ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋ. Գրիգոր Ա Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքները, որոնք 5-րդ դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում (Աջի մեջ): Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում Լուսավորչի Աջի առկայությունը պարտադիր է` որպես հայրապետական աստիճանի խորհրդանիշ, որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները: Լուսավորչի Աջ, սուրբ Խաչափայտի (սուրբ Նշան) ու Աստվածամուխ սուրբ Գեղարդի հետ, գլխավոր սրբությունն է և գործածվում է սուրբ Մյուռոնի օրհնության ժամանակ: Գրիգոր Ա Լուսավորչի վախճանվելուց (325/326) կարճ ժամանակ անց նրա նշխարները տարածվել են ողջ Հայաստանում: Ըստ Ղազար Փարպեցու` Վարդանանց ժամանակ, երբ նախարարները կեղծ ուրացությամբ վերադառնում էին Պարսկաստանից, հոգևոր դասը եկողներին իրենց քրիստոնյա լինելը հիշեցնելու և դարձի բերելու համար ընդառաջ է ելել «առաքելանման նահատակ Սուրբ Գրիգորի նշխարներով»: Նրա հաջորդ վկայությամբ, երբ Վահան Մամիկոնյանը «Հայոց ուխտապահ նախարարներով հանդերձ» վերադարձել է Պարսկաստանից (այնտեղ 485-ին պաշտոնապես ճանաչվել էր սպարապետ), Հովհաննես Ա Մանդակունին նրանց դիմավորել է «ճգնավոր նահատակ Գրիգորի սուրբ նշխարներով, որոնցով էլ նրանց բոլորին ճանապարհել էր դեպի արքունիք»: Մասունքների պաշտամունքը զորացել է կրոնական մաքառման շրջանում` Քաղկեդոնի ժողովից հետո: Գրիգոր Ա Լուսավորչի լույս նշխարները հիշատակել են նաև մատենագիրներ Սեբեոսը, Մովսես Կաղանկատվացին (7-րդ դար), Հովհաննես Ե Դրասխանակերտցին (9-10-րդ դար), Ասողիկը (10 դար), Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար), Առաքել Դավրիժեցին (17-րդ դար) և այլք: Ըստ Մովսես Կաղանկատվացու` Ներսես Գ Տայեցին Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների մեծ մասը իշխան Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանի ձեռքով Թորդանից տեղափոխել է Վաղարշապատ: Այնուհետև, եկեղեցաքաղաքական հանգամանքներով պայմանավորված, խամրել են մնացյալ նշխարների մասին եղած պատմությունները, և միակ ճաճանչող մասունքի է վերածվել  Լուսավորչի Աջ: Որպես կաթողիկոսարանի գլխավոր սրբություններից` առաջին անգամ հիշատակվում է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականում»: Վարդան Վարդապետը գրում է, որ նշխարների քանիցս տեղափոխություններից հետո (բյուզդական Զենոն կայսրը 5-րդ դարին տարել է Կ.Պոլիս, ապա դրանք վերադարձվել և դրվել են Զվարթնոցում և այլ տեղերում) իր օրոք մնացել էր միայն «Աջն լուսընկալ և շնորհաբաշխ»: Լուսավորչի Աջով Հայոց կաթողիկոսները բացառիկ դեպքերում օրհնել են ժողովըրդին: Կոստանդին Բ Կատուկեցին, հարկադրաբար հրաժարվելով կաթողիկոսական աթոռից (չի համակերպվել Հեթում Բ թագավորի լատինամետ քաղաքականության հետ), զգեստավորվել է հայրապետական հանդերձներով, բարձրացրել  Լուսավորչի Աջ, օրհնել Հայոց թագավորությունն ու ամենայն աշխարհը և հեռացել կաթողիկոսարանից: Հռոմկլայի անկումից (1292) հետո եգիպտական սուլթանը գերի է տարել Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն` կաթողիկոսարանի սրբություններով և  Լուսավորչի Աջով հանդերձ: Ըստ Առաքել Դավրիժեցու`  Լուսավորչի Աջ, գերեվարվելով Եգիպտոս, «երբ մտավ նրանց ապարանքը, պատժեց նրանց մահվամբ, ինչպես տապանակի միջոցով (պատժվեցին) այլազգիները: Արդեն անհամար ու անթիվ էին մեռելները, երբ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջ ձեռքը վերադարձրին Կիլիկիա` Հեթում Բարեպաշտ թագավորին: Ապա ցասումը դադարեց նրանց նկատմամբ» («Պատմություն», 1988, էջ 325): Այսպիսի եզակի համեմատություն է արվում Հին կտակարանի գլխավոր սրբության` Ուխտի տապանակի հետ,  Լուսավորչի Աջ համարելով Հայոց Ուխտի տապանակ: Լուսավորչի Աջի` Սուրբ Էջմիածին տարվելու (1441) մասին ժամանակի աղբյուրները նշում են, որ Աջը Սսի կաթողիկոսարանից անհետանալով, մոտ չորս տարի հետո հայտնվել է Էջմիածնում: Նույն շրջանի մի շարք այլ աղբյուրներում ասվում է նաև, թե կորած Լուսավորչի Աջ գտնվել է Սսում, որի պահպանությունը հանձնվել է Աջապահյաններին: Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434–64) կարակոյունլու Ջահանշահ խանի օժանդակությամբ 1461-ին տիրել է Սուրբ Էջմիածնի աթոռին: Մեկ տարի անց, հարկադրաբար հեռանալով Մայր աթոռից` իր հետ տարել է  Լուսավորչի Աջ: Բերվող Աջին վասպուրականցիները ցնծությամբ են դիմավորել, ինչը հավաստում է նրա հանդեպ եղած համաժողովրդական սերն ու պաշտամունքը: Ապա, Նախիջևանին մերձակա Օծոփի Սուրբ Աստվածածին վանքի միաբաններից Վրթանես եպիսկոպոսի ջանքերով, արկածային վիպական մի պատմություն հիշեցնող գործընթացով, Լուսավորչի Աջ վերադարձվել է Սուրբ Էջմիածին: Աջը երկրորդ անգամ Սուրբ Էջմիածնից հանվել է շահ Աբբաս 1-ի կատարած բռնագաղթից (1604) հետո, երբ նա ի շարս այլ սրբությունների Սպահան է տարել նաև Լուսավորչի Աջ (տես Էջմիածնի Մայր տաճար): Փիլիպոս Ա Աղբակեցուն հաջողվել է 1663-ին այն վերադարձնել Սուրբ Էջմիածին: Նոր Ջուղայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պահվում է ևս մի Աջ, որը, ենթադրվում է, մի մասունք ունի Լուսավորչի նշխարներից: Պատմության ծանր ժամանակներում, երբ կաթողիկոսները քաղաքական իշխանության կողքին լինելու համար անհրաժեշտաբար թողել են Մայր աթոռը, իրենց հետ վերցրել են  Լուսավորչի Աջ` հայրապետական աթոռի և պաշտոնի վավերականությունը հաստատելու համար: 5-15-րդ դար, քաղաքական պարագաների բերումով, կաթողիկոսական աթոռը  Լուսավորչի Աջով հանդերձ բազմիցս տեղափոխվել է. Դվին (484–931), Աղթամար (931–944), Արգինա (944 992), Անի (992–1065), Ծամնդավ (1066–1105), Շուղրի Սև լեռան Կարմիր վանք (1105–16), Ծովք (1116–49), Հռոմկլա (1149–1292), Սիս (1293–1441) և կրկին Էջմիածին (1441-ից առ այսօր):




Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am