ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ. հոգևոր բարձրագույն գիշերօթիկ ուսումնական հաստատություն: Բացվել է 1945-ի նոյեմբեր 1-ին, Էջմիածնում, Մայրավանքի մատենադարանի նախկին շենքում՝ Գևորգ Զ Չորեքչյանի նախաձեռնությամբ: Էջմիածնի հոգեվոր ճեմարան Գևորգյան ճեմարանի յուրատեսակ շարունակությունն էր, ուստի 1998-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի կարգադրությամբ վերանվանվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: Նպատակն է հոգևորականներ պատրաստել Հայ առաքելական եկեղեցու համար: Ուսման տևողությունը 6 տարի է, ունեցել է 2 բաժին՝ ընդհանուր կրթության և լսարանական, այսօր՝ միայն լսարանական: Առաջին վերատեսուչ է նշանակվել Մինաս Մինասյանը (1945–54): Ճեմարան են ընդունվում միջնակարգ կրթությամբ 17–24 տարեկան ՀՀ քաղաքացիներ և սփյուռքում հայկական կրթություն ստացած երիտասարդներ՝ «ձայնեղ, լայնամիտ և առողջակազմ աշակերտներ, որոնք ավարտելուց հետո պետք է ծառայեն միայն Հայ առաքելական եկեղեցում» («Տաթև» տարեգիրք, 1996–97, էջ 14): Դասավանդվում են կրոնական (Հայ եկեղեցու պատմություն, ընդհանուր եկեղեցու պատմություն, քարոզխոսություն, մեկնություն Հին և Նոր կտակարանների, բարոյական աստվածաբանություն, 1962-ից՝ Էկումենիկ շարժման պատմություն և այլն), հայագիտական (գրաբար, հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն և այլն) առարկաներ, երաժշտություն (եկեղեցական և ևրոպական), լեզուներ (ռուսերեն, անգլերեն, հին հունարեն): Էջմիածնի հոգեվոր ճեմարանն իր գոյության առաջին տասը տարիներին (1945–55) կանոնադրություն չի ունեցել և գործել է վերատեսչի տված հրահանգներով ու հանձնարարականներով: 1955-ին, Գևորգյան ճեմարանի կանոնադրության հիման վրա, կազմվել է Էջմիածնի հոգեվոր ճեմարանի կանոնադրությունը, նշվել են վերատեսչի, տեսչի, վերակացուի, քարտուղարի, դասախոսների, ուսանողների իրավասություններն ու պարտականությունները: Ճեմարանը գտնվում է Ամենայն հայոց կաթողիկոսի գերատեսչության ներքո: Նրա հրամանով են հոգևորականներից նշանակվում վերատեսուչ, տեսուչ և վերակացու: Տեսուչներ են եղել Հայկազուն եպիսկոպոս Աբրահամյանը, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, Եզնիկ քահան Պետրոսյանը և ուրիշներ: Դասավանդում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, ճեմարանի նախկին սաներ, աշխարհականներ, արտերկրից հրավիրված հոգևորականներ: Ճեմարանն ունի 120 սան, շուրջ 45 դասախոս (2001): Ճեմարանականները պարտավոր են մասնակցել ամենօրյա ժամերգություններին և սուրբ Պատարագին: Ճեմարանն ավարտելուց հետո նրանք աշխատում են գիտական ավարտաճառի վրա (շուրջ մեկ տարի), որը պաշտպանելուց հետո միայն իրավունք են ստանում քահանա ձեռնադրվելու և օծվելու: Ճեմարանավարտին հնարավորություն է ընձեռվում ուսումը շարունակելու արտերկրի կրոնական կրթական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ճեմարանի սաների ջանքերով լույս է տեսնում «Տաթև» ուսանողական պարբերաթերթը: Էջմիածնի հոգեվոր ճեմարանի տեսուչն է Եղիշե ավաք քահանա Սարգըսյանը (2000-ից):
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am