Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Հովհաննու Կարապետ

ՀՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏ: Հավատի մեծ ուսուցիչ Եսայի մարգարեն Սբ. Հովհաննես Մկրտչի ծնունդից դեռևս 700 տարի առաջ նրա մասին մարգարեացել էր. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծո շավիղները» (Եսայի 40:3): Երիտասարդ անապատական Հովհաննեսին, երբ հարցրեցին. «Դու ո՞վ ես», նրա խորհրդավոր պատասխանն էր. «Կանչողի ձայնը»: Նա կոչ էր անում մաքրել Եկողի շավիղները: Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը արտասովոր եղավ: Նրա ծննդյանը նախորդող և հաջորդող իրադարձությունները մեծ հիացմունք և երկյուղածություն են պատճառում մարդուն: Ընդունել մտքով և ստեղծել տրամաբանական որևէ շղթա ավետարանական այս պատմության հետ կապված, անհնար է և այդ պատճառով այն անհավատի համար անհավանական է և հեքիաթանման, այնինչ հավատավորի համար

Քրիստոսի Նախակարապետը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը, բարեպաշտ ծնողների՝ Զաքարիա քահանայի և Եղիսաբեթի զավակն էր: Նա խոստումի զավակ էր: Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Աստվածածնին Փրկչի ծննդյան բարի լուրը ավետելուց վեց ամիս առաջ այցելեց Զաքարիա քահանային: Նա հայտնեց, որ վերջինս Հովհաննես անունով մի որդի կունենա, որը կլինի Փրկչի Նախակարապետը. «Նա ուրախության և ցնծության պատճառ կլինի քեզ համար, և շատերը կուրախանան նրա ծնունդով: Նա մեծ կլինի Տիրոջ աչքին, գինի և օղի չի խմի: Դեռ չծնված, Սուրբ Հոգով կլցվի և Իսրայելի ժողովրդից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը: Եղիայի հոգով և զորությամբ լցված՝ նա կքայլի Տիրոջ առջևից, որպեսզի հայրերին հաշտեցնի իրենց որդիների հետ, անհնազանդներին առաջնորդի դեպի արդարների իմաստությունը և այդպիսով Տիրոջ գալստյանը նախապատրաստված մի ժողովուրդ պատրաստի» (Ղուկաս 1:14-17): Սակայն Զաքարիան կասկածեց հրեշտակի խոսքերին, քանի որ ինքն ու իր կինը ծեր էին: Հրեշտակը հանդիմանեց Զաքարիա քահանային. «Եվ ահա համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, որ այս բաները կատարվեն, որովհետև չհավատացիր իմ այս խոսքերին, որ իրենց ժամանակին կիրականանան» (Ղուկաս 1:20): Խոստման համաձայն մանուկը ծնվեց: Երբ ութերորդ օրը նրան տարան թլփատության, Զաքարիայի համրությունը հրաշքով վերացավ: Նա սկսեց խոսել և փառաբանելով Աստծուն՝ մարգարեացավ, որ շուտով աշխարհ կգա Մեսիան, որ Հովհաննեսը կլինի Նրա Նախակարապետը և ժողովրդին կնախապատրաստի՝ ընդունելու աշխարհի Փրկչին: Կարճ ժամանակում նրա մասին լուրը տարածվեց ողջ երկրով մեկ:

Հովհաննեսը վաղ կորցրեց ծնողներին: Մինչ երեսուն տարեկանը ապրում էր անապատում, բնակության վայրերից հեռու մենության մեջ՝ խստակյաց ճգնավորի կյանքով: Նրա հագուստը մի հովվական քուրձ էր՝ պատրաստված ուխտի մազից, մեջքին կաշվե գոտի էր, ոտքերին՝ տրեխներ: Մազերը չէր կտրում, գինի չէր խմում: Նրա կերակուրն էր արևի տակ չորացրած մորեխ և վայրի մեղր: Անապատական կյանքով էր ապրում, բայց չէր հեռացել աշխարհից:

Երբ Հովհաննեսի երեսուն տարին լրացավ, Աստված նրան պատվիրեց թողնել անապատը: Իր վրա առաքելություն էր դրված դառնալ «կանչողի ձայնը», Փրկչի Նախակարապետը: Անապատից Հովհաննեսը անցավ Հորդանանի հովիտը, որտեղ և սկսեց իր քարոզչությունը, քարոզել ողջ Իսրայելի ժողովրդին: Նրա քարոզչությունը իր հոգու և կյանքի՝ զգեստի և կերակուրի պես պարզ էր ու ժուժկալ: Կարելի է երկու բառի մեջ խտացնել՝ ապաշխարանք և արդարություն: «Ապաշխարեցե՛ք,-ասում էր մարգարեն,-որովհետև մոտեցել է Երկնքի Արքայությունը» (Մատթեոս 3:2): Նրա խոսքերն ընկնում էին արդեն պատրաստ հողի մեջ և անմիջապես լայն արձագանք էին գտնում: Շրջակայքի քաղաքներից և գյուղերից մարդիկ խուռներամ խմբերով դեպի գետն էին գնում: Գնում էին դպիրներ և զինվորներ, պաշտոնյաներ և գյուղացիներ: Մարգարեի խոսքերի և հենց արտաքինի տպավորությունը հսկայական էր: Նա խոսում էր աշխարհի դատաստանի մասին, հանդիմանում էր անօրեններին՝ ասելով, որ եթե նրանք չապաշխարեն և բարի պտուղ չտան, կկործանվեն շուտով, քանի որ մոտ է հատուցման ժամը: Շատերը, լսելով նրա քարոզը, ապաշխարում էին, և Հովհաննեսը, ի նշան մաքրության, նրանց մկրտում էր Հորդանանում: Նա պահանջում էր ողջ կյանքի վերարժեքավորում, անկեղծ ապաշխարություն: Մկրտությունից առաջ մարդիկ խոստովանում էին իրենց մեղքերը: Բայց դա էլ քիչ էր: Հարկավոր էին ներքին փոփոխությունների իրական արդյունքներ: «Այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեցե՛քԿացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթեոս 3:8-10):

