ԼԻՄ ԱՆԱՊԱՏ. Վանա լճի հյուսիս-արևելքում` Լիմ կղզում: Ըստ ավանդության, 4-րդ դարի սկզբին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը: 14-րդ դարի սկզբին Լիմ անապատում եղել են Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ և Սուրբ Գևորգ եկեղեցիները: 1305-ին Աղթամարի Զաքարիա Ա կաթողիկոսը հիմնովին վերակառուցել է  Լիմ անապատի գլխավոր` Սուրբ Գևորգ եկեղեցին: Ըստ 9-10-րդ դարերուն պատմիչ Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» երկի անանուն շարունակողի` եկեղեցին գմբեթավոր էր, շքեղ հարդարված: 1394-ին Լենկթեմուրի արշավանքից, 1428-ին Սքանդարի ներխուժումից փախչելով` Վանա լճի ափամերձ բնակչությունը պատըսպարվել է Լիմ անապատում: 1538-ին Վանի կառավարիչ Գոգչա սուլթանը գրավել է Լիմ կղզին, այրել ու ծով նետել Լիմ անապատի գրատան ձեռագրերը, որոնց միայն մի փոքր մասն է գտնվել ու փրկվել:  Լիմ անապատ ծաղկում է ապրել 17-րդ դարին: 1621-ին Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներ Ստեփանոս Շատախցու և Մելիքսեթ Վժանցու հետ: Նա Լիմ անապատում հիմնել է բարձրագույն դպրոց, որտեղ ուսուցանել են փիլիսոփայություն, քերականություն, տոմարագիտություն, գրչության արվեստ և այլն: Ներսես Մոկացու հաջորդի` Ստեփանոս Շատախցու վանահայրության ժամանակ  Լիմ անապատի միաբանությունն այնքան բազմանդամ է դարձել, որ նրա մի մասը տեղափոխվել է Կտուց անապատ: 1763-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսն այցելել է Լիմ և Լիմ անապատին հատուկ կոնդակով արտոնել համալիրի նորոգության համար գումար հավաքել: Վանահայր Հովհաննես Մոկացին  Լիմ անապատի պարտքերը վճարելու համար հանգանակություն է կատարել, 1766-ին քանդել փայտե ժամատունը և 1770-ին քարաշեն նոր ժամատուն կառուցել (ճարտարապետ` Սիոն): 1882-ին վանահայր Պողոս եպիսկոպոսը անապատին կից կառուցել է դպրոց: Լիմ անապատ կողոպտել և ավերել են քուրդ ավազակախմբերը 1896-ին և 1898-ին:

1915-ին` Մեծ եղեռնի ժամանակ, կոտորվել են անապատի միաբանները և կղզում ապաստանած վասպուրականցիները, կողոպտվել եկեղեցական իրերը, ոչնչացվել ձեռագրերը և Լիմ անապատում պահվող սուրբ Գևորգի ու սուրբ Սահակ Ա Պարթևի մասունքները:  Լիմ անապատի խաչաձև, գմբեթավոր, սրբատաշ ֆելզիտով կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցուց պահպանվել է միայն հյուսիս-արևմուտք անկյունը: Նրան արևմտից կից է քառամույթ ժամատունը, որին հյուսիսից կից է Սուրբ Սիոն մատուռը, իսկ արևմտից` եռաստիճան, քառամույթ, կամարակապ երկրորդ հարկով ու սյունազարդ գմբեթով զանգակատունը (18-րդ դար):  Լիմ անապատում 13-21-րդ դար գործել է գրչության կենտրոն, որտեղ գրվել, ընդօրինակվել, նկարազարդվել ու կազմվել են հարյուրավոր ձեռագրեր: 13-14-րդ դարերից մեզ է հասել մոտ մեկ տասնյակ ձեռագիր` ընդօրինակված Մովսես, Խաչատուր, Աբրահամ և Մանվել գրիչների ձեռքով: 15-րդ դարին կեսին այստեղ են աշխատել Իգնատիոս, Հովհաննես Մանկասարենց գրիչները, իսկ ծաղկող Մինասը նկարազարդել է նրանց ընդօրինակությունները: 17-րդ դարին,  Լիմ անապատում բարձրագույն դպրոցի գործունեության ժամանակ, ուսումնասիրվել են նաև աշխարհիկ գիտություններ, գրվել են թվաբանության, աստղաբաշխության, բժշկության վերաբերյալ աշխատություններ: Լիմ անապատ ունեցել է հարուստ մատենադարան. 1693-ին այստեղ կար 3124 գիրք, 21-րդ դարին վերջին` 550 ձեռագիր, մոտ 3 հազար տպագիր գիրք, որոնց մի մասն է փրկվել և մեզ հասել: Մատենադարանում պահվում է Լիմ անապատի 306 ձեռագիր:



 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am