ԴԺՈԽՔ. գեհեն, Աստծո ներկայությունից թափուր վայր կամ վիճակ. հավիտենական տանջարան, անլույս պատժարան, անհանգչելի կրակ, որը, աստվածային արդարության սահմանումով, նախատեսված է սատանայի, իր արբանյակների` անկյալ հրեշտակների, դևերի և սրանց կամակատար մարդկանց համար: Հակոտնյան է դրախտի: Դժոխք եբրայերեն «շեոլ» և հունարեն «հադես» բառերի հայերեն համարժեքն է. նշանակում է մեռյալների հոգիների օթևան, ըստ ոմանց` մահից անմիջապես հետո, ըստ այլոց` օրերի վախճանին` Ահեղ դատաստանից հետո: Մինչդեռ «գեհեն»-ը, որ գործածվում է իբրև դժոխք բառի հոմանիշ, եղել է Երուսաղեմի հարավային կողմի հովտի անունը, որտեղ Հուդայի Աքազ թագավորը «...իր որդուն կրակի միջով անցկացրեց...» (Դ Թագավորություններ 16.3)` ի պատիվ Մեղքոմ (Մողոք) կուռքի: Այդ հովիտը Հոսիա թագավորի օրոք վերածվել է աղբանոցի: Որպես անարգանք նախկին կռապաշտության` այստեղ կրակին են հանձնել քաղաքի անմաքրությունները, մահապարտների և պղծված կենդանիների դիակները: Մշտավառ կրակի պատճառով այն կոչվել է կրակի գեհեն: Հիսուս Քրիստոսն այդ անունը գործածել է դժոխքի իմաստով. «...և ով որ իր եղբորն ասի` ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին» (Մատթեոս 5.22): Գեհենը դժոխք, հավիտենական կրակ հասկացությամբ կիրառված է Մատթեոսի (5.22, 5.29, 5.30, 10.28, 18.9, 23.15, 23.33), Մարկոսի (9.43, 9.47), Ղուկասի (12.5) Ավետարաններում և Հակոբոս առաքյալի ընդհանրական թղթում (3.6): Դժոխքը հիշատակվում է սաղմոսներում. «...քանզի դժոխքում չես թողնի դու ինձ...» (Սաղմոս 15.10): Որպես «ներքևում» գտնվող և ցեց ու որդ արտադրող պատժավայր կամ անհանգչելի կրակ` նկարագրվում է Եսայու մարգարեությունում. «... դժոխքն ալեկոծվեց ներքևում...» (14.9), «Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. ցեցը պիտի տարածվի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի» (14.11), «Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու...» (66.24): Դժոխքը, որպես Չարի հատուցման վայր, մահվան կայան, հանգրվան կամ պատժի ձև հիշատակվում է Աստվածաշնչի այլ գրքերում ևս (Երկրորդ Օրինաց 32.22, Բ Թագավորություններ 22.6, Սաղմոս 9.18, 29.4, 54.16, Ելք 14.9, 14.15, Մատթեոս 11.23, 16.18, Ղուկաս 16.23, Գործք 2.27, 2.31, Ա Կորնթացիներ 15.55, Հայտնություն 1.18, 6.8, 20.13):

Նոր կտակարանն արձանագրել է Հիսուսի առակն աղքատ Ղազարոսի և մեծահարուստի վերաբերյալ, որտեղ դրախտը ներկայացվում է իբրև հանգստության գիրկ` Ղազարոսի, իսկ դժոխքը` որպես տանջարան` մեծահարուստի համար. «Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ` նրա գրկում հանգստացած»: Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հա´յր Աբրահամ, ողորմի´ր ինձ և ուղարկի´ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ» (Ղուկաս 16.23-24): Նույն այս առակում էլ դժոխքը բնութագրվում է իբրև տանջանքների վայր (Ղուկաս 16.28), որն անանցանելի վիհով բաժանված է դրախտից:

Քրիստոսի վախճանաբանության (հունարեն` էսխատոլոգիա) համաձայն, ժամանակների վախճանին Հիսուսը հայտնվելու է. այդ ժամանակ (առաջին հարություն) նախ երկինք է հափշտակվելու Հարսը` Քրիստոսի եկեղեցին (կենդանի կամ ննջյալ), ապա, քիչ ժամանակ անց, եկեղեցուց թափուր երկիրը տեսնելու է Հիսուսին, որն իր հրե շնչով կործանելու է հակաքրիստոսին և սատանային կապելու է հազար տարի: Հազար տարի անց (երկրորդ հարություն) հարություն են առնելու մնացած բոլոր մեռյալները` Վերջին դատաստանի համար: Ահա այս ժամանակ է, որ դժոխք է նետվելու սատանան` իր արբանյակների և դատապարտված հոգիների հետ, տանջվելու հավիտյանս հավիտենից:

Հայ եկեղեցին ընդունում է Վերջին դատաստանը և մերժում, այսպես կոչված, «առանձնական դատաստանը», ըստ որի, եթե մարդ մեռնում է, ապա ստանում է իր կյանքի վարձատրությունը` անմիջապես: Հայ եկեղեցին ընդունում է նաև մինչվախճանական կայանների կամ հոգու օթևանների գոյությունը: Ըստ Գրիգոր Տաթևացու` առկա են երկու կարգի օթևաններ` ձախակողմյան կամ ներքևի (պատժապարտների համար) և աջակողմյան կամ երկնային (Հիսուս Քրիստոսի քավչարար արյունով մաքրվածների համար):


Դժոխքի
ավերումը:
Ըստ Սուրբ Գրքի, խաչյալ և հարուցյալ Հիսուս Քրիստոսի ձեռքին են նաև դժոխքի բանալիները, քանզի նրան են հնազանդված կյանքն ու մահը. «...ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա և ահա´վասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից»: Ամեն: «Եվ ունեմ մահվան ու դժոխքի փականքները» (Հայտնություն 1.18): Ընդհանրական եկեղեցին, մեկնելով Սուրբ Գիրքը, ընդունում է խորհրդավոր մի իրադարձություն, որը կոչվում է դժոխքի ավերում. Հիսուս Քրիստոսը խաչելությունից հետո իջավ դժոխք և քարոզեց մահացածների հոգիներին, որոնք կապված էին սատանայի կապանքներով` ադամական մեղքի պատճառով: Հիսուսը քանդեց այդ կապանքները, քանզի իր մահվամբ վճարեց ողջ մարդկության մեղքերի գինը, և ազատության ավետիսը տվեց մինչ Փրկչի գալուստը ննջած բոլոր հոգիներին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002: 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am