Ի՞նչ էր ցանկանում Հովհաննեսը: Ժողովրդին կոչ էր անում փախչել աշխարհից և փակվել տաճարի պատերից ներս: Դա ճգնավորի շուրթերից միանգամայն բնական կհնչեր: Բայց Մկրտիչը ցանկանում էր ավելին. որպեսզի մարդիկ մնալով այնտեղ, որտեղ ապրում են, պահպանեին հավատարմությունը Աստծո խոսքին: Նա առաջին տեղում էր դնում մարդու բարոյական պարտքը. «Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի, նույն ձևով թող անի» (Ղուկաս 3:11): Մարգարեն չէր առաջարկում զինվորներին թողնել իրենց ծառայությունը և ասում էր, որ նրանց համար շատ կարևոր է խուսափել բռնություններից և ամբաստանություններից: Ի զարմանս բոլորի, նա չդատապարտեց նույնիսկ հարկահավաքների՝ մաքսավորների արհամարհելի զբաղմունքը, բայց պահանջում էր միայն, որպեսզի ընդունվածից ավելին չշորթեն:

Հովհաննեսի ազդեցությունը աճում էր օր օրի: Ժողովուրդն սկսում էր Հովհաննեսի մեջ տեսնել իր սպասած Փրկչին. բոլորն էլ իրենք իրենց մեջ մտածում էին, թե արդյոք Հովհաննե՞սն է Քրիստոսը: Հովհաննեսը նրանց պատասխանեց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց գալու է ինձնից ավելի հզորը, որը ձեզ պիտի մկրտի Սուրբ Հոգով և կրակով: Ես Նրա կոշիկների կապերն իսկ արձակելու արժանի չեմ: Քամհարն Իր ձեռքին է, Նա կմաքրի Իր կալը, ցորենը կհավաքի Իր շտեմարանում, իսկ հարդը կայրի անշեջ կրակով» (Ղուկաս 3:16-17):

Բոլորը հասկացան, թե ինչ է նշանակում դա: Աշխարհը պետք է անցնի Աստծո Ճշմարտության կրակի միջով: Հովհաննեսը մաքրող ամպրոպի լոկ ավետաբերն է:

Ներկա ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց: Այն պահին, երբ Հիսուսը կանգնած էր ջրի մեջ և աղոթում էր, տեղի ունեցավ ինչ-որ հրաշախորհուրդ բան: Հետագայում Հովհաննեսն իր աշակերտներին ասաց. «Տեսա Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և մնում Նրա վրա: Այո՛, ես չէի ճանաչում Նրան, բայց Նա, Ով ուղարկեց մկրտելու ջրով, ասաց ինձ. «Ում վրա, որ տեսնում ես, թե իջնում ու մնում է Հոգին, Նա՛ է, որ մկրտելու է Սուրբ Հոգով»: Ես այդ տեսա և վկայում եմ, թե Ի՛նքն է Աստծո Որդին» (Հովհաննես 1:32-34):

Սբ. Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն էր: Նրա մասին Ինքը Տերն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» (Մատթեոս 11:11):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հունվարի 14-ին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Բացի այս տոնից Հայ եկեղեցին նշում է նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի ու Աթանագինե եպիսկոպոսի, Սուրբ Հովհաննես Մկրտչի ու Հոբ Արդարի և Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունները:

Սբ. Հովհաննես Մկրտչի կերպարը իր բացառիկ դրսևորումն է գտել միջնադարի քրիստոնեական մշակույթի բոլոր ոլորտներում: Հայ ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ ստեղծվել են Սուրբ Հովհաննեսին նվիրված բազմաթիվ ճառեր, ներբողներ, քարոզներ, շարականներ, որտեղ գովերգվում են նրա արժանիքները: Միջնադարյան Հայաստանում (Մուշ, Բաղեշ, Սառնագյուղ, Երևան և այլուր) Սբ. Հովհաննես Մկրտչի անունով բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ են կառուցվել:

 

 

 

Աղբյուր՝

Արարատյան Հայրապետական Թեմի՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու պաշտոնական կայքէջ, խմբագիր՝ Կարինե Սուգիկյան

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am