ՂԵՎՈՆԴՅԱՆՔ, սուրբ Ղեվոնդյանք, 5-րդ դարի նահատակ եկեղեցականների խումբ (ինը հոգի): Տոնացույցի մեջ հիշվում են Քահանայից անունով: Հայաստանում զրադաշտականության տարածման դեմ պայքարի և Վարդանանց պատերազմի գործուն մասնակիցներ: Ավարայրի ճակատամարտից հետո, 452-ի սկզբին պարսիկները 37 նախարարների հետ նրանց ևս աքսորել են Վրկան (այժմյան Մազանդարան): Նրանք էին. Ղևոնդ Երեց Վանանդեցին (որի անունով և կոչվել են Ղևոնդյանք), Հովսեփ կաթողիկոսը (Հովսեփ Ա Հողոցմեցի), Սահակ Ռշտունի եպիսկոպոսը, Մուշեղ Արծրունին (Աղբակից), Արշեն կամ Արսեն երեցը (Բագրեվանդի Եղեգիկ գյուղից), Քաջաջ սարկավագը Ռշտունիքից, Թաթիկ եպիսկոպոսը, Սամվել քահանան և Աբրահամ սարկավագը (երկուսն էլ՝  Այրարատ նահանգի Արած գյուղից):

Գերության մեջ են մնացել մինչև 454-իսկիզբը, երբ քուշանների հետ պատերազմից հետո պարսիկները սաստկացրել են հալածանքները քրիստոնյաների դեմ և մահապատժի դատապարտել գերյալ եկեղեցականներին: Սահակ քահանան և Աբրահամ սարկավագը նահատակվել են Ապար նահանգի (այժմյան Խորասան) Վարդգետ գավառում, 454-ի հուլիսի 7-ին, Թաթիկ եպիսկոպոսը՝ Խուժաստանում, մնացյալ 6-ը՝ Ապար աշխարհում, Նյուշապուհ քաղաքի մոտակայքում, 454-ի հուլիսի 25-ին: Այդ խմբի մեջ հիշատակվում է նաև Նյուշապուհ Պարսից մոգպետը, որը մկրտվել է և նրանց հետ նահատակվել:

Հայ եկեղեցին սուրբ Ղևոնդյանց հիշատակը տոնում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:

 

 

Գրականության ցանկ՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

Յայսմաւուրք, ԿՊ, 1730, 31-ը հուլիսի:

Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982:

Օրմանյան Մ., Ազգապատում, ԿՊ, 1912, հ. 1, էջ 392–404:

Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե., 1994, գլ. 8:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am