Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Էջմիածնի ժողովներ 1547, 1677

ԷՋՄԻԱԾՆԻ ԺՈՂՈՎՆԵՐ 1547, 1677. գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկական-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով: Մահմեդական նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի: Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին: Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ: Հայաստանի ազատագրության խնդիրը քննարկելու համար կաթողիկոս Ստեփանոս Ե Սալմաստեցին Սուրբ Էջմիածնում 1547-ին հրավիրել է խորհրդաժողով՝ Արևելյան Հայաստանի բարձրաստիճան հոգևորականության, տանուտերերի ու մելիքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ժողովն ընդունել է Վենետիկի դոժին ուղղված «Աղերսագիր տերանց Հայոց» փաստաթուղթը, որի հայերեն բնագիրը չի պահպանվել և հայտնի է միայն իտալական թարգմանությամբ: Այդ թղթում հայ ազատագրական շարժման գործիչները, Վենետիկի Հանրապետությունը ներկայացնելով որպես «պաշտպան բովանդակ քրիստոնեության», ակնկալել են, որ նրանից պետք է սկսվի հայերի փրկությունն ու ազատագրումը: Առանձին դիմումագրեր են ընդունվել՝ ուղղված Պողոս III պապին, որը պետք է գլխավորեր ու հովանավորեր հայերի, ինչպես նաև արևմտաեվրոպական մի քանի երկրների ազատագրության գործը: Էջմիածնի ժողովը կաթողիկոսի գլխավորությամբ կազմել է պատվիրակություն, որի անդամներ են ընտրվել Զաքարիա եպիսկոպոսը, Դավիթ վարդապետը, Գրիգոր վարդապետ Վարագեցին և Լուսիկ սարկավագը: 1547-ին պատվիրակությունը ժամանել է Կ. Պոլիս, հանդիպումներ ունեցել Կ. Պոլսի պատրիարքի հետ, իսկ 1548-ի աշնանը մեկնել է Վենետիկ: Այստեղ պատվիրակությունը հանրապետության դոժին է ներկայացրել «Աղերսագիրը» և Հայաստանի ազատագրության հեռանկարների վերաբերյալ բանակցություններ վարել նրա հետ: 1549-ի գարնանը պատվիրակությունը ժամանել է Հռոմ, նրան է միացել Պետրոս Երեց Եթովպացին, որն էլ կաթողիկոսին ներկայացրել է Պողոս III պապին: Պատվիրակությունը Հռոմում մնացել է շուրջ մեկ տարի, որի ընթացքում Ստեփանոս Ե Սալմաստեցինմի շարք բանակցություններ է վարել Պողոս III-ի, իսկ վերջինիս մահից հետո՝ նաև Հուլիոս III պապի հետ: Քաղաքական բանակցություններին նախորդել է կաթողիկոսի հայտարարությունը իր ենթակա 27 եպիսկոպոսների անունից՝ պապին հնազանդվելու և Հայ եկեղեցին լատինականին ենթարկելու վերաբերյալ: Սույն զոհողությունը նախապայման էր դիվանագիտական հետագա բանակցությունների համար և ազգային-քաղաքական նկատառումներով հանձնարարված էր Էջմիածնի ժողովի կողմից: Բանակցությունների նման ընթացքով բավարարված՝ Հուլիոս III պապը 1550-ի ապրիլի 25-ին հանձնարարական նամակներով Ստեփանոս Ե Սալմաստեցուն ուղարկել է Գերմանիայի Կառլոս V կայսրի և Լեհաստանի Սիգիզմունդ II Ավգուստոս թագավորի մոտ՝ բանակցությունները շարունակելու: Սակայն Վիեննայում ու Վարշավայում ևս հայկական-արևմտաևրոպական բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել: Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթողիկե Արևմուտքի հետ վերսկսվել են 17-րդ դարի երկրորդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ: 1662-ին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել վարդապետ Բոպիկ (Բոկոտն) Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ: Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին: Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել Ոսկան վարդապետ Երևանցուն, Մատթեոս վարդապետ Վանանդեցուն և այլոց: Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայկական արևմտաևրոպական քաղաքա-կրոնական բանակցությունների համար: Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի Լեոպոլդ I կայսրի և այլոց հետ: 1677-ի սկզբին կաթողիկոսը Սուրբ Էջմիածնում գումարել է գաղտնի ժողով, ներկայացուցչությամբ՝ բարձրաստիճան հոգևորականության, Արևելյան Հայաստանի մելիքների և մեծատունների (թվով՝ 12) կամ, ինչպես նշված է Հովհան Վիլհելմին ուղղված գրության մեջ՝ «Մեծ Հայաստանի գլխավոր և ղեկավար իշխանների» (6 եկեղեցական և 6 աշխարհիկ գործիչներ): Վերջիններից հանվանե հայտնի են Սիսիանի մելիք Իսրայելը, Կոստան բեյը և Յավրու որդի Աղաջանը: Ժողովը որոշել է օգնության հայցով դիմել Հռոմի պապին և, հնազանդություն հայտնելով, նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ: Քննարկվել է նաև Վրաստանի հետ համագործակցության հարցը: Որոշվել է պատվիրակություն ուղարկել նախ Վրաստան, ապա՝ Եվրոպա: Պատվիրակության կազմում ընդգրկվել է 6 հոգի, որոնցից հայտնի են կաթողիկոսը, Առաքել վարդապետ Շոռոթեցին, Սիսիանի մելիք Իսրայելը: Վերջինս, օգտվելով առիթից, իր հետ է վերցրել որդուն՝ Իսրայել Օրուն՝ Եվրոպայում կրթության տալու նպատակով: 1677-ի հունիսին պատվիրակությունը Թիֆլիսում բանակցություններ է վարել Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի հետ՝ պայմանավորվելով, որ հայերը դիմեն Արևմուտքին, իսկ Վրաստանը՝ Ռուսաստանին: Հանգանակություն կազմակերպելու պատրվակով պատվիրակությունը անցել է Արևմտյան Հայաստան, եղել Տրապիզոնում, Կարինում, Երզնկայում, Սեբաստիայում, Թոքատում, Ամիդ-Դիարբեքիրում և այլն, 1678-ի վերջին ժամանել Կ. Պոլիս: Այստեղ հանդիպումներ է ունեցել արևմտահայ նշանավոր ազգային կրոնական գործիչների, Կ. Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարքների, ինչպես նաև արևմտաևրոպական մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և պապական նվիրակ Ֆրանցիսկո Ջիլիի հետ: Վատիկանի հետ բանակցություններ նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից Առաքել վարդապետ Բոպիկին 1679-ին ուղարկել է Հռոմ, իսկ ինքը գրական գործիչ ու պատմագիր Երեմիա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցել Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ՝ ակնկալելով նաև նրա օգնությունը: Սակայն պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվել է Հակոբ Դ Ջուղայեցու կանխահաս վախճանի պատճառով (1680 օգոստոս 1): Պատվիրակության անդամները ստիպված վերադարձել են Հայաստանացառությամբ՝ Իսրայել Օրու): Հայկական արևմտաևրոպական բանակցություններն առժամանակ հետաձգվել են: Պատմագրության մեջ արտահայտված այն տեսակետը, թե իբր Էջմիածնի ժողովներ մշակել են Հռոմի հանդեպ դավանական մերձեցման և զույգ եկեղեցիների միավորման սկզբունքներ, զուրկ է պատմական հիմքից: Հռոմի հանդեպ դավանական մերձեցման անհրաժեշտության վերաբերյալ հայ կաթողիկոսների հայտարարությունները և հռոմեանպաստ արտահայտությունները արվել են ազգային քաղաքական նկատառումներով և սոսկ կաթողիկե Եվրոպայի համակրանքը շահելու նպատակ են հետապնդել:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am