ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ. ծնվել է 440/443 թվականին, Այրարատ նահանգի

Արագածոտն գավառի՝ Փարպի գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ), մահացել է 6-րդ դարի սկիզբը, մատենագիր, պատմիչ: Մեծացել և դաստիարակվել է Հայոց սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո: Հիմնապես կրթվել է Գուգարաց բդեշխ Աշուշայի պալատում (այդտեղ էին հավաքվել Մամիկոնյան ու Կամսարական տոհմերի պայազատները), Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու մոտ, որից և ստացել է «կրօնաւորութեան ձեռնադրութիւն»:

Մոտ 465/470-ին ուսանել է Բյուզանդիայում և «լիով զմարգարիտն... ընկալեալ»: Վերադարձել է հայրենիք ու հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթ Շիրակում, զբաղվել է ուսումնակրթական գործունեությամբ: Այստեղից մոտ քառասնամյա Ղազար Փարպեցին գնացել է Սյունիք և երկու տարի վարել ճգնողական կյանք: 486-ին արդեն մարզպան Վահան Մամիկոնյանը մանկության ընկերոջը բերել է Սյունիքից և նշանակել իր կողմից հիմնովին վերակառուցված Վաղարշապատի վանքի առաջնորդ (տես՝ Էջմիածնի Մայր տաճար): Ղազար Փարպեցին մարզպանի, նրա եղբայրների, Կամսարական իշխանների հովանավորությամբ և իր բնածին ընդունակությունների շնորհիվ կարճ ժամանակում պայծառացրել է վանքն ու իր ազդու քարոզներով արժանացել ժողովրդի համակրանքին: Սակայն ի դեմս խավարամիտ հոգևորականության՝ հանդիպել է զորեղ հակառակորդների, որոնք, ջանալով ձեռք բերել նույն վանքի առաջնորդության պաշտոնը (նույնիսկ կաշառք առաջարկելով Վահան Մամիկոնյանին) և ձախողվելով, ամեն ինչ արել են Ղազար Փարպեցուն մարզպանի մոտ վարկաբեկելու ու վանքից հալածելու համար: Մոտ 490-ին Ղազար Փարպեցին հեռացել է Ամիդ քաղաքը: Այդտեղից գրել է իր հայտնի «Թուղթ առ Վահան Մամիկոնեան» ինքնապաշտպանական նամակը (բնագիրը մեզ է հասել աղավաղումներով ու բացթողումներով):

Վահան Մամիկոնյանը նրան կանչել է իր մոտ, պաշտպանել չարախոսներից և հանձնարարել է գրել «Հայոց պատմութիւնը»:

Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Փարպիից արևելք գտնվող Ղազարավան գյուղում (աղավաղված ձևը՝ Նազարավան, այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում), իր հիշատակին կառուցված եկեղեցու (դեռևս19-րդ դարի կանգուն) հվ. ավանդատան մեջ: Մի այլ տարբերակով՝ Մշո Ս. Առաքելոց վանքում:

Ղազար Փարպեցին թուղթ-ուղերձում կոչվել է նաև «Մեղադրութիւն ստախօս աբեղայից», իրեն պաշտպանում է ստախոս աբեղաների մեղադրանքներից: Նրա փոքրիկ առաջաբանը, ըստ Գ. Խալաթյանի՝ գրել է Ղազար Փարպեցու աշակերտներից մեկը: Երկը տեղեկություններ է հաղորդում Ղազար Փարպեցու կյանքի ու գործունեության, մասամբ Վահան Մամիկոնյանի մասին, կարևոր (թեպետև կցկտուր) տվյալներ մի քանի նշանավոր հեղինակների վերաբերյալ: Թղթի գլխավոր նշանակությունն այն է, որ գաղափար է տալիս 5-րդ դարի 2-րդ կեսին հայ եկեղեցական շրջանակներում գոյություն ունեցող խմբավորումների, նրանց փոխադարձ մեղադրանքների և բախումների մասին: Բանակռիվ է մղվել երկու ուղղության, հավանաբար՝ ասորական և հունական դպրոցների միջև: Առաջինը մարմնացրել է հինն ու ավանդականը, իսկ երկրորդը՝ նորն ու առաջադիմականը:

