Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Դվինի Եկեղեցական Ժողովներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԴՎԻՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ.  գումարվել են Հայոց կաթողիկոսության աթոռանիստ Դվինում, 68 դարերում: Քննարկվել են դավանական, ծիսական, ինչպես նաև եկեղեցական կարգ ու կանոնին վերաբերող կարևոր խնդիրներ: Դվինի եկեղեցական ժողովում ընդունված որոշումները մեծ նշանակություն են ունեցել Հայ եկեղեցու դավանական դիրքորոշման հստակեցման գործում: Ժողովների մի մասը եղել է կանոնադիր: Ընդունված կանոնախմբերը տեղ են գտել «Կանոնագիրք Հայոց»-ում:

Դվինի Ա ժողով (506 թ.). հրավիրել է Բաբկեն Ա Ոթմսեցին՝ դավանական խնդիրներ, մասնավորապես նեստորականությանը և քաղկեդոնականությանը առնչվող հարցեր քննելու, նրանց հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշումը պարզելու նպատակով: Ժողովին մասնակցել են 20 եպիսկոպոս, վանականներ, երեցներ, 14 նախարար՝ մարզպան Վարդ Մամիկոնյանի (505–509 թ.) գլխավորությամբ, Սյունյաց եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաց և Աղվանից եկեղեցիների կաթողիկոսներն ու եպիսկոպոսները: Պահպանվել է միայն մեկ ժողովական՝ «Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս» վերնագրով առաջին թուղթը, որը գրել է Բաբկեն Ա Ոթմսեցին: Ժողովն արդեն հրավիրվել էր, երբ Սիմեոն Բեթ-Արշամացու գլխավորությամբ Պարսկաստանի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնց հատկապես Սելևկիայի 499-ի ժողովից (որտեղ նեստորականությունը հռչակվել էր Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոնական դավանություն) հետո հալածանքների էին ենթարկել նեստորականները, պաշտպանություն են հայցել Հայ եկեղեցուց, միաժամանակ խնդրել, որ Հայոց կաթողիկոսը գրով հաստատի, թե որն է ճշմարիտ դավանությունը, քանի որ նեստորականները պարծեցել էին, թե հայերը, հույները, վրացիներն ու աղվանները ևս իրենց հավատնունեն: Բաբկեն Ա Ոթմսեցին, ի պատասխան այդ խնդրանքի, Հայ եկեղեցու և ժողովի անունից հավաստել է, որ Հայ եկեղեցին Նեստորի և նրա կողմնակիցների վարդապետությունը մերժում է ու նզովում: Նամակը գրվել է հայերեն ու պարսկերեն և կնքվել բոլոր ժողովականների ստորագրությամբ: Այս ժողովում ընդունվել է մեզ չհասած «Պայման նամակը», որը նաև «Հավատո նամակ» է կոչվում, որով մերժվել ու լռելյայն դատապարտվել է Քաղկեղոնի ժողովը և Լևոնի տոմարը: Դվինի Ա ժողովը երևույթ էր Հայ եկեղեցու դավանական դրության հստակեցման և զարգացման, նրա հականեստորական, հակաքաղկեդոն դիրքորոշման ճշտման գործում: Դվինի Ա ժողովը հանրագումարն էր դավանական այն պայքարի, որ Հայ եկեղեցին նախորդ տասնամյակներում մղել է քրիստոնեական տարբեր հոսանքների՝ քաղկեդոնականության, նեստորականության, եվտիքականության դեմ: Միաժամանակ Հայ եկեղեցու հեղինակության և դիրքի ապացույցն էր 6-րդ դարում քրիստոնյա Արևելքոլում ծավալված դավանական վեճերում: Տարբեր դավանանքների պատկանող դրացի քրիստոնյաները, գիտակցելով Հայ եկեղեցու նշանակությունը և դերը Արևելքի քրիստոնյա եկեղեցիների մեջ, աշխատել են ձեռք բերել Հայ եկեղեցու հովանավորությունը և տեսնել իրենց դավանակից:

