ԹԱԴԵՈՍ. Ղեբեոս, նաև Լեբե, Ադդե առաքյալ: Ըստ Նոր կտակարանի՝ Հիսուսի տասներկու աշակերտներից մեկը՝ Հակոբոսի եղբայրը, որը քրիստոնեություն է քարոզել նաև Հայաստանում (43–66-ին): Ի թիվս տասն երկուսի՝ Հիսուսն ընտրել է նաև նրանց՝ «...Ալփեոսի որդի Յակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց...»: Համաձայն այլաբնույթ աղբյուրների՝ Թադեոս եղել է Քրիստոսի 72 (70) աշակերտներից մեկը: Ըստ Մովսես Խորենացու, Հիսուս Քրիստոսը խոստացել էր, որ իր առաքյալներից մեկին կուղարկի Եդեսիա քաղաք՝ Աբգար թագավորին բժշկելու և այնտեղ ավետարանագործելու, ինչը և կատարվել է Թադեոսի միջոցով: Աբգարին բժշկելուց, քրիստոնեություն քարոզելուց, ինչպես նաև Ադդե անունով մեկին եպիսկոպոս ձեռնադրելուց հետո Թադեոս Աբգարի հրովարտակով ներկայացել է Հայոց թագավոր Սանատրուկին (1-ին դարի երկրորդ կես), որը Աբգարի քեռորդին էր: Թադեոսի քարոզչությամբ Սանատրուկը ևս ընդունել է քրիստոնեություն, բայց, զգուշանալով իշխանների սպառնալիքից, շուտով հետ է կանգնել: Թադեոսի հրաշագործ քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունել շատերը, այդ թվում՝ թագավորի դուստր Սանդուխտը: Շատ չանցած Սանատրուկի կարգադրությամբ Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքում նահատակվել են Թադեոս և Սանդուխտ կույսը: Առաքյալի նահատակության վայրում կառուցվել է Արտազի Ս. Թադեվանքը: Թադեոսի՝ Հայաստանում առաքելագործելու մասին վկայում են ոչ միայն հայկական, այլև ասորական աղբյուրները (Ագաթանգեղոսի ասորերեն համառոտ խմբագրությունը՝ «Ադդեի վարդապետություն»-ը): Թադեոսի կյանքի, քարոզչության և նրա անձի հետ կապված հարակից պարագաների մասին են պատմում հետևյալ բնագրերը. «Վկայաբանութիւն Թադէոսի առաքելոյն, քարոզութեանն եւ գալստեան ի Հայս եւ կատարմանն որ ի Քրիստոս», «Վկայութիւն սրբոյն Սանդխտոյ դստերն Սանատրկոյ արքայի», «Գիւտ նշխարաց Թադէոսի առաքելոյ եւ Սամուէլի եւ Իսրայելի եւ այլոց, որ բազում ժամանակս կային ծածկեալ եւ էին ամբողջ եւ յայտնեցան առն ուրումն ճգնաւորի եւ սքանչելատեսի որ ի մանկութեան վարժեալ էր արժանաւոր կարգաւք Կիւրակոս անուն»: Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ «Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա» ևայլն, որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ: Թադեոսի անունով հայտնի են նաև հետևյալ մատենագրական միավորները. «Սուրբ առաքելոյն Թադէոսի Յաղագս առաջին գիւտի Սրբոյ Խաչին...», «Սրբոյն Թադէոսի առաքելոյն վասն յարութեան մեռելոց»:

Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի՝ Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթքներ ևայլն: Թադեոս իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաև հայ միջնադարյան կերպարվեստում: Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (որով նահատակվել է), մյուս ձեռքին՝ Հիսուսի կողը խրված գեղարդը (որն, ըստ ավանդության, նա բերել էր Հայաստան): Հայ եկեղեցին Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը տոնում է նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին: Թադեոսի հիշատակը նշում է նաև երկրորդ անգամ՝ սուրբ Սանդուխտի հետ:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002: 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am