Հունական  դպրոցի ներկայացուցիչներն իրենց խորագիտակցությամբ, լայն աշխարհայացքով, լեզվական նորամուծություններով, ազատ մտածողությամբ (գուցե և ավելի ազատ նիստ ու կացով) իրենց դեմ են գրգռել հոգևորականության ստվար մասին: Հետևաբար «Թուղթը» խտացված պատկեր է այն մեծ, հավիտենական կռվի, որ բոլոր ժամանակներում մղվել է հնի ու նորի միջև: Ղազար Փարպեցին ինքն այդ կռվի զոհերից է, ուստի մեծ դառնությամբ են հնչում նրա խոսքերը՝ ուղղված թշնամիներին, ինչպես նրա մյուս զինակցի՝ Մովսես Խորենացու «Ողբում» նույնպիսի հակառակորդներին հասցեագրված ծանր խոսքերը: Թուղթ-նամակի հեղինակն իր թշնամիների անունները չի տալիս: Նա ընդվզում է հասարակական միջավայրում խավարի թագավորության դեմ, որտեղ երկրի արժանավորներն ամբաստանված ու հալածված են, իսկ գողերն ու կաշառակերները տնօրինում են ամեն ինչ: «Թուղթը» ժամանակի տգետ ու նախանձոտ հոգևորականությանը ամբաստանող, անհատի իրավունքները պաշտպանող, միջնադարյան ազատամտությունը արտացոլող կարևոր փաստաթուղթ է: Հետազոտողները բազմիցս նշել են «Թղթի» իբրև հրապարակախոս. գործի, բարձր ճարտասանական արվեստը: Երկն առաջին անգամ (1853-ին, Մոսկվայում) հրատարակել է Մկրտիչ Էմինը՝ «Թուղթ առ Վահան Տէրն Մամիկոնէից» խորագրով: Աշխարհաբարի է փոխադրել Մ. Նալբանդյանը (Սան Պետերբուրգ, 1868):

Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ը կոչվում է Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո՝ շարունակելով վերջինիս: Պատմությունը բաղկացած է առաջաբանից և երեք դրվագներից: Առաջաբանում Ղազար Փարպեցին, հիշատակելով իր նախորդների երկերի համառոտ բովանդակությունը, արժեքավորում է դրանք, նշում, որ գրավոր աղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով ու ճշտելով: Պատմությունն ընդգրկում է մեկ հարյուրամյակ՝ Հայաստանի 387-ի բաժանումից (Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) մինչև

487-ին ներքին ինքնուրույնության արտոնումն ու սպարապետ Վահան Մամիկոնյանի մարզպան նշանակվելը: Առաջին դրվագում հանգամանորեն պատմագրված են Արշակ Գ-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական իրադարձությունները և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց արքայատոհմի անկումը (428): Այդ դրվագում է ներկայացված նաև Սահակ Ա Պարթևի տեսիլքը և նրա մեկնությունը: Այն ավարտվում է Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվան հետ առնչվող դեպքերի նկարագրությամբ: Երկրորդ դրվագը ներկայացնում է Վարդանանց (առաջին կրոնական) պատերազմը, որը համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկասիրության ժամանակաշրջանին և շատ ընդհանրություններ ունի նրա հետ: Երրորդ դրվագը միակ աղբյուրն է Հայոց շուրջ 25-ամյա պատմության: Նյութը Վահանանց (երկրորդ կրոնական) պատերազմն է, պայքարի առաջնորդ և հաջողությամբ պսակող Վահան Մամիկոնյանի կենսագրությունը: Որպես սկզբնաղբյուր ամենաարժեքավորն է, քանզի Ղազար Փարպեցին իր նկարագրած դեպքերի ականատեսն է:

Ընդգրկում է 460–480-ական թթ. հայ-պարսկական փոխհարաբերությունների և հայոց 482–484-ի հակապարսկական ապստամբության պատմությունը:

Այստեղ հեղինակը նաև բացահայտում է ուրացության կործանիչ հետևանքները: Պատմությունն ավարտվում է Վաղարշապատի եկեղեցում Հովհաննես Ա Մանդակունու ատենաբանությամբ՝ արտասանած Վահան Մամիկոնյանի մարզպան նշանակվելու առիթով:

Ղազար Փարպեցու հաղորդած տեղեկություններն անգնահատելի աղբյուր են Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու սոցիալա-տնտեսական կյանքն ուսումնասիրելու համար: Ըստ նրա՝ պատմագրությունը պետք է ենթարկվի խոհեմության ու անաչառության սկզբունքներին, հիմք ունենա ուղղափառ հավատը և, պատմության բարոյական էությունն օգտագործելով, կատարի դաստիարակչական դեր: Պատմությունը մի կողմից՝ նախախնամության, մյուս կողմից՝ մարդկանց անձնիշխան գործունեության դրսևորումն է: Նա աշխարհիկ տերերի իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցականինը՝ կրոնական գործունեությամբ: Համաձայն Ղազար Փարպեցու՝ ղեկավարը չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն:

«Պատմութիւն Հայոց»-ն առաջին անգամ տպագրվել է 1793-ին, Վենետիկում (աշխարհաբար՝ 1895-ին, Ալեքսանդրապոլում): Ֆրանսերեն մասնակի հրատարակվել է 1843-ին, Գ. Գապամաճյանի, ամբողջությամբ՝ 1869-ին, Ս. Կանթարյանի (Կեսարյան) թարգմանությամբ:

 

 

Գրականության ցանկ՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982:

Խալաթյան Գ., Ղազար Փարպեցի եւ գործք նորին, Մ., 1883:

Պողարյան Ն., Նորագյուտ հատված Ղազար Փարպեցու «Հայոց պատմութեան», ԲՄ, դ 8, 1967:

Մուրադյան Պ., Յուզբ աշյան Կ., Ղազար Փարպեցու Պատմության նորահայտ պատառիկը, ԲՄ, դ 11, 1973:

Խրլոպյան Գ., Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե., 1978:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am