Դվինի Բ ժողով (554). գումարվել է հակառակ «ժողովոյն Քաղկեդոնի» (Հովհաննես Գ Օձնեցի), մարտի 29-ին, Ծաղկազարդի օրը, Ներսես Բ Բագրեվանդցու օրոք, Պարսից Խոսրով արքայի 24-րդ և բյուզանդական Հուստինիանոս կայսրի 14-րդ տարում: Մասնակցել են 18 եպիսկոպոս, մեծ թվով նախարարներ, ինչպես նաև ասորի ուղղափառների Աբդիշո եպիսկոպոսը: Համաձայն տիրող կարծիքի, այս ժողովից է սկսվել պաշտոնական բաժանումը հայ և քաղկեդոնիկ եկեղեցիների միջև: Ըստ Հովհաննես Գ Օձնեցու, Ասողիկ պատմիչի (1011 դարերի) և Մխիթար Գոշի (1213 դարերի), Դվինի Բ ժողովում է որոշվել Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը նշել միասին՝ հունվարի 6-ին (ինչպես տոնել են հայերը առաքյալներից սկսած), դավանել Քրիստոսի մեջ մեկ Աստվածամարդկային բնություն և «Սուրբ Աստված» երգը «խաչեցարով» երգել, ինչպես նաև սկիզբ է դրվել Հայոց նոր թվականին: Ժողովն ընդունել է «Ուխտ միաբանության Հայոց աշխարհիս» գրությունը, որտեղ հիշված են միայն 3 տիեզերաժողովները, նզովվել են նեստորականությունը, պավլիանիտները (3-րդ դարի աղանդապետ, Սամոսատի եպիսկոպոս Պողոս Սամոստացու ուսմունքի հետևորդները) և մծղնեությունը: Ժողովում ընդունվել են նաև 37 կանոններ, որոնք «Կանոնագիրք Հայոց»-ում հայտնի են «Կանոնք Ներսէսի կաթողիկոսի եւ Ներշապհոյ Մամիկոնէից եպիսկոպոսի» անունով: Կանոնները ոչ մի հիշատակություն չեն պարունակում դավանական, ծիսական կարևոր որոշումների մասին, այլ վերաբերում են միայն եկեղեցու և եկեղեցականների կարգ ու կանոնին: Կանոնները չեն սահմանում մարմնական պատիժներ և դրամական տույժեր, այլ՝ միայն նզովքի, լուծման և ապաշխարության եկեղեցական պատիժներ: Ա և Բ կանոնները ծխական քահանաներին արգելել են հավատացյալների բերած Պատարագի հացը, գինին և զանազան ընծայաբերությունները տուն տանել, փոխանակ եկեղեցի ուղարկելու: Գ կանոնը քահանաներին արգելել է իրենց հասույթները վաշխով գործածելը կամ իրենց կենցաղային պետքերից զատ զվարճությունների վրա ծախսելը: ԺԷ կանոնով սարկավագներին արգելվել է կատարել մկրտության ծեսը, ԺԶ կանոնով՝ կանանց՝մկրտության ժամանակ քահանայի մոտ կանգնելը և սպասավորություն անելը: ԺԹ կանոնը զգուշացնում էր, որ քահանան խոստովանության գաղտնիքն ուրիշին հաղորդելու դեպքում կարգալույծ կլինի նզովքով և կզրկվի քահանայական ժառանգությունից: ԻԴ կանոնն արգելել է անչափահասների (առանց տարիքը նշելու) ամուսնությունը, իսկ չափահասները պետք է ամուսնանային միայն միմյանց տեսնելու և հավանելու դեպքում: ԼԶ կանոնն արգելել է աղանդավորներին օթևան տալը:

