ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու. կազմավորվել է 1984-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Թեմի կազմավորումից առաջ Կանադայի հայ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի առաջնորդարանը: Սկզբնական շրջանում կրոնական արարողությունները կատարել են այցելու հովիվները բնակարաններում կամ վարձված տաճարներում: Առաջին ազգային հոգաբարձությունը կազմակերպվել է 1918-ին, Սենտ Կաթրինզում: 1930-ին կառուցվել է Կանադայի առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (Սենտ Կաթրինզում): Մոնրեալի հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948-ին, երբ ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Տիրան եպիսկոպոս Ներսոյանի ներկայությամբ կազմվել է եկեղեցական հանձնախումբ (6 հոգուց բաղկացած): Այդ ժամանակաշրջանում եկեղեցական արարողությունները կատարվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ անգլիկան եկեղեցում: 1957-ին Կանադայի իշխանությունները ստորագրել են երկրում Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական ճանաչման դիմումը: 1967-ին ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի և թեմական խորհրդի որոշմամբ ստեղծվել է Կանադայի Հայ եկեղեցու փոխանորդություն: Առաջնորդական փոխանորդ է նշանակվել Վաչե եպիսկոպոս Հովսեփյանը: 1970-ին ծխական խորհրդի որոշմամբ գնվել է եկեղեցի, որը նույն թվականին Կ. Պոլսի պատրիարք Շնորհք Գալուստյանը օծել է որպես առաջնորդանիստ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով: Առաջնորդարանի ենթակայությամբ գործում են 10 ծուխ, 5 ծխական վիճակներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործում է շաբաթօրյա դպրոց (1957-ից), մշակութային միություններ, տարեցների, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ: 1964-ից եկեղեցու նախաձեռնությամբ հրատարակվում է «Բուրաստան» երկամսյա հանդեսը: Տորոնտոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1920-ական թթ., առաջին եկեղեցական հոգաբարձությունը ստեղծվել է 1948-ին: Կրոնական արարողությունները կատարվել են Սուրբ Ստեփանոս, 1930–53-ին՝ Սուրբ Երրորդություն անգլիկան եկեղեցիներում: 1953-ին կատարվել է Տորոնտոյի հայկական առաջին՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու օծումը: Եկեղեցուն կից 1956-ից գործում է Սուրբ Սահակ Սուրբ Մեսրոպ դպրոցը, 1978-ից՝ Սուրբ Խաչ ամենօրյա ազգային վարժարանը, մշակութային հանձնախմբեր, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ: 1987-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը օծել է հայկական ճարտարապետական ոճով կառուցված (ճարտարապետ Թագվոր Հակոբյան) Սուրբ Երրորդություն եկեղեցին, որին կից գործում են ամենօրյա վարժարան, մշակութային հանձնախմբեր («Կամար», գործում է 1992-ից), տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ: 1987-ից եկեղեցու վարչությունը հրատարակում է «Նոր սերունդ» պարբերաթերթը: Առաջնորդարանի ենթակայությամբ են գործում նաև Վանկուվերում՝ Սուրբ Վարդան (կառուցվել է 1964-ին), Համիլտոնում՝ Սուրբ Աստվածածին (1976), Օտտավայում՝ Սուրբ Մեսրոպ (1979), Միսիսոկայում՝ Սուրբ Վարդան (1990), Լավալի Սուրբ Խաչ (1993), Վինձորի Սուրբ Հարություն (1995) եկեղեցիները: Վանկուվերի, Սենտ Կաթրինզի, Համիլտոնի, Լավալի եկեղեցիներն ունեն մշտական հովիվներ: Մյուս եկեղեցիները, թեև օժտված են ծխական մարմիններով, սակայն ունեն միայն այցելու հովիվ: Վերջին շրջանում կազմվել են Նովա Սկոչիայի, Վիննիպեգի, Քինգստոնի, Էդմոնտոնի և Կալգարիի ծխական վիճակները: Այդ քաղաքներում բնակվող սակավաթիվ հայ ընտանիքների հոգևոր կարիքները հոգում են այցելու հովիվները: Կանադայի  թեմ ներկայացնում է Հայ եկեղեցին Եկեղեցիների կանադական խորհրդում (խորհրդի փոխնախագահ՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան): Կանադայի թեմի առաջնորդն է Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը (1990-ից):

 

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am