Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Քուվեյթի և արաբական ծոցի երկրների թեմ

ՔՈՒՎԵՅԹԻ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԵՄ: Կազմավորվել է 1982-ին: Առաջնորդանիստը՝ Էլ Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցի: Ընդգրկում է Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Կատարի հայ համայնքները: 1950–56-ին Քուվեյթի հայ համայնքի հոգևոր կարիքների համար Քուվեյթ է այցելել Բասրայի (Իրաք) հոգևոր հովիվը: 1956-ից քուվեյթահայ համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գերակայության ներքո: 1961-ից ունեցել է մնայուն հովիվ (Պարույր քահանաՍարգսյան): 1962-ին քուվեյթահայերը երկրի իշխանություններից ստացել են համայնքի օրինականությունը հաստատող վկայագիր, որը իրավունք է ընձեռել ունենալ սեփական աղոթատեղի: 1963-ին կառուցվել է եկեղեցի՝ հանդիսասրահով: 1979-ին Արաբական ծոցի  տարածաշրջանը դարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդություն, 1982-ին՝ թեմ: Անդրանիկ առաջնորդ է ընտրվել Օշական եպիսկոպոս Չոլոյանը (1982–98): 1958-ից ցայսօր գործում է Քուվեյթի կիրակնօրյա դպրոցը: 1960-ին Երվանդ Թերզյանի նախաձեռնությամբ բացվել է հայ-արաբական դպրոցը: 1961-ին այդ դպրոցի հիման վրա ստեղծվել է Քուվեյթի Հայ ազգային վարժարանը (տնօրեն՝ Պարույր քահանա Սարգսյան): 1974-ին եկեղեցու տարածքում կառուցվել է վարժարանի եռահարկ շենքը (1969–70-ին վարժարանը միջնակարգ դպրոցի կարգավիճակ է ստացել): Գործել է Հայ եկեղեցու կիրակնօրյա դպրոցների օժանդակ միությունը: Թեմական ժողովի կողմից նշանակվում է համայնքի վարչություն, որը կազմակերպում է գաղութի ազգային եկեղեցական կյանքը, որոշում դպրոցի հոգաբարձության կազմը և այլն:

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՄԷ). հայերի զանգվածային հոսքը ԱՄԷ սկսվել է 1975-ից: 1977-ին Դուբայի Սուրբ Երրորդություն անգլիկան եկեղեցում մատուցվել է հայերեն առաջին պատարագը: 1979-ին ձևավորվել են Դուբայի և Աբու Դաբիի առաջին ազգային վարչությունները: Սկսել է գործել վարձված եկեղեցին իր դպրաց դասով, Քուվեյթից կամ Անթիլիասից պարբերաբար հրավիրվել է այցելու հոգևոր հովիվ: 1993-ից ԱՄԷ-ի հայ համայնքն ունեցել է մշտական հոգևոր հովիվ (առաջինը՝ Բաբկեն վարդապետ Չարյան): 1996-ին կազմակերպված համահամայնքային հանգանակությամբ սկսվել են Շարժայում հայկական եկեղեցու և դպրոցի շենքի շինարարական աշխատանքները: 1997-ին տեղի է ունեցել ԱՄԷ-ում առաջին՝ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (ճարտարապետ՝ Բաբկեն Այվազյան) հիմնարկեքը, 1998-ին՝ օծումը: Համայնքի հոգևոր հովիվն է Արամ քահանա Տեյիրմենճյանը (1997-ից): Թեմական խորհրդի, Շարժա-Դուբայի և Աբու Դաբիի ազգային վարչությունների հովանու ներքո գործում են նաև հայ երիտասարդաց տները, համայնքի մշակութային կյանքը կազմակերպող Գեղարվեստական հանձնախումբը, դպրոցների գործունեությունն ապահովող հոգաբարձական կազմը և տիկնանց միությունը: Թեմի առաջնորդն է կաթողիկոսական փոխանորդ Եփրեմ արքեպիսկոպոս Թապագյանը (2000-ից):   

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am