Դվինի Գ ժողով (609/610 թ.). գումարվել է Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու և իշխան Սմբատ Բագրատունու օրոք, հոգևորական և աշխարհական անձանց մասնակցությամբ: Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց: Բաժանումն առիթ է տվել բազմաթիվ գրագրությունների՝ Հայոց կաթողիկոսների և Վրաց Կյուրիոն կաթողիկոսի ու եպիսկոպոսների միջև: Վրաց եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը ճշտելու նպատակով էլ գումարվել է Դվինի Գ ժողովը: Քննվել է Վրաց կաթողիկոսի քաղկեդոնական լինելու խնդիրը, և ընդհանուր վճռով բոլոր վրացիները համարվել են քաղկեդոնականներ՝ իրենց Կյուրիոն կաթողիկոսին հետևողներ և դավանակից հայերից բաժանվածներ: Աբրահամ Ա Աղբաթանեցին ժողովի որոշումից հետո մի «Շրջագայական թուղթ» է գրել՝ ուղղված ժողովրդին, որով հայտնել է գործի եղելությունը, նզովել Կյուրիոն կաթողիկոսին, նրա համախոհներին, պատվիրել խզել բոլոր հարաբերությունները վրացիների հետ, նրանց եկեղեցին չգնալ: Դվինի Գ ժողովը եկեղեցական կանոններ չի սահմանել, միայն զրկել է վրացիներին հայոց հաղորդությունից: Ժողովը որոշում է ընդունել Հայոց, Աղվանից, Սյունյաց աթոռների աստիճանների մասին և սահմանել ինը դասերի կարգը: Հայ եկեղեցու գահակալը հռչակվել է պատրիարք, Աղվանից եկեղեցունը՝ արքեպիսկոպոս, Սյունյացը՝ մետրոպոլիտ:

Դվինի Դ ժողով (645 թ.). գումարվել է Ներսես Գ Տայեցու օրոք, մասնակցել են 17 եպիսկոպոս, նախարարներ, ազատներ: Ընդունվել է 12 կանոն՝ «Կանոնագիրք Հայոց»-ում հայտնի «Կանոնք Դունա սուրբ ժողովոյն» անունով: Մի շարք կանոններ, Շահապիվանի ժողովի ընդունած կանոնախմբի նման, որոշ հանցանքների համար նախատեսել են ծեծ և տուգանքներ: Դ կանոնը վանքերի առաջնորդներին և եպիսկոպոսներին իրավունք է տվել հանցագործներից, պոռնիկներից տուգանք գանձել՝ հօգուտ հիվանդանոցների, դպրոցների, աղքատանոցների, սակայն խստիվ արգելել է բռնությամբ տուգանք վերցնելը: Ե կանոնն արգելել է քահանաների միջև ծխաբաժանությունը. նրանք պետք է բավարարվեին իրենց բաժին հողով և կալվածքով: Շատ կալվածքներ ունեցող հարուստ եկեղեցին իր արդյունքից ոչ մի մաս չպետք է հանձներ դրացի աղքատ եկեղեցուն: Է կանոնը մարմնական պատիժ է սահմանել այն կնոջ համար, որն իր ամուսնու գերության մեջ գտնվելու 7 տարին չլրացած ամուսնացել է ուրիշի հետ: Կանոնը նախատեսել է ծեծ, օտարում ինչքից, որը բաշխվելու էր աղքատներին: Ը կանոնով քահանայական կարգը և քահանայի իրավունքները կալվածքների նկատմամբ հռչակվել են ժառանգական: Պատմական որոշակի հանգամանքներում ընդունված այս կանոնը հետագայում հանվել է հայ եկեղեցական իրավունքից՝ հակաեկեղեցական, հակաավետարանական լինելու փաստարկով: Վերջին 4 կանոնները իշխանների և ազատների համար են: Դրանք աշխարհականներին արգելել են եկեղեցիների և եկեղեցականների իրավունքներնու հասույթները հափշտակել, նրանց վրա հարկ ու տուրք դնել, վանքերում բնակություն հաստատել, վանականներին իրենց կամքով փոխել, ուղևորությունների ժամանակ վանքերում իջևանել. նաև պատվիրել է իշխաններին՝ բաժին հանել անկելանոցներին և աղքատանոցներին:

