեցապանը. այդ մասին է վկայում եկեղեցու ձախ ավանդատան պատին պահպանված եզակի արձանագրությունը: Ինչպես բուն կառույցի, այնպես էլ որմնանկարների թվագրման մասին որևէ ստույգ տեղեկություն չի պահպանվել: Տաճարը հավանաբար որմնանկարներով զարդարվել է շինարարական աշխատանքների ավարտից հետո, բայց ոչ ուշ քան 7-րդ դարի 80-90-ական թվականներին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am