ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ. ծննդյան թվականն անհայտ է, մահացել է մոտ 964 թ.-ին: Մատենագիր, մեկնիչ: Գրիգոր Նարեկացու հայրը: Կնոջ վախճանվելուց հետո Անանիա Ա Մոկացի կաթողիկոսը 940-ական թվականներին Խոսրով Անձևացուն ձեռնադրել է Վասպուրականի Անձևացիք գավառի եպիսկոպոս (կաթողիկոսը նրան անվանել է «այր համեստ եւ գիտնաւոր»): Որդիներին՝ Հովհաննեսին և Գրիգորին, Խոսրով Անձևացի հանձնել է Նարեկավանք՝ Անանիա Նարեկացու մոտ կրոնավորելու: Ենթադրվում է, որ միջնեկ որդին՝ Սահակն է առաջին անգամ ընդօրինակել հոր «Պատարագի մեկնութիւն» գիրքը: Ծեր հասակում Խոսրով Անձևացին մեղադրվել է Հայ եկեղեցու կարգերի մեջ նորաձևություններ մտցնելու և աղանդավորությանը (հավանաբար՝ թոնդրակյաններին) հարելու մեջ, ինչի համար Անանիա Ա Մոկացի կաթողիկոսը բանադրել է նրան (954): «Պատճառ յաղագս զԽոսրով նզովելոյն զԱնցեւացւոց եպիսկոպոսն» թղթում («Արարատ», 1897, դ 6) կաթողիկոսը Խոսրով Անձևացուն դատապարտել է հերձվածողության համար և շեշտել, որ նա ավելորդ է համարել խաչի օրհնությունը, հրեշտակներին պաշտելը, չի ընդունել նվիրապետական կարգը, կաթողիկոսների, եպիսկոպոսների մեծարումը և այլն: Խոսրով Անձևացուց մեզ է հասել երկու մեկնություն. Նա 950-ական թվականներին գրել է Հայ եկեղեցու Պատարագի մեկնությունը: Իր թելադրանքով որդին՝ Հովհաննեսը, 950-ին մեկնել է Աղոթամատույցը: Հայ եկեղեցու Ժամակարգության մեկնությանը նվիրված աշխատության մեջ («Մեկնութիւն Ժամակարգութեան») հեղինակը Ժամագրքի քարոզները, օրհնությունները, աղոթքներն ու մաղթանքները բացատրել է հատված առ հատված՝ դրանց իմաստը լուսաբանելով:
Այդ մեկնությունները կարևոր են նաև պատմական տեսակետից, որովհետև առատ տեղեկություններ են պարունակում 10-րդ դարին եկեղեցական ծիսական գրքերի հորինվածքի վերաբերյալ:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am