Դվինի Ե ժողով (648 թ.), գումարվել է Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցու և Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու օրոք ու նախաձեռնությամբ: Ըստ Սեբեոսի, ժողովին մասնակցել են Հայոց բոլոր եպիսկոպոսներնու նախարարները (նրանց անուններն ու թիվը չի նշվում): 640-ական թվականին, Հայաստանի վրա արաբական արշավանքների ժամանակ, Բյուզանդիան ձգտել է իր կողմը գրավել հայերին, «դավանական միության» առաջարկով պարտադրել քաղկեդոնականություն: Բյուզանդիայի Կոստանդիանոս III կայսրը և Կ. Պոլսի պատրիարքը նամակ են ուղարկել Հայոց կաթողիկոսին և Թեոդորոս Ռշտունի իշխանին՝ հորդորելով ընդունել քաղկեդոնական դավանանքը և վերջ տալ թշնամանքին: Կաթողիկոսը և իշխանը Դվինի Ե ժողովը հրավիրել են նախ պատրաստելու կայսրին և պատրիարքին ուղարկվելիք պատասխանը, երկրորդ՝ կազմելու դավանական ձեռնարկ փաստական պատճառաբանությամբ, և երրորդ՝ իբրև ուղեցույց հավատի ձեռնարկ սահմանելու հայերի համար, որպեսզի պարզ լինի հայոց դավանությունը և նրա տարբերությունը հունականից: Սեբեոսի «Պատմություն»-ից չի երևում, որ ժողովում կազմած թուղթը ուղարկել են կայսրին: Սակայն ընդարձակորեն բերված է դավանական ձեռնարկը: Նրա ընդհանուր բովանդակությունը հայոց դավանության ամփոփումն է, որտեղ մասնավորապես շեշտվել է Քաղկեդոնի և Հայ եկեղեցու վարդապետությունների տարբերությունը: Հեղինակները հիմնավորել են Հայ եկեղեցու դավանության ուղղափառությունը՝ համաձայն 3 տիեզերաժողովների որոշումների: Վերջում նզովել են բոլոր հերձվածողներին և քաղկեդոնականներին: Ժողովը նզովել է նաև Հովհան Մայրավանեցու աշակերտ Սարգսի հերձվածը (հայտնի է Մայրագոմեցիների աղանդ անունով), բացատրել «Սուրբ Աստված» երգը «խաչեցարով» ասելու դավանական սկզբունքը: Թղթում խոսվում է նաև երկրորդ անգամ ամուսնացողներին եռամյա ապաշխարությունից հետո հաղորդություն ընդունելու, իսկ երրորդ և չորրոդ անգամ ամուսնացողներին՝ եկեղեցու հաղորդությունից զրկելու կանոնների մասին: Ժողովի որոշումները ստորագրել են հոգևորական և աշխարհական բոլոր ժողովականները, կնքել իրենց մատանինենյութերից ընտրությամբ հավաքած և կազմած ժողովածուն, որը հայտնի է «Կանոնագիրք» անունով: Երկրորդ, Դվինում նոր ժողով հրավիրելը արձագանքն էր ժամանակի քրիստոնյա Արևելքում սրված դավանական վեճերի, ինչպես նաև պայմանավորված էր քաղկեդոնականների, նեստորականների, նաև՝ Հայ եկեղեցու ներսում հանդես եկած աղանդների (պավլիկյաններ, մծղնեականներ) դեմ պայքարի անհրաժեշտությամբ:

Դվինի Զ ժողով. ընդունել է նաև 32 հոդվածից կազմված մի կանոնախումբ, որը հայտնի է «Կանոնք տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց կաթողիկոսի» անունով: Այդ կանոններով որոշվել է Հայ եկեղեցու ժամերգության կարգը (նշելով առավոտյան, երեկոյան, գիշերային պաշտամունքները, կիրակնօրյա ժամերգությունները), ի մի են ժողովվել Գրիգոր Ա Լուսավորչի, Սահակ Ա Պարթևի, Հովհաննես Ա Մանդակունու բոլոր կանոնները և կարգերը (կանոն ԻԱԻԵ): Ի կանոնով որոշվել են «Սուրբ Աստված» երգի «խաչեցարի» հավելման, ԻԶ և Լ կանոններով՝ Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը հունվարի 6-ին կատարելու, Ը կանոնով՝ անապակ գինու և անխմոր հացի գործածության վերջնական խնդիրները: ԼԲ կանոնով խստիվ արգելվել է օթևան տալ կամ հաղորդակցվել պավլիկյան աղանդավորների հետ:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am